Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը որոշ տնօրենների «սաբոտաժնիկներ» անվանեց

Օգոստոս 29,2012 17:04

 Հանրակրթության ոլորտի խնդիրների մասին խոսելիս, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե չի պատրաստվում բանաձեւել հաջողության գաղտնիքներ, հավելելով, որ խնդիրները մանկավարժների պարտավորությունների «դաշտում» են եւ ԿԳ նախարարության անմիջական հսկողության ներքո:

Նա մասնավորապես առանձնացրեց կրթական գործընթացի կազմակերպման օրինականությունը. «Կրթության ոլորտը կարգավորող բազմաթիվ իրավական ակտեր գոյություն ունեն, որոնք վերաբերում են՝ ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպմանը, այնպես էլ մանկավարժների, տնօրենների ընտրությանը, ընթացիկ գործավարությանը եւ այլ հարցերի: Հարգելի տնօրեններ, դրանք բյուրոկրատական փաստաթղթեր չեն, ոչ էլ փոշու ու հաշվետվության համար ընդունված հերթական ռազմավարությունները, դրանք նորմեր են, որոնցով ձեզ հետ միասին պետք է կազմակերպենք կրթական գործընթացը»:

Նախարարը «գուժեց», որ ավագ դպրոցները մշտադիտարկման տակ են լինելու եւ խիստ են վարվելու բոլոր այն տնօրենների հետ, որոնց դպրոցներում կհայտնաբերվեն խախտումներ:

Նախարարի ասելով, հաջորդ կարեւոր հարցերից են կրթության որակը եւ կարգապահությունը՝ կրթական համակարգում. «Կան դպրոցներ, որոնց մասին կամ լավն եմ լսում, կամ, համենայնդեպս, վատը չեմ լսում, բայց ե՛ւ մայրաքաղաքում, ե՛ւ մարզերում կան այնպիսիները, որոնց մասին լսել եմ նաեւ վատը: Սեպտեմբերի 1-ից մշտական մոնիտորինգի տակ են գտնվելու նախ եւ առաջ մայրաքաղաքի ավագ դպրոցները: Երեխաների հաճախումների հետ կապված՝ կեղծ տվյալների հայտնաբերման դեպքում տնօրենը շատ արագ ազատվելու է աշխատանքից: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ անցյալ ուսումնական տարեվերջին մեր տեսչությունը մտավ որոշ ավագ դպրոցներ եւ արձանագրեց կոպտագույն խախտումներ: Այդ խախտումները եղել էին տնօրենների կողմից հրահրված կամ առնվազն իրենց գիտությամբ արված: Դրանք վերաբերում էին հատկապես հաճախումներին: Որեւէ կեղծ տվյալ հաճախումների մասին հայտնաբերելու դեպքում ՝ տվյալ տնօրենի հետ նորից աշխատելու ցանկություն չենք ունենալու: 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում կրթության կազմակերպման առանձնահատկությունները պահանջում են լրացուցիչ ջանքեր: Մենք ավելի ազատական էինք, մտածեցինք՝ ամեն ինչ չէ, որ պետք է ճնշումներով կամ վախով արվի: Ցավոք, մեր ազատական մոտեցումները չարդարացվեցին եւ չգնահատվեցին ծնողական ու աշակերտական հանրույթի կողմից: Ոմանք դրանք ընդունեցին կրթական գործընթացին մասնակցելուց խուսափելու հնարավորություն»:

Իսկ ավագ դպրոցների այն տնօրենների մասին, որոնք չեն հավատում իրենց գործի հաջողությանը, Արմեն Աշոտյանը հետեւյալ կերպ արտահայտվեց. «Կոմունիստական ժամանակաշրջանում նմաններին ասում էին սաբոտաժնիկներ, սաբոտաժի դեպքեր չե՛նք ընդունելու: Շատ զգույշ եղեք ծնողների եւ մանկավարժների հետ խոսակցություններում»:

Ինչ վերաբերում է դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, դա միանգամից ու բոլոր դպրոցներում միաժամանակ չի արվի. նախարարը հաշվել է, այդ դեպքում շուրջ 120 մլն դոլարին համարժեք դրամ կպահանջվի, ինչը իրատեսական թիվ չէ: Առայժմ փորձում են Համաշխարհային բանկի հետ համատեղ ինչ-ինչ ծրագրեր կյանքի կոչել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031