Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեհանգիստ Սիրիայում զոհվածների համար

Սեպտեմբեր 03,2012 16:55

Սեպտեմբերի 2-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ս. Պատարագի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների և հավատակիցների համար:

Ս. Պատարագին և հոգեհանգստին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մաամուն Ալ-Հարիրին, սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ և ուխտավորներ:

Մինչ արարողությունը Սիրիայում տիրող կացությանն ու սիրիահայ համայնքին անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` ցավ արտահայտելով Սիրիայում շարունակվող հակամարտության առիթով և հանուն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ցավակցություններ հայտնելով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: «Հայ Առաքելական Եկեղեցին, որ Քրիստոսի խաղաղության Ավետարանի քարոզիչն է, մշտապես երկխոսության և համերաշխության կոչով է հանդես գալիս», – ասաց Սրբազան Հայրը`ընդգծելով Մայր Աթոռի և Դամասկոսի հայոց թեմի կողմից Սիրիայի ժողովրդին աջակցելուն ուղղված քայլերը և ձեռնարկված միջոցառումները:

Հոգեհանգստյան պաշտոնի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Սիրիայում տարբեր կրոնների ու մշակույթների խաղաղ ու համերաշխ գոյակցության հարուստ պատմությանը` գոհունակությամբ հիշատակելով հայ համայնքի նկատմամբ դարերի ընթացքում և մասնավորապես ցեղասպանության օրերին Սիրիայի իշխանությունների և ժողովրդի կողմից դրսևորված եղբայրական հոգատար վերաբերմունքը: Իր մտահոգությունն արտահայտելով Սիրիայում ստեղծված իրավիճակի առիթով` Վեհափառ Հայրապետը կարևորեց Սիրիայում խաղաղության, ներքաղաքական կայունության ու հասարակական համերաշխության շուտափույթ հաստատումը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հույս հայտնեց, որ Բարձրյալի օգնականությամբ Սիրիայի ժողովուրդը կհաղթահարի ներկայիս դժվարությունները և կվերադառնա իր կյանքի բնականոն ընթացքին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   

Տեղեկատվական համակարգ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930