Լրահոս
Օրվա լրահոսը

Սլովակիայի նախկին վարչապետ. Այն հանգամանքը, որ Սաֆարովի էքստրադիցիան համընկել է Ադրբեջանի կողմից Հունգարիայի հաշիվներին զգալի գումարի մուտքագրմանը, վկայում է հունգարական արդարադատության խորը անկման մասին

Սեպտեմբեր 05,2012 10:09

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի նախկին վարչապետ և արդարադատության նախարար Յան Չառնոգուրսկու կողմից:

«Հունգարիան էքստրադիցիայի ենթարկեց Ադրբեջանի քաղաքացի, ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, ով Հունգարիայում ցմահ ազատազրկման պատիժ էր կրում ՆԱՏՕ-ի՝  «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ուսումնառություն անցնելու ժամանակ Հայաստանի քաղաքացի, հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Ադրբեջան վերադառնալուց հետո Ռամիլ Սաֆարովը անմիջապես ազատ էր արձակվել և ողջունվել ինչպես հերոս: ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Հունգարիայից պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ձեռք է բերել մի քանի միլիարդ ամերիկյան դոլար արժողության հունգարական պետական պարտատոմսեր:

Ընդունելով ի գիտություն այն հանգամանքը, որ Ադրբեջանում հենց սկզբից Ռամիլ Սաֆարովին համարում էին հերոս, Հունգարիայի իշխանությունները կարող էին կանխատեսել նրա ազատ արձակումն Ադրբեջան վերադառնալուց հետո: Այն հանգամանքը, որ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան գրեթե համընկել է Ադրբեջանի կողմից Հունգարիայի հաշիվներին զգալի գումարի մուտքագրմանը, վկայում է հունգարական արդարադատության խորը անկման մասին:

Կարծում ենք, որ ԵՄ երկրները կտան իրենց գնահատականը կատարվածի շուրջ և Հունգարիայի կառավարությունը հաշվի կառնի տրված գնահատականները ու կգտնի ուղի վերականգնելու իր կողմից կատարված ահավոր սխալը  և կշտկի իր սասանված հեղինակությունը:

 

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել