Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ընտրողների հոսքը մեծ չէ

Սեպտեմբեր 09,2012 16:01

Այսօր առավոտվանից Կապանում անցկացվող ՏԻՄ ընտրություններն ընթանում են ընտրողների նվազ հոսքով:  Ի տարբերություն ԱԺ ընտրությունների,  որի ժամանակ ընտրողներն իրար հրելով, հերթեր առաջացնելով  շտապում էին քվեարկել, այսօր Կապանի ընտրատեղամասերում մինչեւ կեսօր ո’չ կուտակումներ են եղել, ո’չ էլ ընտրողների մեծ հոսք է գրանցվել:

Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանը Aravot-am-ին փոխանցեց, որ  ժամը 11-ի դրությամբ Կապան քաղաքում 30 հազար 496 ընտրողից ընտրությանը մասնակցել է  4 հազար 187 ընտրող: Հանձնաժողովի նախագահը մեր այն ահազանգին, թե անձնագրերում դրվող դրոշմակնիքները ցնդում են եւ գրեթե անտեսանելի դառնում, պատասխանեց, որ որոշ ընտրատեղամասերից նույնպես ահազանգեր են եղել առավոտյան, բայց   թանաքի հարցը ներկա պահին արդեն  լուծվել է, իսկ այլ ահազանգեր, լուրջ խախտումներ հանձնաժողովը դեռ չի ստացել:

Ժամը 12-ի դրությամբ` Կապանի թիվ 38/11 ընտրատեղամասում 1530 ընտրողից  մոտ 300 մարդ հազիվ է մասնակցել ընտրությանը: Որոշակի կուտակում նկատելի էր Կապանի մշակույթի կենտրոնում տեղակայված թիվ 38/08 ընտրատեղամասի մուտքի մոտ, որտեղ  1402 ընտրողից 280-ն է մասնակցել ընտրությանը: Ընտրողների հոսքի տեղաշարժ որոշ չափով նկատելի է դարձել կեսօրից հետո:

12:30-ի սահմաններում 1312 ընտրող ունեցող թիվ 38/09 ընտրատեղամասում 385-ն արդեն քվեարկել էր: Հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Փարսադանյանի խոսքով` տեղամասում հոսքը միջին է, կա ընտրողների մի զանգված, որը պարտադիր մասնակցում է ընտրություններին: ԱԺ ընտրություններում էլ  շուրջ 1315  ընտրողներից մոտ 800-ը մասնակցել է ընտրությանը, նույն արդյունքն էլ ակնկալվում է այժմ:

Ընտրատեղամասերում որոշ ընտրողներ քվեախցիկից դուրս էին քվեարկում կամ քվեախցիկում ընտրություն կատարելուց հետո թղթերը ծրարների մեջ դնում էին քվեատուփերի մոտ եւ նկատողությունների արժանանում:  Կապանի գրեթե բոլոր  ընտրատեղամասերի առջեւ կարող ես տեսնել ավագանու անդամի թեկնածուների, ովքեր  դիմավորում են իրենց ընտրողներին եւ ուղղորդում դեպի ընտրատեղամաս` հուշելով ընտրացուցակում գրանցված իրենց համարները: Ընտրողների հոսքը հիմնականում պայմանավորված է ավագանու անդամների  թեկնածուների ընտրազանգվածով:

Կապանում ավագանու անդամի  54 թեկնածու  կա, իսկ քաղաքապետի թեկնածու մեկն է մնացել, որի քվեաթերթիկում նշված են կողմ եւ դեմ տարբերակները: Մարզկենտրոնում այսօր շարունակվում է մտահոգիչ մնալ հատկապես քաղաքապետի ընտրության արդյունքները: Իսկ թե միակ թեկնածուի օգտին  դեմ ձայները ավելի շատ կլինե՞ն, թե՞ կողմ քվեները,  պարզ կդառնա միայն ընտրություններից հետո:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930