Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի մարմնավաճառուհիների տրապիզոնյան արկածները

Սեպտեմբեր 27,2012 19:48

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Թուրքիայի Տրապիզոն քաղաքում թրաֆիքինգի զոհ դարձած Հրանուշ Մ.-ի բողոքի հիման վրա գյումրեցի մարմնավաճառուհի Նարինե Մ.-ի և երևանցի առևտրական Սուսսաննա Մ.ի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Այս երկու կանայք մեղադրվում են կավատությամբ զբաղվելու. Հրանուշին մարմնավաճառության մեջ ներքաշելու մեջ:

Նրանցից մեկը` Նարինեն տարիքով երիտասարդ է, ունի անչափահաս երեխաներ, նա աշխատել է Գյումրու բիստրոներից մեկում որպես մատուցողուհի, հավաքարար, աման լվացող, և մարմնավաճառությամբ զբաղվել է ինչպես հայրենի քաղաքում, այնպես էլ Թուրքիայում:

Իսկ Սուսաննան, որը 5 թոռներ ունի՝ վաղուց Երևանից տեղափոխվել, բնակվում ու առևտուր է անում Թուրքիայում: 22 տարի շարունակ աշխատել է Ֆիզիկայի ինստիտուտում, և քանի որ նաև ժամանակին եղել է բուժքույր՝ մարմնավաճառներին հագուստ ապահովելուց բացի, երբեմն նրանց սրսկել է` փրկելով սեռավարակից: Մի խոսքով, այս տիկինը Թուրքիայում հայտնի է դոկտոր մականունով:

Այսօր նախագահող դատավոր Էդուարդ Մանուկյանը լսեց այս երկու տիկիններին, ովքեր մոտ 4 ժամ տևած դատավարության ընթացքում պնդում էին, թե իրենք մեղավոր չեն, այս գործում որևէ զոհ չկա, և որ գյումրեցի Հրանուշը իր կամքով է Նարինեի հետ մեկնել Թուրքիա, որևէ մեկը նրան չի ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ և չի պարտադրել հագուստ գնել առևտրական Սուսաննայից: «Ես Գյումրիում էլ եմ զբաղվել մարմնավաճառությամբ, Թուրքայիում էլ, իմիջիայլոց, ինձ ոչ մեկը չի հարկադրել այս գործով զբաղվել: Երբ Թուրքիայից վերադարձա Գյումրի, ձեռքիս հետ շորեր էի բերել վաճառքի ու սպասում էի՝ փողերը հավաքեմ, նորից գնամ: Ինձ զանգահարեց ծանոթներիցս մեկը ու ասաց, որ ուզում է գալ մեր տուն: Նա իր հետ բերեց Հրանուշին ու խնդրեց նրան ընդառաջեմ, լսեմ, հետս տանեմ Թուրքիա: Հրանուշն այդ ժամանակ 4 ամսական երեխա ուներ, նա ասաց, որ ընկել է պարտքերի մեջ, ուզում է գալ Թուրքիա ու զբաղվել մարմնավաճառությամբ: Նա նույնիսկ առաջարկեց թուղթ գրել, որպեսզի վաղը մյուս օր ինձ ոչ մեկը իր հարցում չմեղադրի: Երբ հարցրեցի, թե այդ դեպքում ի՞նչ պիտի ասես մորդ, չէ՞ որ երեխայիդ նրա մոտ ես թողնելու, նա ասաց, կխաբեմ, որ դայակի գործ եմ գտել: Հաջորդ օրը իր խնդրանքով նույն սուտը ես կրկնեցի իր մոր մոտ, ասի ինչքան գումար է պետք Թուրքիա հասնելու համար, նրանք ճարեցին ու մենք հասանք Տրապիզոն: Ես կապվեցի առևտրական Սուսաննայի հետ, որից միշտ նիսյայով հագուստներ եմ գնել այս գործի համար, պետք է լավ հագնված լինես ու գեղեցիկ տեսք ունենաս, գնացինք նրա տուն, ու Հրանուշը միանգամից 800 դոլարի ապրանք գնեց: Ես ասի Հրանուշ մի գնի, շատ թանկ են այստեղ շորերը, ի՞նչ ձևով պիտի փողերը փակվես, հնար չեղավ: Սուսաննայի մոտից մենք գնացել են աշխատող հյուրանոցներից մեկը, որտեղ 4 օր միասին մնալուց հետո, առանձնացել ենք»,-այսպես ներկայացրեց իր ծանոթությունը Հրանուշի հետ Նարինեն:

Ըստ նրա, հյուրանոցներում մեկ կլիենտին սպասարկելը արժե 50 դոլար, որից 5-10 դոլարը պետք է վճարես հարկի ադմինիստրացիային: Իրենք օրական սպասարկել են 3-5 կլիենտ: Այնուհետ, ըստ Նարինեի, Հրանուշը սկսել է ինտիմ կապեր հաստատել հյուրանոցի տիրոջ հետ, գործեր անել, փող աշխատել, բայց հրաժարվել է առևտրական Սուսաննայի պարտքերը փակելուց. անընդհատ շորեր է գնել նրանից, նույնիսկ տնեցիների համար է ճոխ-ճոխ գնումներ կատարել, սակայն Սուսաննային խաբել է:

Ավելին, ըստ Նարինեի, երբ լրանում էր իր վիզայի ժամկետը, ինքը պարտադիր 27 օրը մեկը վերադառնում էր Գյումրի, հետ նորից մեկնում Թուրքիա, իսկ Հրանուշի գործերն այնքան լավ են եղել, ու մարմնավաճառությունը նրան այնքան է հրապուրել, որ Թուրքիայում մնալու վիզան լրանալուն պես եկել է Բաթումի, հատել սահմանը, սակայն հարկ չի համարել Հայաստան գալ ու նորից վերադառնալ Թուրքիա:

Դատախազի այն հարցին, թե Սուսաննան ստիպո՞ւմ էր իրենց շորեր գնել ու մարմնավաճառություն անելու դիմաց պարտքը փակել, Նարինեն պնդեց, որ նման դեպք չի եղել: Իսկ թե այդ դեպքում ինչո՞ւ էին գնում Սուսաննայի թանկ շորերը` իմանալով, որ շուկայում բավականաչափ էժան են, Նարինեն պատճառաբանեց, որ նիսյայով հարմար էր:

Ի դեպ, 2010 թվականին Նարինեն անձամբ եղել է թրաֆիքինգի զոհ, նա Կարինե Հ.-ի հետ մեկնել է Թուրքիա, Կարինեն վերցրել է նրա ձեռքից անձնագիրը, թանկ շորեր է վաճառել նրան ու ստիպել է փողերը փակվել: Երբ Նարինեն դժգոհել է, որ այդքան փող չի աշխատում, Կարինեն հասկացրել է, որ դա իր պրոբլեմը չէ: Դատախազը, նրան հիշեցնելով թրաֆիքինգի այս գործի մասին, մեկ անգամ ևս հետաքրքրվեց` մի՞թե Սուսաննան նման մեխանիզմ չի կիրառել: Նարինեն պնդում էր, որ երբևէ ստիպողաբար Սուսաննայից շորեր չի գնել, մինչդեռ իր` նախաքննական մարմնին տված ցուցմունքներում նա մեղադրում էր դոկտոր Սուսաննային իրեն կախվածության մեջ պահելու համար: «Զայրացած եմ եղել, նման ցուցմունք եմ գրել, ես գիտեի թե ինձ բանտարկում են Սուսաննայի պատճառով, ու մտածում էի ինքը շորերը ծախի, Հրանուշը իրեն պարտք լինի, ե՞ս գնամ, նստեմ, ես ի՞նչ կապ ունեմ»,- պատճառաբանում էր Նարինեն:

Դոկտոր մակունով տիկինը ևս պնդում էր, որ ինքը մեղավոր չէ, որևէ մեկին իրեն ունեցած պարտքի դիմաց մարմնավաճառության չի մղել, և որ Հրանուշի հետ ծանոթացել է Նարինեի միջոցով:

Սուսաննայի պատմելով, հետագայում Հրանուշը իրենից 5 հազար դոլարի չափով շորեր է տարել ու փողը չի տվել, և երբ գնացել է հյուրանոց պարտքը ուզելու` հյուրանոցի տերն իրեն դուրս է շպրտել` ասելով, «հերիք չէ՞ գաս էստեղ, երբ Հրանուշը փող ունեցավ, ես քեզ կզանգեմ»:

Սուսաննայի ասելով, Հրանուշը ամեն ամիս թանկարժեք շորեր է առել նաև Գյումրու իր հարազատներին, նույնիսկ համակարգիչ ու արբանյակային ալեհավաք է ուղարկել մորը: «Եթե Հրանուշի մայրը, ինչպես բողոքում էր դատարանում, ինտերներտով խոսում էր Թուրքիայում գտնվող իր աղջա հետ ու զգում էր, որ ինչ-որ բան էն չէ, աղջիկը տխուր է, թող բարի լիներ գար, տեսներ ի՞նչ է կատարվում, ինչո՞վ է զբաղվում: Գալը մի օրվա հարց էր: Մի քանի անգամ ես Հրանուշին սպառնացել եմ, ասել եմ` աղջիկ ջան, եթե իմ փողը չտաս, ես կզանգեմ մորդ ու կասեմ ինչով ես զբաղվում: Նա անընդհատ պասիլկա, գումար էր ուղարկում մորը,մոտ 2-3 հազար դոլարի չափով: Ես ի՞նչ վատ բան եմ արել իրեն, եթե իրեն դեպորտ են արել, ապա իր թուրք ընկերոջ պատճառով էր , հո պատճառը չե՞մ, որ էստեղ էլ իմ մեղքն է առել, թե ես եմ իրեն դեպորտ անել տվել, որովհետև ինձ պարտք է: Հո ես քաղաքապետ կամ միլպետ չե՞մ: Հիմա էլ էսպես է վրեժ լուծո՞ւմ: Նա պիտի նստի մեր փոխարեն, ինչո՞ւ չի գալիս դատարան, թող գա ու պատասխան տա, որ անտեղի տեղը 8 ամիս է` իր պատճառով գաղութում ենք»,- վրդովվել էր Սուսաննան: Նրա պնդմամբ, ինքը առևտրով զբաղվել է ոչ միայն հատուկ մարմնավաճառների համար, այլ շորերը վաճառել է նաև շուկայից:

Նարինե պնդմամբ էլ, իր ու Հրանուշի կապը շարունակվել է նաև իր` Թուրքիայից վերադառնալուց հետո: Հրանուշի խնդրանքով ինքը նրա բեռն է բերել Թուրքիայից, նույնիսկ իրար տուն են գնացել ու Նոր Տարի են շնորհավորել, իսկ փետրվար ամսին անակնկալի է եկել, երբ իրեն բերման են ենթարկել Գյումրու ոստիկանություն` Հրանուշի բողոքի հիման վրա:

Քանի որ Հրանուշը դատարանում ցուցմունք չէր տվել, նրա մայրը հայտարարել էր, որ նա քաղաքում չէ, դատարանը որոշեց բերման ենթարկել թրաֆիքինգի զոհին` ճշմարտությունը պարզելու նպատակով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930