Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխները «հակազգային տարրեր չեն»

Սեպտեմբեր 28,2012 13:34

ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական պատգամավորների կարծիքով՝ կառավարությունը ճիշտ է վարվել՝ փոխհատուցելով նրանց կրած վնասները:

«Ես այդպիսի կոշտ ձեւակերպումներ չէի տա: Ամեն դեպքում, ցանկացած ոք ունի սեփականության պաշտպանության իրավունք, եւ այստեղ դասակարգելը, կարծես թե, մի քիչ սխալ կլինի: Այդուհանդերձ, խախտվել է մարդու սեփականության իրավունքը եւ վնաս է հասցվել մարդուն՝ անկախ նրանից, թե ինչպիսի սոցիալական կարգավիճակում է այդ անձը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը՝ արձագանքելով մեր դիտարկմանը, թե իր կարծիքով՝ մեր օլիգարխները ունեի՞ն այդ փոխհատուցման կարիքը նման խղճուկ պետբյուջեի եւ «ատկատների» պարագայում: Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նախօրեին հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում «իբր թալանված, այրված» խանութների եւ մեքենաների սեփականատերերը փոխհատուցում են ստացել ՀՀ կառավարությունից: Տիկին Վարդանյանը ծանոթ չէ կառավարության այդ որոշմանը, հետեւաբար ձեռնպահ մնաց հանգամանալից վերլուծությունից: Սակայն մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից նշեց՝ կա նաեւ քաղաքացիներին հասցված վնաս, եւ բուժօգնության ու նման այլ բաների համար եւս պետք է մարդիկ փոխհատուցվեին. «Այլ հարց է, թե դա ինչպիսի փաստերով պետք է ապացուցվի: Սակայն եթե պետք է լինի փոխհատուցում, ապա այն պետք է լինի բազմաշերտ՝ հաշվի առնելով բոլոր տուժողների իրավունքները»: Մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց «մարտի 1-ի» նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնության վերաբերյալ տեսակետ արտահայտելուց: Ասաց. «Մենք խմբակցությունում դեռեւս չենք քննարկել այդ հարցը, եւ ես նախնական ենթադրություններ անելու կարիք չեմ տեսնում»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանն էլ կառավարության՝ փոխհատուցման մասին որոշումից տեղյակ չէր, բայց կարծում է, որ «դա ցիվիլ երեւույթ է: Երբ երկրում որեւէ բան է տեղի ունենում, սովորական քաղաքացին դրանից չպետք է տուժի: Դա էլ կախված է բյուջեից»: Դիտարկմանը, որ փոխհատուցում են ստացել օլիգարխները, մինչդեռ տարբեր տեսակի վնասվածքներ ստացած եւ բուժհիմնարկներ դիմած քաղաքացիները չեն ստացել, Սահակյանը հակադարձեց. «Եթե նրանք այդ երեւույթից հետո հիվանդանոցներ են ընկել, նրանց բուժումը կատարվել է լրիվ անվճար: Մի խոսքով՝ տա Աստված, որ շատ լավ բյուջե ունենանք, եւ տա Աստված, որ նման երեւույթներ չունենանք: Մանրամասն ոչինչ չեմ կարող ասել: Տեղեկություններ չունեմ այդ մասին»: «Առավոտի» հարցին՝ հայտնի է, որ այդ խանութների տերերը հայտնի օլիգարխներ էին, իրենք ունեի՞ն կառավարության նման քնքշանքի կարիք՝ խղճուկ բյուջեի պայմաններում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունքներով հավասար է: Վերջին հաշվով՝ երբ ասում ենք օլիգարխ, «խ»-ն էլ մի քիչ արձագանքված, թվում է, թե գործ ունենք հակազգային տարրերի հետ, որոնք ոչնչից օգտվելու իրավունք չունեն, պարզապես պետք է աշխատեն՝ տնտեսությունը զարգացնեն, մյուսներն էլ աշխատավարձ, թոշակ ստանան: Դա այդպես չէ: Եթե որոշակի գաղափար կա՝ դա պետք է վերաբերի բոլորին: Պետությունը ցանկացած բիզնեսի գործընկերն է, եւ եթե բիզնեսն է տուժել, պետությունը պետք է աջակցի, որպեսզի բիզնեսը չտուժի»:

Ինչ մնում է հարցի բարոյական կողմին՝ Սահակյանը զերծ է մնում այդ ուղղությունից. «Ցիվիլ աշխարհն ինչպե՞ս է առաջնորդվում: Մարդիկ բոլորը հավասար են: Մեկը կարողանում է բիզնեսով զբաղվել, մյուսը սովորական աշխատող է, եւ սա չի նշանակում, որ ով որ փող ունի՝ նա մեր պետության թշնամին է, նրա փողը կարելի է հենց էնպես քամուն տալ: Իսկ մյուսը, որ չունի՝ եղած փողերը տանք նրան: Դրա համար մեկ մշակույթ գոյություն ունի. եթե մարդը տուժել է, պետությունը պետք է տեր կանգնի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930