Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց հոբելյարի նշեցին ծնունդը

Հոկտեմբեր 03,2012 23:31

Այսօր իր ծննդյան 77-րդ տարեդարձն է նշում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Այդ կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի «Հայ Art» մշակութային կենտրոնը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկայացրեց Ռիտա Շառոյանի «Խոսք ինձ հետ» նախագծի հերթական ֆիլմը: Այն նվիրված էր ժողովրդական արտիստին:

Հեղինակի խոսքով` ֆիլմը երկխոսություն է Ջիգարխանյանի եւ հանդիսատեսի միջեւ: Տվյալ դեպքում հանդիսատեսը Շառոյանն է. «Այդ ֆիլմում Արմեն Ջիգարխանյանը խոսում է մեզանից յուրաքանչյուրի հետ: Իր չընթերցված էջերը, իր լռության ձայները փորձել ենք վեր հանել, քանի որ ֆիլմերում տեսել ենք նրա կերտած դերերը, բայց իր մարդկային ներանձնական խոհերը մեզ համար գաղտնիք են եղել»:
Շառոյանն ասում է, որ Ջիգարխանյանի հետ զրուցելուց հետո փոխվել է իր աշխարհայացքը, շատ բան է սովորել նրանից: Հեղինակը երբեք չի մոռանա այն միտքը, որն ասել է արտիստը. «Ես ամաչկոտ մարդ եմ»:
Դերասան Ռաֆայել Քոթանջյանը ոչ միայն անձամբ է ծանոթ Արմեն Ջիգարխանյանին, այլ նաեւ բախտ է ունեցել նրա հետ ֆիլմերում նկարահանվել: Դերասանի հիշողության մեջ մնացել է մի ֆիլմ, որը նկարահանվել է Ռուսաստանում եւ կոչվում է «Տղամարդկանց բնավորություններ»: Քոթանջյանն այդտեղ խաղացել է շողոքորթի կերպարը. «Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ հանդիպեցի Ջիգարխանյանին: Դա եղավ Հաղպատի շրջանում»:
Տարիներ անց Քոթանջյանը մեկնել է Մոսկվա` բարձրագույն ուսում ստանալու: Ստացվել է այնպես, որ մոսկովյան մի քանի թատրոններում պետք փակվեին սուր ներկայացումները: Դրանց թվում էր նաեւ այն ներկայացումը, որտեղ խաղում էր Արմեն Ջիգարխանյանը. «Իմ համակուրսեցիները ասացին, որ նա եւ դու հայ եք, մի՞թե չես կարողանում մի երկու տոմս վերցնել, որ մենք կարողանանք այդ ներկայացմանը գնանք: Ասացի չգիտեմ: Նրան կգրեմ երկտող, եթե ինքը մեզ տոմսով ապահովեց` կգնանք, եթե ոչ` ոչ: Հիշեցի, որ Հաղպատում` նկարահանման ժամանակ, Ջիգարխանյանը մի քիչ գինովցած ասում էր` հիշիր Ռաֆայել, երկու անգամ երկուսը չորս չի, երկու անգամ երկուսը չգիտեմ ինչ է: Այդ տողերը գրեցի երկտողի մեջ եւ ուղարկեցի: Պատասխանը չուշացավ: Ջիգարխանյանը հարցրել է, թե ով է գրել այս նամակը, ասել են` Ռաֆայել Քոթանջյանը: Հարցրել է` ի՞նչ է պետք նրան, պատասխանել են` տոմս, եւ այդ տոմսերը եղան»:
Լրագրող, կինոգետ Էմանուել Մանուկյանի կարծիքով, Արմեն Ջիգարխանյանին նվիրված այս ֆիլմը ընդգրկում է անընդգրկելին. «Ջիգարխանյանին ճանաչում եմ 1954 թվականից, երբ եղբորս` Գուժ Մանուկյանի հետ սովորում էինք համալսարանում: Նա լավ մարդ է: Իր կինոգործունեությամբ  Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու մեծ հավանականություն ունի: Նրա մասին շատ կարելի է խոսել, բայց բավարարվենք այսքանով: Ցավում եմ, որ նա այս պահին մեզ հետ չէ: Ցավդ տանեմ Արմեն Ջիգարխանյան ջան, ականջդ կանչի»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031