Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղնախարարը «զուբրիտ արած» մտքեր է ասում»

Հոկտեմբեր 09,2012 15:08

Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքի` Ազատանի ավագանու նորընտիր անդամ Գևորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե պաշտպանության նախարարության միջնորդները շարունակո՞ւմ են «ֆռֆռալ» իրենց գյուղում, ու ինչպես միշտ, անասնակերի գնով ու «նիսյայով» կարտոֆիլ ձեռք բերում հայոց բանակի համար:

Նշենք, որ տարիներ շարունակ բանակին կարտոֆիլ մատակարարել են ազատանցիները, սակայն միջնորդները գնում էին գյուղի ամենաէժան կարտոֆիլը`30 դրամով, ու խաբելով գյուղացիներին` տարիներ շարունակ «չլչլում», նրանց փողը չէին վճարում:

Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը միակ համարձակ պաշտոնյան էր, որը 3 տարի առաջ մարզխորհրդի նիստի ժամանակ բարձրացրեց այսպես ասած «ատկատների» հարցը: Նա փոխվարչապետ Արմեն Գևորգյանին առաջարկեց ուշադիր լինել բանակի համար կատարվող գնումներին ու վերացնել միջնորդների միջոցով ապրանք ձեռք բերելու կարգը, քանի որ վերջիններս ոչ միայն խաբում են գյուղացիներին, այլ պաշտպանության նախարարությանը, յուրացնում են ՊՆ փողերը, ու արդյունքում «նիսյայով» ձեռք բերում ամենավատ որակի ապրանքը:

«Պաշտպանության նախարարության մարդկանցից դեռ ոչ մեկը մեր գյուղ ոտք չի դրել, չեն եկել ու չեն հետաքրքրվել: Թեև մտածում եմ, որ ոչ թե ամոթից դրդված ռիսկ չեն անում գալ, այլ երևի կարտոֆիլի գինը նրանց ձեռք չի տալիս: Մենք այս տարի ստիպված ենք ինքնարժեքից էլ ցածր վաճառել մեր ապրանքը, սուպերմարկետային որակի հասցրած կարտոֆիլի մեկ կիլոգրամը տալիս ենք 80-90 դրամ, և՛ բերքն է քիչ, և՛ գներն են ցածր: Տնտեսագիտության կանոնը հուշում է, որ ապրանքի քիչ լինելու դեպքում պետք է գնաճ լինի, բայց մեզ մոտ փաստորեն նման բան չկա: Գյուղացիները խուճապի մեջ են, ծախսը դուրս չի գալիս, վարկերի տակ ճճռում են, չգիտեն ո՞նց պիտի փակեն իրենց ծախսերը, երաշտն էլ մյուս կողմից է խեղդում, ու բացարձակ ոչ մի հետաքրքրվող չկա: Մեր պատգամավոր Բալասանյանն էլ մի վռազ քաղաքապետ դարձավ, չգիտես ո՞ւմ մոտենաս ու խնդրես, թե հարցը Ազգային ժողովում բարձրացրու: Եթե ես հողը պետք է մշակեմ համաշխարհային գներով, դիզվառելիքը եվրոպական գներով ենք ձեռք բերում ու մնացած ամեն ինչը , բայց մի 6-7 անգամ ցածր եկամուտ պետք է ստանամ, օգուտս էշություն անե՞լն է: Ոչ մի տնտեսագետ հաշվարկ չի արել, թե ինչո՞վ զարգանա էս մարդը, երբ ինքնարժեքից ցածր է վաճառում բերքը, հաջորդ տարի ինչո՞վ ցանենք, երբ խնայողություն չունենք, փոխարենը շալակել ենք բանկի տոկոսները: Առնվազն մեկ կիլոգրամը 110-120 դրամով պետք է վաճառենք, որ կարողանանք գոնե չտուժվել, բայց գյուղից գալիս ու տանում են 80 դրամով: Եթե էսպես շարունակվի, շատերը կարտագաղթեն, ցավն էն է, որ մեծ գյուղերից արտագաղթում է աշխատուժը, մարդիկ իրենց 10-11 տարեկան էրեխեքին առած գնում են, իսկ նրանք պոտենցիալ աշխատուժ են: Գյուղում էդպիսի մարդ չկա, որ գոհ լինի, բայց ոչ մեկի պետքը չէ, բացարձակ ոչ մեկը չի գալիս ու չի հետաքքրվում, վերջը մեկը մեզ տեր պիտի լինի՞», -դժգոհեց ավագանու անդամը:

Մեր հիշեցմանը, թե գյուխնախարար Սերգո Կարապետյանը մի քանի օր առաջ ձեր գյուղում էր, ինչո՞ւ ձեր բողոքները նրան չներկայացրեցիք, ավագանու անդամն ասաց. «Գյուղացիները մոտեցել են, նախարարը թողել, փախել է: Ես ինքս մի անգամ նրա հետ գյուղատնտեսական թեմայով խոսեցի, փորձեցի մեր խնդիրները բացատրել, բայց ասեմ, որ շատ հիասթափվեցի, էդ մարդը լսելու փոխարեն անընդհատ «զուբրիտ արած» մտքեր է կրկնում, սցենարով ինչ գրում են , գալիս ու էդ է խոսում», – նեղսրտեց Գևորգ Աբրահամյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031