Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խաչիկյանի փաստաբանը վիճարկում է ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը

Հոկտեմբեր 09,2012 17:12

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Նա պնդում է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Աիդա Հովհաննիսյանի, կայացրել է ակնհայտ ապօրինի որոշում` մերժելով իր բողոքն ու անփոփոխ թողնելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը:

Փաստաբանի խոսքերով`Կարեն Խաչիկյանը կալանավորվել էր այն բանից հետո, երբ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանն ու Էդգար Հախվերդյանը ջարդել էին նրա  եղբոր` քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի  ծառայողական մեքենան, ապա մտնելով  տուն` դիտավորությամբ վնասել տան գույքը: Ի պատասխան կատարվածի` Կարեն Խաչիկյանն էլ իր հերթին դիտավորությամբ վնասել էր  Արսեն Չիթչյանի բնակարանի գույքը:

«Դատարանի որոշումը օրինական չէ, չի բխում օրենսդրության պահանջներից, քանի որ կալանավորումը ամենախիստ խափանման միջոցն է, իսկ խաչիկյանի կատարած արարքը հանրային մասնավոր գանգատի գործ է, դա հանրային չէ ու նույնիսկ կողմերի հաշտության դեպքում կարճման ենթակա է: Ոչ մեծ ծանրության հանցագործություն է: Նման պայմաններում նման հանցագործության համար ընտրել ամենախիստ խափանման միջոցը ես  անհեթեթ եմ համարում»:

Դատարանը, անդրադառնալով հիմնավոր կասկածի լինելիությանը`կայացրած որոշման պատճառաբանական մասում նշում է, որ Խաչիկյանը ազատ արձակման դեպքում կարող է խոչընդոտել նախաքննական մարմնին, քանի որ ամբողջությամբ չի ընդունել մեղքը:

Հակառակ դատարանի պատճառաբանությանը`Ժորա Վարոսյանը ասում է, որ  իր պաշտպանյալը ընդունել է իրեն վերագրվող մեղքը` գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, ավելին, հերքվել է նաեւ մինչ այս շահարկվող ռետինե մահակներով Չիթյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու  հանգամանքը:

«Դատաբժշկական եզրակացության համաձայն` Արսեն Չիթչյանի ընտանիքի անդամների` դեպքի օրը ստացած մարմնական վնասվածքները առողջությանը թեթեւ վնասվածքի հատկանիշներ չեն պարունակում, իսկ Արսեն Չիթչյանի հոր փորձաքննության արդյունքից պարզվում է, որ  նրա մարմնի վրա ընդանրապես որեւէ քերծվածք, վնասվածք չի հայտնաբերվել»,- մեզ հետ զրույցում նշում է փաստաբանը:

Ըստ նրա` նման որոշում կայացնելիս դատարանը հաշվի չի առել նաեւ Խաչիկյանի անձի հավաստի լինելը, մեղքը ընդունելը, մշտական բնակության վայր ունենալը, դրական բնութագիրներն ու այլ հանգամանքներ:

Նման որոշում կայացնելիս ՀՀ Վերաքննիչ դատարանը պատճառաբանական մասում անդրադարձել է նաեւ վերոնշյալ  հանցագործության ծանրության աստիճանին:

Սակայն, ինչպես նշում է փաստաբանը, այս դեպքում էլ դատարանը օրենքի խախտում է թույլ տվել, քանի որ համաձայն քրեական օրենսգքի` Խաչիկյանին վերագրված հանցանքը դասվում է ոչ մեծ ծանրություն ունեցող հանցագործությունների շարքը:

«Նման աբսուրդ իրավիճակում մնում է միայն   միջնորդություն գրել  կամ դիմել Ազգային ժողովին, որպեսզի մնացած խափանման միջոցները վերացնեն, թողնեն միմիայն կալանքը: Այդ դեպքում մենք էլ խիղճներս հանգիստ կիմանանք, որ եթե մարդուն կասկածում են  որեւէ արարքի մեջ, ուրեմն միանշանակ պիտի կալանք կիրառվի: Ես խղճում եմ մեր օրենսդրությունը կիրառողներին, որ նման ձեւով են կիրառում օրենքի պահանջները»,-եզրափակում է Ժորա Վարոսյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031