Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկվածների խցերում տեղադրված էին հեռուստացույցներ, DVD-ներ, էլեկտրական թեյնիկներ

Հոկտեմբեր 17,2012 15:55 Share

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ՝ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամները եւ հանձնաժողովների նախագահները այցելում են ազատազրկման վայրեր: Այցելության նպատակը ազատազրկման վայրերում մարդկանց ապրելու պայմաններին ծանոթանալն է, տեղում տեսնել, եւ լսել, թե ինչ խնդիրներ ունեն ազատազրկվածները:Երկու հանձնաժողովները նոյեմբերի 20-ին պատրաստվում են անցկացնել համատեղ լսումներ, որի թեման լինելու է, թե ազատազրկման վայրերում կալանավորների պայմանները որքանով են համապատասխանում Եվրոպական Միության ստանդարտներին:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բավականին բաց հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալ իրենց հուզող շատ խնդիրների, զրուցեցին ազատազրկվածների հետ, ականջալուր եղան նրանց խնդիրներին, որոնց մասին պատրաստվում է ելույթ ունենալ լսումների ժամանակ: Մեր զրուցակիցը համոզած է, որ այստեղ կա խնդիր, եւ ՀՀ ՄԻՊ տարեկան զեկույցներում այդ խնդիրը բարձրացվում է. «Մենք տեսանք, թե ինչպես 12 հոգու համար նախատեսված խցերում բնակվում է 24 մարդ եւ քնում են նրանք հերթով, խիստ ծանր պայմաններում: Հուսով եմ, լսումներն արդյունավետ կլինեն եւ մենք հնարավորություն կունենանք ինչ-որ չափով օգտակար լինել առկա խնդիրների լուծման ճանապարհին»:

Տիկին Եսայանը նաեւ հավելեց, որ ազատազրկման վայրերի խնդիրների մասին եւ խորհրդարանում, եւ տարբեր քննարկումների ժամանակ մշտապես խոսել է արդարադատության նախարարը. «Խնդիրները բոլորին հայտնի են եւ հենց դրանց լուծման նպատակով նախապատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի ընդունման դեպքում փոփոխություններն ավելի արդյունավետ կլինեն: Ազատազրկման վայրերի գերծանրաբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով կառուցվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը՝ Եվրոպական չափանիշներին համապատասխան: Եկող տարեվերջին այն պատրաստ կլինի եւ կնպաստի գերծանրաբեռնվածության թեթեւացմանը»:

Մարգարիտ Եսայանը նաեւ հավելեց, որ ցմահ ազատազրկվածների խցերում տեղադրված էին հեռուստացույցներ, DVD-ներ, էլեկտրական թեյնիկներ եւ ապրելու համար անհրաժեշտ այլ պարագաներ: «Պարզապես, կային չափազանց մաքուր եւ չափազանց փնթի խցեր: Ճիշտ այնպես, ինչպես ազատության մեջ՝ փնթիներն ապրում էին փնթի խցերում, մաքուրները՝ մաքուր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031