Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում կարծես թե գործիչների միջև է մրցություն սկսվել, թե ով ավելի կսրբացնի, կմաքրագործի ԲՀԿ-ին

Նոյեմբեր 06,2012 10:24

Հայաստանում իսկապես յուրահատուկ քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Յուրահատկությունն այն է, որ Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կարծես թե մրցության մեջ են մտել, թե ով ավելի կապականի քաղաքականություն հասկացությունը, ով ավելի կբարոյազրկի քաղաքականություն կոչված երևույթը, քաղաքականություն զբաղմունքը: Եվ էլ ավելի յուրահատուկ է այն, որ այս հարցում ընդդիմությունը ոչ միայն հետ չի մնում իշխանություններից, այլև նույնիսկ ինչ-որ առումով սկսել է գերազանցել իշխանությանը:

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության կոնտեքստում Հայ ազգային կոնգրեսի որոշ քաղգործիչների հայտարարությունները ուղղակի այս ամենի ապացույցն են: Ընդ որում, ՀԱԿ-ում էլ կարծես թե գործիչների միջև է մրցություն սկսվել, թե ով ավելի կսրբացնի, կմաքրագործի ԲՀԿ-ին: Սա իսկապես աննախադեպ վիճակ է Հայաստանի համար, որը վկայում է Հայաստանի քաղաքական համակարգի անհուսալի և անշրջելի դեգրադացման մասին:

Երբ իշխանությունն ու ընդդիմությունը սկսում են մրցել քաղաքականության բարոյազրկման և արժեզրկման հարցում, և երբ այդ մրցության մեջ ընդդիմությունը սկսում է ոչնչով հետ չմնալ իշխանություններից, սա արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանում վաղուց անցել ենք հետդարձի կետը, և, ըստ էության, սրանից հետո քաղաքական ուժերից կարելի է այլևս ամեն ինչ սպասել՝ սակայն ամեն ինչի տակ հասկանալով, իհարկե, անբարոյականության նորանոր դրսևորումները:

2008 թվականի Մարտի 1-ից անցել է ընդամենը չորս տարի, իշխանությունները չեն բացահայտել ոչ մի մարդասպանի, իսկ փոխարենը, ընդդիմությունը արդեն իսկ առնվազն 90 տոկոսով արդարացրել է այդ մարդասպանության, ոճրագործության պատասխանատու ուժերից մեկին, ընդ որում՝ ամենևին ոչ երկրորդական ուժին: Կանցնի էլի չորս տարի, և կարդարացվի ևս մեկ պատասխանատու: Եվս մի քանի տարի, և մեկ էլ կպարզվի, որ Մարտի 1-ի համար ոչ մի մեղավոր չկա, և եթե այսօր իշխանություններն են Մարտի 1-ի էջը փակել, վաղը այդ էջը փակված կհամարի ընդդիմությունը:

Դրական իմաստով այլևս ոչինչ հնարավոր չէ սպասել առկա իրավիճակում` հետդարձի կետն անցնելիս, որովհետև ընդդիմություն կոչվածը, իշխանության հետ միասին, Հայաստանում պարզապես հասարակական մսաղաց է պատրաստել և անխնա կերպով աղում է ցանկացած արժեք, որ կարող է դուրս լինել քաղաքական համակարգ կոչվող հանցավոր պայմանավորվածությունների ու քաղաքական տոնավաճառի այդ շուկայից և հանդիսանալ ինքնուրույն քաղաքացիական սուբյեկտության քիչ թե շատ հուսալի հիմք:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930