Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի կալանավորը բարձրաձայնում է իր խախտված իրավունքների մասին

Նոյեմբեր 13,2012 16:56

Ավազակության մեջ մեղադրվող «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Վլադիմիր Գրիգորյանը կալանավայրից դիմում է ուղղել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությանը`հայցելով կազմակերպության աջակցությունը`իր խախտված իրավունքների ոտնահարումները կանխելու եւ դրանք վերականգնելու հարցում:

Վանաձորցի կալանավորը բարձրաձայնում է, որ թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում խախտվել են իր իրավունքները, դատարանն էլ հերթով մերժել է իր բոլոր միջնորդությունները` այդկերպ իրեն զրկելով ունեցած սահմանադրական ու օրենսդրական իրավունքներից:

«Ինձ մեղսագրվող արարքում ես անմեղ եմ, ինձ զրպարտում են մի արարքում, որը իրականությանը չի համապատասխանում: Դատարանը մերժել է իմ կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները`մինչեւ վերջ չլսելով անգամ իմ պատճառաբանությունները, ավելին՝ իմ միջնորդությունների մերժումները կազմվում են արձանագրային տեսքով: Բացի այդ` երբ ես միջնորդեցի իմ նկատմամբ քննվող գործի վարույթը կարճել, քանի որ նույնիսկ օբյեկտիվորեն բացակայում է ինձ մեղսագրվող արարքի հանցակազմի հատկանիշների լրիվությունը, դա եւս մերժվեց ու թույլ չտրվեց ինձ անգամ բողոքարկել դատարանի մերժման որոշումը, ինչը իմ դատավարական իրավունքների կոպիտ խախտում է»,-նշված է դիմումի մեջ:

Վլադիմիր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, այս տարվա մայիսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում գտնվող «Քենդի-Շոպ» խանութի մոտից, ձեռքից քաշելով, ստիպողաբար անչափահաս Հովհաննես Աշուղաթոյանին տարել է այլ վայր, որտեղ վերջինիս գույքը հափշտակելու նպատակով, թողնելով ձեռքը, հարձակում է գործել նրա վրա, դանակի ցուցադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից գումար է պահանջել։ Հ. Աշուղաթոյանը, օգտվելով իր ձեռքը բաց թողնելու հանգամանքից, դիմել է փախուստի, որի պատճառով Վ. Գրիգորյանը չի կարողացել տիրանալ գումարին։

Վլադիմիր Գրգորյանը, սական, պնդում է, որ ինքը ուրիշի գույքը հափշտակելու նպատակ չի ունեցել, նման քայլ չի արել, հետեւաբար չկա այդ նպատակով հարձակում:

Իսկ նրա մայրը` Նելլի Գրիգորյանը, ով դեպքի ժամին տղայի կողքին է եղել, Aravot.am –ի հետ զրույցում նշում է, որ իր որդին որեւէ մեկին չի քաշքշել, թեւանցուկ չի արել, ձեռքը դանակ չի եղել, չի սպառնացել, ավելին, այդ վայրից այլ վայր չեն տեղափոխվել, ընդամենը տուն գնալու ճանապարհին հանդիպել են տուժողին ու զրուցել նրա հետ:

«Տղաս հարցրեց նրա ինքնազգացողության մասին, հարցրեց, թե ինչով կարող է նրան օգնել, Հովհաննեսը ասաց` լավ ա, ապա դիմելով իմ տղային` թե բա դու ինչով կարաս ինձ օգնես, տղաս կատակով ասաց` թե կարաս մի 200 դրամ տաս, հեռախոսս լիցքավորեմ: Ի պատասխան` Հովհաննեսը ասաց, թե փող չունի: Ու շրջվեց , որ էդ պահին գնա, տղաս էլ, կատակով, ասաց` դե լավ, փող չունես, ձեռքիդ ցելոֆանը տուր, էդ տղան էլ ասաց` չեմ կարող ու վազելով գնաց, փախավ: Որ տեսա Հովհաննեսը փախավ, գոռացի, ասեցի` ոչ մի բան չի ուզում, հանգիստ գնա, կատակ էր անում, չլսեց, այդպես հեռացավ»,-պատմում է մայրը:

Դատաքննությունը շարունակվում է: Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930