Դեռևս 2024 թ. հուլիսի 18-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճռով Ա․ Ս․-ի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում։ Այդ որոշման հիման վրա վերջինս 2024 թ. ապրիլի 29-ից բուժում է ստացել ՀՀ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի հիվանդանոցային բաժանմունքում։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, ՀՀ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ առաջարկելով հիվանդանոցային հարկադիր բուժումը փոխարինել արտահիվանդանոցային պայմաններով՝ հիմքում դնելով Ա․ Ս․-ի մոտ ախտորոշված խնդրի՝ ստացած բուժման արդյունքում գրանցված դրական դինամիկան։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը։
Երկրորդ միջնորդությունը դիսպանսերը դատարան է ներկայացրել 2026 թ. փետրվարի 10-ին՝ հիմնավորելով եզրակացությունն այն հանգամանքով, որ Ա․ Ս․-ն իր առողջական վիճակով որևէ վտանգ չի ներկայացնում ո՛չ իր, ո՛չ էլ շրջապատի համար, իսկ ի հայտ եկած սրտային խնդիրների պատճառով նրան անհրաժեշտ է բուժումը շարունակել արտահիվանդանոցային պայմաններով՝ ըստ բնակության վայրի։ Չնայած հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությանը՝ 2026 թվականի մարտի 9-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մերժել է միջնորդությունը։
Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման պահից Ա․ Ս․-ի իրավունքների պաշտպանությանն է միացել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։
Վճռաբեկ բողոքում փաստաբանն ընդգծել է, որ դատարանները պատշաճ գնահատական չեն տվել հոգեբուժական կազմակերպության հանձնաժողովի եզրակացությանը։
Կարդացեք նաև
Գործի քննությունը նշանակվել է գրավոր ընթացակարգով։
«Առավոտ» օրաթերթ
21.07.2026


















































