Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայանցն առաջին հայն էր «Արենա դի Վերոնայում»

Դեկտեմբեր 12,2012 14:20

Օպերային բարիտոնը տպավորված է վերադարձել Իտալիայից

Դավիթ Բաբայանցն ու Ֆրանս Դարիզը:

Իտալիայի պատմական «Արենա դի Վերոնա» ամֆիթատրոնը, որտեղ դեռեւս Վերածննդի ժամանակաշրջանից է սկսվել թատերական ներկայացումների ցուցադրությունը, ցանկալի, երբեմն անհասանելի է բոլոր ժամանակների օպերային երգիչների, նույնիսկ ճանաչվածների համար:

Վերդիի «Աիդա» օպերային ներկայացման մեջ Ամոնասրոյի դերերգով հանդես գալու համար դի Վերոնայի Օպերայի եւ պոեզիայի ինստիտուտի ղեկավար, իտալացի հանրահայտ ռեժիսոր Ջանֆրանկո դե Բոսիոյի հրավերով մեկնել էր Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, 2011թ. Իտալիայում «Վերդյան ձայն» մրցույթում լավագույն բարիտոն ճանաչված Դավիթ Բաբայանցը: Նա առաջինն է հայ երգիչներից, ում բախտ է վիճակված հանդես գալու «Արենա դի Վերոնայում»:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Դավիթ Բաբայանցը հայտնեց, որ ինքը դեռեւս անցյալ տարի դի Վերոնայի ինստիտուտի կողմից «Աիդայում» գլխավոր դերերգերի համար հայտարարված մրցույթում արժանացել էր դի Վերոնայի ինստիտուտի ղեկավար, հանրահայտ ռեժիսոր Ջանֆրանկո դե Բոսիոյի բարձր գնահատականին: Հավելեց նաեւ, որ ներկայացման բեմադրիչ, արգենտինացի Հուգո դե Անանը ինչ-ինչ պատճառներով չէր ժամանել Իտալիա, հետեւաբար «Աիդան» ներկայացվել է համերգային կատարմամբ՝ տեղի նվագախմբի, երգչախմբի մասնակցությամբ ու ղեկավարությամբ հայտնի դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի:

Մեր զրուցակիցը նշեց, որ եղանակային պայմաններից ելնելով, օպերան ներկայացվել է ոչ թե «Արենա դի Վերոնայում», այլ վերջինիս դահլիճ հանդիսացող Teatro Filarmonico-ում: Բարիտոնը հայտնեց, որ այս բեմելով «Արենա դի Վերոնան» եզրափակել է 2012 թվականը եւ ինքը բախտ է ունեցել հրավիրյալ այլ օպերային երգիչների թվում հանդես գալու Ֆրանս Դարիզի (Աիդա) ընկերակցությամբ:

Աշխարհում օպերային արվեստի ոլորտում 1866-ից լույս տեսնող «L՝Arena» պարբերականի երաժշտական քննադատ Ջաննի Վիլանին ներկայացումից հետո գրել է. «Տղամարդ դերակատարներից առանձնակի հետաքրքրություն առաջացրեց հայազգի Դավիթ Բաբայանցը: Ես շատ հազվադեպ եմ լսել Ամոնասրոյի դերերգի այսչափ փափկությամբ կատարում եւ ստեղծագործության արտահայտչամիջոցների նկատմամբ նման բծախնդիր հարգանք: Բարիտոնի երգեցողության նման բարձր կուլտուրան, ձայնի հզորության հետ մեկտեղ, Աիդայի (սոպրանո Ֆրանս Դարիզ) հետ զուգերգում ստեղծեց համոզիչ ու վառ կերպար»:

Հայտնի թատրոններում հանդիսատեսի կարգավիճակում հայտնված ագենտները ներկայացումից հետո սովորաբար համագործակցության առաջարկներ են անում իրենց վրա տպավորություն գործած երգիչներին, ինչից եւ անմասն չի մնացել Դավիթ Բաբայանցը, եւ նրա հավաստմամբ՝ համագործակցության հրավեր է ստացել դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ագենտի կողմից:

Մեզ հետ զրույցում օպերային երգիչը իր գոհունակությունը հայտնեց Ազգային օպերային թատրոնի բեմը ժամանակակից տեխնիկայով վերազինելու առիթով, նշելով, թե Իտալիայում է զգացել, թե արտիստի համար ի՜նչ դեր է խաղում ժամանակակից լուսային ու ձայնային տեխնիկան: Դավիթ Բաբայանցը հուսով է, որ մեր թատրոնի վերաբացումից հետո տեղացի եւ հրավիրյալ ռեժիսորները, որոնց համար մեծ նշանակություն ունեն նաեւ տեխնիկական հնարավորությունները, սիրով կաշխատեն, իր խաղացանկն էլ (Վերդի՝ «Աիդա», «Տրուբադուր», Ռախմանինով՝ «Ալեկո», Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ») կհամալրվի դասական եւ հայ օպերային գրականության նոր դերերգերով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31