Հատված ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, իրավագիտության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի «Լրագրին» տված հարցազրույցից:
– Դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության օրն էր, եւ այդ կապակցությամբ անցկացված երթին մասնակցում էիք նաեւ դուք: Ձեր կարծիքով, այսօր որքանով են պաշտպանված մարդու իրավունքները:
– Եթե համեմատենք 2012 թ. 2008 թ. հետ, որեւէ էական տարբերություն կամ տեղաշարժ արձանագրված չէ: Կարելի է ասել, որ մարդու իրավունքների հրապարակային, ցուցադրական խախտումների ծավալները միգուցե նվազել են, բայց բովանդակային առումով իրավիճակը մնացել է նույնը: ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ ոչ իրավապահ մարմինների ապօրինի գործողություններից ոչ էլ պետական այլ մարմինների կամայական միջամտություններից: Այս գնահատականը բազմիցս բարձրաձայնել է գործող նախագահը. որ իրական հանցագործները չեն պատժվում, որ հաճախ տուժողներն ու վկաներն են դառնում մեղադրյալ և այլն:
– Տարօրինակ չէ, որ նախկին դատախազն այսօր մասնակցում էր մարդու իրավունքների պաշտպանության երթին, այն էլ՝ առաջին շարքերում:
Կարդացեք նաև
– Մարդիկ, ովքեր կարծում են, թե դատախազը չի զբաղվում մարդու իրավունքների պաշտպանությամբ, թյուրիմացության մեջ են: Եթե մի կողմ թողնենք պետական շահերի պաշտպանությունը, ապա դատախազի ու դատախազության գործունեության ողջ նպատակը մարդու իրավունքների պաշտպանություն է: Դատախազը հսկողություն է իրականացնում հետաքննության ու նախաքննության մարմինների գործունեության օրինականության նկատմամբ: Այդ ընթացքում սահմանափակվում են դատավարության մասնակիցների մի մասի իրավունքներն ու ազատությունները: Ուստի այդ մարմինների գործողությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր ոլորտ է:
– Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերջերս ձեզ մեղադրեց Մատաղիսի գործով մարդու իրավունքները ոտնահարելու մեջ: Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ Մատաղիսի գործով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել:
– Մատաղիսի գործով ինձանից հետո պաշտոնավարել է երկու ՀՀ զինդատախազ: Զինդատախազներից առաջինը նույն մեղադրյալների նկատմամբ, նույն հոդվածներով հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան: Երկրորդ զինդատախազի օրոք այդ մեղադրանքը պաշտպանվում է դատարանում: Եթե Ջհանգիրյանը Մատաղիսի գործով որեւէ ապօրինություն թույլ տված լիներ, անմեղ մարդ կալանավորած լիներ, ապա Ջհանգիրյանին 2008 թ. կմեղադրեին արդարադատության դեմ գործած հանցանքի համար, ոչ թե ոստիկանի գրպանը իբր պատռելու:
Արման ԳԱԼՈՅԱՆ