Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտնի շրջանակները» փորձում են վարկաբեկե՞լ Հրանտ Բագրատյանին

Հունվար 10,2013 13:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, բայց նոր ընդդիմության ձեւավորման հայտ է լինելու:

«Ընդդիմության մարտավարությունը չափազանց սխալ է ընտրված»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այն իրողությանը, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվեցին առաջիկա նախագահական ընտրություններում որեւէ կերպ մասնակցությունից, ասաց քաղաքագետ, ՀԱԿ նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը: Սուրենյանցը չի կիսում ընդդիմադիր գործիչների այն պնդումները, որ ընդդիմության՝ ընտրություններին մասնակցության պարագայում իշխանությանը լեգիտիմացնելու խնդիր կարող է առաջանալ: Նա նաեւ մի քիչ ծիծաղելի է համարում տարածված այն խոսակցությունները, որ ընդդիմադիր որեւիցե թեկնածուի՝ ՀԱԿ-ից կամ որեւէ այլ ուժից, իշխանությունները թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին: Նկատենք, որ նման կարծիք տարածվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուց հետո, քանի որ այդ որոշումը բարձրաձայնվեց Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից մի քանի օր անց: «Նման իրավիճակ երկրում չկա: Ավելի շուտ՝ այդ ուժերն իրենց սխալ մարտավարությունը քողարկելու համար սկսեցին փնթփնթալ, մեղավորներ փնտրել իրենցից դուրս: Մինչդեռ բոլորի համար էլ ակնհայտ է, որ, օրինակ, գլխավոր ընդդիմադիր ուժը՝ ՀԱԿ-ը, ֆիասկո ապրեց՝ 1-1,5 տարի իր կողմից որդեգրած սխալ մարտավարության պատճառով»,- ասաց Սուրենյանցը:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում Սուրենյանցն իր քվեն տալու է Հրանտ Բագրատյանին. «Հրանտ Բագրատյանի մասնակցությունն այս ընտրություններին շատ կարեւոր եմ համարում՝ այն համատեքստում, որ նա կարողանա ընտրարշավը որպես առիթ օգտագործել՝ աջ ուժերի լուրջ ֆորմատ ձեւավորելու համար: Եթե այդ խնդիրը կարողանա լուծել պարոն Բագրատյանը, ապա ընտրություններից հետո մենք կունենանք շատ լուրջ ազատական դաշտ, որը շատ մեծ հավակնություններ կարող է ցուցաբերել 2017-18 թվականների ընտրություններում»: Ինչ մնում է մյուս հիմնական թեկնածուին՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տեղին ու դերին այս ընտրություններում, մեր զրուցակիցը նկատում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես ազատական հայացքների կրող է, բայց նրա մոտ շատ ավելի հաճախ ազգայնական շեշտադրում է եղել, մեծ ուշադրություն է դարձվում ազգային հարցերի վրա: Մանավանդ այն պարագայում, որ ՀՅԴ-ն սեփական թեկնածու չունի, կարծում եմ՝ այս ընտրարշավում պարոն Հովհաննիսյանը հիմնականում փորձելու է այն էլեկտորատի վրա աշխատել, որն ավանդաբար քվեարկում է ՀՅԴ-ի թեկնածուի օգտին: Դրա համար, այս առումով, որոշակի սահմանազատում կա: Եթե Հրանտ Բագրատյանը շեշտված ազատական էլեկտորատ է ունենալու, Րաֆֆի Հովհաննիսյանն այս պարագայում աշխատելու է ավելի շատ այն ընտրողների վրա, որոնք ազգային հարցերին մեծ կարեւորություն են տալիս»:

Քաղաքագետը որոշակիորեն կիսում է ՀՀԿ-ականների այն համոզմունքը, թե նախագահական ընտրություններում հավակնություններ ունեցող մարդիկ պայքարելու են երկրորդ տեղի համար: Մեր զրուցակիցը համամիտ է ՀՀԿ-ականների այն համոզման հետ, որ Սերժ Սարգսյանը միանշանակ հաղթելու է: Ըստ նրա՝ այս ընտրությունների գլխավոր ինտրիգը լինելու էր առավել մեծ ռեսուրսներ ունեցող խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, ինչը չեղավ, հետեւաբար՝ «նախագահական ընտրությունները զրկվեցին լուրջ մրցակցային էլեմենտից, ու այս առումով, իսկապես, որեւէ մեկը չի կասկածում, որ առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանը հաղթանակ է տանելու»: Բայց Սուրենյանցը մի շատ լուրջ վերապահում ունի. «Սերժ Սարգսյանը հաղթելու է ոչ թե այն պատճառով, որ մենք փայլուն իշխանություն ունենք, կամ երկիրը շատ լավ վիճակում է, այլ որովհետեւ քաղաքական տոտալ ճգնաժամի պայմաններում առաջիկա ընտրությունները մրցակցային չեն լինելու»: Վերլուծելով ՀՀ նորագույն պատմության 20-ամյա շրջանի նախագահական ընտրությունները՝ Սուրենյանցն ասում է. «1991-ի ընտրությունները անկախության հանրաքվեի պես մի բան էին, ժողովրդի շրջանում շատ մեծ էր Շարժման ազդեցությունը, եւ հասարակությունը ձայն տվեց շարժման գաղափարներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմքով: Մնացած բոլոր ընտրությունները՝ 1996-ի, 2003-ի, 2008-ի, խիստ մրցակցային են եղել, նույնիսկ անտագոնիստական: Ընտրություններից որոշ ժամանակ առաջ հասարակությունը տեսել է կոնկրետ թեկնածուի, ումով կարելի է իշխանափոխության խնդիր լուծել: Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ գործող նախագահը կարծես նման լուրջ հակառակորդ չունի, եւ հասարակությունն էլ սպասումներ չունի, որ առաջիկա նախագահական ընտրությունների միջոցով հնարավոր է երկրում իշխանափոխության հասնել: Երկրորդ գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այսպես կոչված՝ տիտղոսային ընդդիմությունը որեւէ կերպ չի մասնակցում այս ընտրություններին»: Սուրենյանցը համոզված է, որ այս ընտրարշավի վերջում կամ ընտրություններից հետո մենք որակապես նոր ընդդիմություն ենք ունենալու. «Ովքեր ակտիվ մասնակցում են ընտրություններին, նրանց շուրջ որոշակի բեւեռներ կձեւավորվեն: Խոսքը այնպիսի թեկնածուների մասին է, ինչպիսիք են Հրանտ Բագրատյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ակնհայտ է, որ այս ընտրություններից հետո Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, բայց նոր ընդդիմության ձեւավորման հայտ է լինելու»:

«Առավոտը» Սուրենյանցից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է հավանական համարում ընտրություններից հետո Հրանտ Բագրատյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելը՝ մանավանդ, եթե նկատի առնենք ՀՀԿ-ականների այն պնդումները, որ թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար, իսկ ՀԱԿ-ական տարբեր ակտիվիստներն ու երիտասարդները սոցիալական ցանցերում կարծիքներ են հայտնում, որ դա լինելու է երկրորդ տեղի համար Բագրատյանի պարգեւը: «Իմ կարծիքով՝ նման խոսակցություններով շատ հայտնի շրջանակներն ուղղակի փորձում են վարկաբեկել պարոն Բագրատյանին: Ես գրեթե բացառում եմ, որ պարոն Բագրատյանը որեւէ ստատուսով մասնակից կդառնա իշխանությանը: Դա տրամաբանական չէ թե երկրում ստեղծված քաղաքական դասավորության հետեւանքով, թե պարոն Բագրատյանի ու իշխանության պատկերացումների՝ էական տարբերության պատճառով»,- ասաց Սուրենյանցը: Հղում անելով ՀՀ Սահմանադրությանը՝ նա հիշեցնում է, որ որեւէ վարչապետ պետք է վայելի խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, եւ հավելում. «Կարծում եմ՝ պարոն Բագրատյանն այն գործիչը չէ, ով կհամաձայնի վարչապետ աշխատել իրեն խորթ մեծամասնության պարագայում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031