Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրություններում չկա ընտրական ինտրիգ»

Հունվար 11,2013 13:23

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը վստահ է, որ այս ընտրությունների ելքը կանխորոշված է: Իսկ «ՓիԱրտ» ընկերության զարգացման գծով տնօրեն, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ հիմնական քաղաքական ինտրիգը զարգանալու է ընտրություններից հետո: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու փորձագետների «Դեմ առ դեմ» բանավեճից: 

Վիգեն Հակոբյան- Ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը չկարողացան իրենց գլխավոր խնդիրը լուծել: Իշխանությունը ձգտում էր մրցակցային ընտրություններ կազմակերպել եւ հաղթել, իսկ ընդդիմությունը, գնահատելով իր իրական ռեսուրսները, հայտարարեց քաղաքական բոյկոտ, որը, ես կարծում եմ, կիսով չափ ստացվեց: Եվ այս պարագայում իշխանությունը սկսեց ուղիներ փնտրել քիչ թե շատ մրցակցային շղարշ ապահովելու համար: Որոնվեցին եւ գտնվեցին թեկնածուներ, որոնք հանրությանը բացարձակապես հայտնի չեն կամ հայտնի են, բայց վաղուց մոռացության էին մատնվել, եւ նրանք ոչ թե որակ, այլ քանակ են առայժմ ապահովում: Իհարկե, կան քաղաքական գործիչներ, որոնք կոնկրետ նպատակներ ունեն՝ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, նրանք այս պահի, այժմեական խնդիրներ ունեն լուծելու: Կան թեկնածուներ, որոնք ինքնահաստատման խնդիր ունեն, եւ կան թեկնածուներ, որոնք այնքան էկզոտիկ են, որ նրանց առաջադրմանը որեւէ այլ բացատրություն, քան շոուի ապահովման գործառույթն է, դժվար է գտնել:

Ռուբեն Մեհրաբյան- Ձեւավորված պատկերը հետեւանքն է այն քայլերի, որոնք ձեռնարկեց իշխանությունը, եւ այն քայլերի, որոնք չձեռնարկեց ընդդիմությունը: Արդյունքում մենք այսօր ունենք կանխորոշված ելքով մի իրավիճակ, որի մեղավորության առյուծի բաժինն, իհարկե, պատկանում է Հայ ազգային կոնգրեսին: Ես չեմ ասում՝ «Բարգավաճ Հայաստանին», որովհետեւ ԲՀԿ-ն ինքնին արհեստածին, ապաքաղաքական, հակաքաղաքական ուժ լինելով՝ ընդամենը պետք է եթերային աղմուկ ապահովեր ընդդիմադիր զանգվածին իրական նպատակից շեղելու համար, ինչը եւ փայլուն կատարեց: Այլ էր ՀԱԿ-ի պարագան. մենք տեսանք, որ նրանք ներքաղաքական պրոցեսում չունեն սեփական օրակարգը, եւ այն պայմանավորված է ինչ-ինչ արտաքին ուժերի շահերը սպասարկելով: Այդ մասին մենք լսեցինք նաեւ այն չարաբաստիկ ձայնագրության մեջ: Ի վերջո, եթե մենք ռետրոսպեկտիվ հայացք գցենք 2011 թվականի մայիսին եւ պլան մշակենք, թե ինչպես կարելի է հողանցել համաժողովրդական շարժումը, այդ պլանը կներառի հենց այն քայլերը, որոնք կատարվեցին այս ընթացքում: Մենք այսօր փաստորեն ունենք զրոյացված վիճակ, չունենք ընդդիմադիր ընտրազանգվածի շահերն արտահայտող ուժ, եւ այս քաղաքական պրոցեսում ընդդիմադիր ընտրազանգվածը կանգնած է իշխանական ուժերին դեմ առ դեմ: Ահա այս աղճատված պատկերում արտաքին կողմը՝ ի դեմս էկզոտիկ թեկնածուների, շոուի տարրեր է միայն պարունակելու՝ կանխորոշված ելքով: Ցավոք սրտի:

«Առավոտ»- Պարոն Հակոբյան, Դուք ե՞ւս կանխորոշված եք համարում այս ընտրությունների ելքը:

Վ. Հ.- Այո: Ես կարծում եմ, որ այս ընտրություններում չկա քաղաքական ինտրիգ, չկա ընտրական ինտրիգ: Հետաքրքիրն այն է, որ այս ընտրություններում ավելի շատ ինտրիգ կար մինչ նախընտրական շրջանում՝ կապված այն հարցի հետ, թե որ թեկնածուն կառաջադրվի: Մենք հիշում ենք, թե ինչ հետաքրքրություն կար Ծառուկյանի կամ Տեր-Պետրոսյանի առաջադրման շուրջ, եւ երբ հայտնի դարձավ, որ նրանք չեն մասնակցում, այդ ինտրիգը մարեց, եւ հիմա որեւէ հետաքրքրություն չկա: Բայց այս ընտրությունների յուրահատկությունն այն է, որ շատ ավելի հետաքրքիր է հետընտրական ինտրիգը: Դա նաեւ այն պատճառով է, որ քաղաքական բոյկոտը չստացվեց:

Ռ. Մ.- Չկա բոյկոտ, կա չմասնակցություն կամ ավելի ճիշտ՝ պարզ դասալքություն:

Վ. Հ.- Այո, լավագույն դեպքում դա չմասնակցություն է: ՀԱԿ-ի պարագայում, եթե նկատել եք, անգամ Կոնգրեսի եւ նրա առաջնորդի՝ ընտրություններին չմասնակցելու պատճառաբանությունները բացարձակապես տարբեր են: Մի տեղ քաղաքական ինչ-որ տարր կա, մյուսում՝ զուտ տարիքային պատճառաբանություն, որը գուցե մարդկային առումով հասկանալի է, բայց հասկանալի չէ, թե ինչու այն միայն հիմա ի հայտ եկավ, ինչու էր ՀԱԿ-ն այսքան ժամանակ հույս դնում Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, եւ ինչն էր խանգարում տարիքի մասին ասել, օրինակ, հունիս ամսին:

«Առավոտ»- Դուք բացառո՞ւմ եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Հրանտ Բագրատյանի շուրջ հնարավոր է ընդդիմադիր զանգվածի որոշակի կոնսոլիդացիա, որի արդյունքում կլինի ընտրությունների երկրորդ փուլ:

Վ. Հ.- Ես ընդհանրապես բացառում եմ երկրորդ փուլի տարբերակը: Կարծում եմ՝ այդ երկու թեկնածուների միջեւ կընթանա պայքար երկրորդ պատվավոր տեղի համար:

«Առավոտ»- Այդ դեպքում ի հաշիվ ինչի՞ պետք է լինի Ձեր նշած հետընտրական ինտրիգը:

Վ. Հ.- Հետընտրական ինտրիգի մասին խոսելով՝ նկատի չունենք, որ դժգոհ մասսան դուրս կգա փողոց. դա չի լինելու:

Ռ. Մ.- Այսօր բոլորն են հասկանում, որ այլեւս առանց բարեփոխումների հնարավոր չէ: Եվ հետընտրական ինտրիգը կայանում է հետեւյալում՝ այդ բարեփոխումներն ի վերջո կիրականացվե՞ն, թե՞ ոչ: Դրանք ռեա՞լ կլինեն, թե՞ բաժակաճառերի մակարդակով, ինչով մեզ կերակրել են վերջին մի քանի տարիների ընթացքում:

«Առավոտ»- Իսկ ի՞նչն է ստիպելու իշխանություններին իրականացնել այդ բարեփոխումները:

Ռ. Մ.- Տեղի կունենան այդ բարեփոխումները, թե ոչ՝ կախված է մեկ բանից. կհաջողվի՞ Հայաստանին հետընտրական շրջանում խուսափել պուտինյան միությանն անդամակցելուց: Եթե հաջողվեց, դա նաեւ իր մեջ համակարգային լրջագույն փոփոխություններ է պարունակելու: Եթե չհաջողվեց, Հայաստանում կմնա կլանային, կրիմինալ օլիգարխիկ համակարգը, որովհետեւ պուտինյան միությունները կոչված են կոնսերվացնելու այդ համակարգերը, քանի որ դրանով լուծում են ինքնապահպանման խնդիր: Իսկ եթե Հայաստանն անի բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կբերեն ազատ առեւտրի եւ քաղաքական ասոցացման պայմանագրերի կնքման, դա կհանգեցնի արդեն անդառնալի դրական փոփոխությունների, ինչը կբերի Հայաստանի կրիմինալ, օլիգարխիկ համակարգի՝ էվոլյուցիոն ճանապարհով ապամոնտաժման:

Վ. Հ.- Այստեղ նաեւ այլ խնդիր կա: Ենթադրենք՝ ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը 70 տոկոս ձայն է հավաքում (ես կարծում եմ՝ իշխանությունը պետք է փորձի այդ շեմից մի քիչ ավելի ցածր տոկոսներ վերցնել, որպեսզի չմոտենանք ստանդարտ ավտորիտար երկրներին): Այդ դեպքում ֆորմալ առումով լեգիտիմության բավականին լուրջ աստիճան կլինի, բայց որքան էլ պարադոքսալ է հնչում, լեգիտիմության նման աստիճանը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել նույն իշխանության համար: Այս անգամ, կարծում եմ, ընտրություններն անցնելու են առավելագույնս խաղաղ, ընտրակաշառքն էլ զուտ ձեւական բնույթ է կրելու՝ ապահովելու համար ակնկալվող ձայների երաշխավորվածությունը: Այսինքն՝ ընտրությունները լինելու են մաքսիմալ առանց խախտումների: Հետեւաբար օլիգարխիկ, կլանային, թաղային հեղինակությունների ազդեցությունն ընտրությունների վրա պետք է որ նվազագույնի հասցվի: Դա նշանակում է, որ այս անգամ Սերժ Սարգսյանը կարող է ուղղակի ձերբազատվել այդ ուժերից կախվածությունից: Իսկ եթե նա այլեւս փաստացի կախվածության մեջ չէ օլիգարխիկ, քրեական շրջանակներից, նա հնարավորություն ունի բարեփոխումներ իրականացնել՝ եւ մոնոպոլիաների, եւ կոռուպցիայի մասով: Եվ այդ դեպքում Սերժ Սարգսյանն այսպես ասած՝ «ատմազկա» այլեւս չի ունենա: Մյուս կողմից էլ՝ լեգիտիմության այդպիսի բարձր աստիճանը արտաքին ուժերի մոտ այլեւս թույլ չի տա Սերժ Սարգսյանին պատճառաբանություններ անել, թե ինչու նա չի գնում դեպի Եվրասիական միություն կամ դեպի Եվրամիություն, քանի որ արդեն հնարավոր չի լինի ասել, որ երկրում կան հզոր ուժեր, որոնք դեմ են այդ պրոցեսին:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

 

 

Երկու փորձագետների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031