Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյանի հարցը դեռ քննարկվում է, Բաբուխանյանինը մերժվել է

Հունվար 17,2013 15:12

ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության դիմումն այսօր քննարկվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովում: Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ աշխատանքային որոշումներ են միայն կայացվել, այսինքն՝ ժամանակացույց է հաստատվել, թե երբ, ինչ հարցով նիստ պետք է անեն. «Աշխատանքային քննարկումներից հետո, ըստ ամենայնի, կնշանակվեն եւս մի քանի նիստեր, որովհետեւ դուք գիտեք, որ շատ ծավալուն աշխատանք է, ժամկետներով կաշկանդված ենք, պետք է տեղավորվենք այդ ժամկետների մեջ»:

Հարցին, թե կհրավիրվե՞ն լրագրող Մհեր Աշակյանն ու Մհեր Սեդրակյանը՝ պարոն Փաշինյանը պատասխանեց, որ առաջիկա նիստերն արվելու են այն նպատակով, որ այն պատգամավորները, ում վերաբերվում են դիմումները, հրավիրվեն ու հանձնաժողովը լսի նրանց պարզաբանումները:

Հանձնաժողովը մերժել է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» դիմումի քննությունը: Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ «Սահմանադրությունում համապատասխան դրույթ կա, որտեղ ասվում է, որ պատգամավորը չի կարող հետապնդվել կամ նրան չեն կարող պատասխանատվության ենթարկել՝ ԱԺ-ում իր արտահայտած կարծիքների, տեսակետների մասին: Դիմումը քննությունը մերժվել է: Ամենակարեւոր հիմնավորումներից մեկը դա էր»:

Ինչ վերաբերում է Արմեն Ռուստամյանի դիմումին՝ արտահերթ նիստը բոյկոտած 83 պատգամավորների մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցումներ են ուղարկվել, պատասխաններ են ստացել, հանձնաժողովը պետք է լուրջ աշխատի, որ 30-օրյա ժամկետի մեջ տեղավորվեն: Փետրվարի 1-ին արդեն հանձնաժողովը պետք է այս հարցի վերաբերյալ կայացնի որոշում:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է ԱԺ արտահերթ նիստը բոյկոտած բոլոր պատգամավորներին մեկ առ մեկ հրավիրեք ու լսեք յուրաքանչյուրի պարզաբանումը, թե ինչու այդ օրը չի եկել՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք հիմա հանձնաժողովում հենց դա էինք քննարկում, որովհետեւ կանոնակարգում հստակ սահմանված է, որ էթիկայի հանձնաժողովը պարտավոր է հնարավորություն տալ այն պատգամավորներին, ում վերաբերում է դիմումը, հանդես գան համապատասխան պարզաբանմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031