Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ս. Սարգսյանը խոստովանեց, որ երկու պաշտոն կա, որոնցից ինքնակամ չի հրաժարվի

Փետրվար 11,2013 23:31

Նախագահը գովեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը

ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպում ունեցավ նաեւ Երեւանի Էրեբունի վարչական համայնքում:

Այստեղ Սերժ Սարգսյանին բավական շատ հարցեր տվեցին` սկսած Երեւանի փողոցներում տեղադրված տեսախցիկներին մինչեւ հանգիստը կազմակերպելուն վերաբերվող: Շատ դեպքերում հարցը տվողն ինքը թերեւս չէր պատկերացնում ինչի մասին է խոսքը, քանի որ կցկտուր, կիսատ-պռատ, կմկմալով արտաբերում էին, հավանաբար նախապես գրված ու չսերտված տեքստերը:

Տեսախցիկների վերաբերյալ հարց տվողին Սերժ Սարգսյանն անգամ ոգեւորեց, քաջալերեց` առաջարկելով չլարվել, հանգիստ ասել ասելիքը, անգամ եթե ցանկանում է ռուսերենով շարադրել միտքը: Ի դեպ, այս հարցին պատասխանելիս, Սերժ Սարգսյանն ասաց, որ Երեւանի փողոցներում տեղադրված տեսախցիկներն օժանդակեցին անգամ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված հանցագործության բացահայտմանը եւ, օրինակ բերելով միջազգային փորձը, հարցրեց. «Ի՞նչն ա խանգարում, վարորդները նեղանում ե՞ն, արագ ե՞ ն ուզում քշել: Ոչինչ, կլարվեն, կլարվեն, հետո կհարմարվեն»:

Մշակույթի ոլորտին վերաբերվող հարցին պատասխանելով՝ Սերժ Սարգսյանն այստեղ եւս խոսեց չարչրկված սերիալներից ու «Գարեգին Նժդեհ» ֆիլմից: «Հասկանում եմ, որ որակյալ չի, բայց ետ գնանք մի 7-10 տարի առաջ. ավելի լավ է բրազիլական սերիալնե՞րը նայեն, թե՞ մերը: Մարդիկ փորձ են ձեռք բերում: Էդ կինո հանելը հեշտ բան չի, էսօր աշխարհի մեկ-երկու երկրներ են կարողանում նորմալ կինո հանել: Օրինակ, իմ կարծիքով, «Գարեգին Նժդեհ» ֆիլմը շատ հաջողված ֆիլմ է, եւ դա արդյունք է, որ այդ դերասանները բազմաթիվ սերիալներում դերակատարություն են ունեցել»: Հարցը բարձրացնողը չհամաձայնեց Սերժ Սարգսյանի հետ, ասելով, որ եւ սերիալների, եւ «Գարեգին Նժդեհի» մասին ինքը իր մոտեցումն ունի`պրոֆեսիոնալ տեսակետից:  Նախագահը համաձայնեց. «Հասկանում եմ, դրա համար էլ տարբերվում ենք էլի, դու մշակույթում ես աշխատում, ես ուրիշ տեղ եմ աշխատում»:

Պատասխանելով մեկ այլ հարցի էլ՝  Սերժ Սարգսյանն ասաց, որ երկու պաշտոն կա, որոնցից կամավոր չի հրաժարվի` շախմատի ֆեդերացիայի նախագահի եւ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահի:

Այստեղ եւս հարց եղավ աշխատատեղերի մասին ու ի տարբերություն նախորդ անգամների, երբ Սերժ Սարգսյանը պնդում էր քաղաքապետարանում առկա 150 աշխատատեղերի մասին` 150 հազար դրամ աշխատավարձով, այս անգամ այդ աշխատատեղերի մասին չխոսեց եւ ասաց 70-80 հազար դրամ աշխատավարձերի մասին:

Ի դեպ, Aravot.am-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրեց, որպեսզի հանդիպումից հետո պարզաբանումներ տա այդ առիթով որոշ հարցերի: Քաղաքապետը թեեւ համաձայնեց, բայց հետո  խոստումը չպահեց եւ արագ հեռացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ սարսափելի խայտառակություն: Տեսեք մուսուլմանական երկրները ինչպես են պայքարում
    իրենց իրավունքների համար,՝ այ՛ առաջին քրիստոնյա երկրի ժողովուրդ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728