Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրիմացություն՝ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ազատություն» ռ/կ-ի միջեւ (տեսանյութ)

Փետրվար 13,2013 21:10

Այսօր Aravot.am-ը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրեց բացատրել այն թյուրիմացությունը, որ ստեղծվել է Հրանտ Բագրատյանի հետ բանավեճի չգնալու շուրջ: Պարոն Բագրատյանը քարոզարշավներին պատմում էր, որ ոչ մի թեկնածու իր հետ չի գնացել «Ազատություն» ռ/կ-ի կազմակերպած բանավեճին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե մարզում է, բայց հետո պարզվել է, որ Երեւանում է: Ըստ պարոն Բագրատյանի, ոչ ոք չի եկել իր հետ բանավեճի, քանի որ ասելիք ու ծրագիր չունեն:

Րաֆֆի Հովհաննիսյանը կասկածեց, որ պարոն Բագրատյանը կարող էր նման բան ասել: Նրա խոսքերով՝ «Ես համաձայն եմ պարոն Բագրատյանի եւ պարոն Հայրիկյանի նախնական տեսակետի հետ, որ ինքը՝ պարոն Բագրատյանը բազմիցս արտահայտել է, որ բոլորի հիմնական մրցակիցը եւ հատկապես իր՝ պարոն Սարգսյանն է, որ ինքը պատրաստ չէ բանավիճել պարոն Սարգսյանի բացակայությամբ այլ թեկնածուների հետ, որ ինքը որեւէ քննադատական խոսք չի ուղղելու այլ թեկնածուներին: Ինքը բազմաթիվ անգամ դա ասել է: Եվ ես էլ համաձայնվել եմ իր հետ: Երբ որ «Ազատություն» ռադիոկայանը թեկնածուների հետ հարցազրույցների շարք արեց, ես էլ մասնակցեցի, այնտեղ առաջարկ կար, որ լիներ բանավեճ: Ես էլ շատ հստակ ասեցի ռ/կ-ի հարգելի տնօրենին, որ ես պատրաստ եմ մասնակցել բանավեճի, եթե գա բանավեճի պարոն Սերժ Սարգսյանը: Դուք բերեք Սերժ Սարգսյանին, եւ ես կմասնակցեմ այդ բանավեճին: Պարոն Սարգսյանը որոշեց չգալ, եւ «Ազատություն» ռ/կ-ը, միգուցե ինձ սխալ հասկանալով, իմ ակցենտը ճիշտ չվերծանելով՝ հրավիրեց միայն պարոն Բագրատյանին այն բանավեճին, որտեղ չեկավ պարոն Սարգսյանը: Իսկ ես, հավատարիմ լինելով իմ խոսքին եւ նաեւ պարոն Բագրատյանի խոսքին, ասացի, որ ես երբեք չեմ բանավիճելու պարոն Բագրատյանի հետ: Այնպես որ, պարոն Բագրատյանը սխալ է ասում: Ինքը առաջին օրվանից ասել է ճիշտ բան, եւ ես համաձայն եմ, որ մենք իրար հետ երբեք բանավեճի խնդիր չենք ունեցել: Եթե թյուրըմռնում եղել է, դա իմ եւ պարոն Թամրազյանի միջեւ է: Ես առանց Սերժ Սարգսյանի որեւէ մեկի հետ չեմ բանավիճելու ի սկզբանե եւ հիմա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Կը կարծեմ, թէ հարցի լուծումը միւս կողմից է: Պէտք է Սերժ Սարգսեանին պարզ հասկացնել, որ եթէ «Օբամա եւ Ռոմնի ես մէջբերում», ապա պարտաւոր ես գոնէ մէկի հետ բանավիճել (որովհետեւ միւս բոլորը առնվազն մէկ թեկնածուի հետ ցանկութիւն ունեն սեղանի շուրջ նստել): Հիմա թող նախագահն էլ ասի «այդ միակի անունը, որի հետ պատրաստ է բանավիճել»: Էպոսագէտը կը լինի նրա «ընտրեալը»` Աստուած իր հետ; Րաֆֆի Յովհաննիսեանը կը լինի` հաճոյքով կը դիտենք: Մի բան պարզ է ցերեկուայ լոյսի պէս. եթէ դու համարւում ես ընտրութիւնների ֆաւորիտը, ապա պիտի բանավիճես: Երկրորդ տարբերակ չկայ: Իսկ թէ ում հետ կը որոշես բանավիճել, ժողովուրդը մեծահոգաբար թողնում է քեզ:

  2. Maxim says:

    Հարգելի Արթուր: Երե գործող նախագահը ասելու բան ունենար, ապա անցած 5 տարում գոնե մի
    լավ բան կաներ: Նրա ամբողջ ճառերը 100%-ոց դեմագոգիա է: Ինչպես հասկացա Դուք նոր էք
    Հայաստանի իրականության հետ ծանոթանում, որտեղ սուտ ասելը դարձել է շատ նորմալ երևույթ և
    որքան բարձր է պաշտոնյան, այնքան մեծ է սուտը: Դիմացեք մինչև ամառ, և մենք միասին կփոխենք
    ստի պետությունը: Տա աստված, որ առանց արյունի լինի: Այսօր մեր ժողովրդի կեսից ավելին
    տառապում է պարկաճճվի հիվանդությանբ, ռուսերեն,՝ ,,эхинокок,, համոզված եմ, որ գիտեք խոսքը
    ում մասին կամ ինչի մասին է:

  3. Արթուր Ղազարեան says:

    Յարգելի Մաքսիմ,
    Սերժ Սարգսեանն, ըստ իս, հիմնարար լաւ բաներ արել է: Չգիտեմ՝ ամառն այդ ինչ անարիւն յեղափոխութիւն էք անելու, բայց կրկին անդրադառնամ բանավէճի թեմային:
    Աւելի լաւ է 5 րոպէ բանավիճել, քան 24 ժամ անընդհատ ելոյթ ունենալ: Բանավէճը հիմնարար կատեգորիա է ընտրութիւններում: Սա դէմ առ դէմ պայքար է, որտեղ ուզում ենք պարզել՝ թէ տուեալ թեկնածուն որքա՞ն «դիմացկուն է», կարողանում է մրցակցի մօտ ժպտալ, հումոր անել, հարցերին սառնասրտօրէն պատասխանել, ինքնատիրապետումը չկորցնել, չլարուել եւ այլն եւ այլն: Ցաւօք, մեր ԶԼՄ-ները այնպիսի դրուածք չեն դրել, որ բանավէճից խուսափել չլինի: Նոյն պարոն Աբրահամեանը (եւ միւս բարձրակարգ լրագրողները), հասարակութիւնը պիտի այնպէս հարցը դնեն, որ եթէ սա ընտրութիւն է, ուրեմն վերջ, պիտի բանավիճել: Ծրագրերից, քարոզարշաւներից շատ աւելի կարեւոր է ԲԱՆԱՎԷՃԸ:

  4. Կարինե Հարությունյան says:

    Րաֆֆի Հովհաննիսյանը մեղմ ասած ճիշտ չի ասում: Րաֆֆի Հովհաննիսյանը զանգել է Բագրատյանին եւ ասել, որ բանավեճի չի կարող գալ, քանի որ քաղաքից դուրս է գտնվում: Հրանտ Բագրատյանն այս լուրը փոխանցել է Մարիոթ հյուրանոցում գտնվող Հրայր Թամրազյանին: Վերջինս ասել է Բագրատյանին` ինչ ես ասում, Րաֆֆին քաղաքում է, ես նրա մոտից եմ գալիս: Ինչ վերաբերում է նրան, թե Բագրատյանն ասել էր, որ բանավեճի չի գնա, Հովհաննիսյանը, գիտի, որ դա վերաբերել է տնտեսական ծրագրին, որը մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ունեցել: Բացի այդ Ազատություն ռադիոկայանի բանավեճը չի ներկայացվել որպես տնտեսական բանավեճ, իսկ քաղաքական կամ արտաքին քաղաքական հարցերի շուրջ բանավեճի մասին Հրանտ Բագրատյանը երեբեւէ առարկություն չի ունեցել: Օգտվելով առիթից Հրանտ Բագրատյանի շտաբի անունից հայտարարում ենք. նկատի ունենալով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ծավալուն մի փաստաթուղթ է ներկայացրել, որը համարում է տնտեսական ծրագիր, Հրանտ Բագրատյանը Րաֆֆի Հավհաննիսյանին բանավեճի է հրավիրում ս.թ. փետրվարի 15-ին, ժամը 16.00-ից մինչեւ փետրվարի 16-ի 02.00-ը` ցանկացած տեղում, ցանկացած ժամի, Երեւան քաղաքում: Բանավեճի հրավերը վերաբերում է նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Կարինե Հարությունյան, ՀՀ նախագահի թեկնածու նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728