Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ամերիկացի դաշնակահար Վան Քլիբերնը

Փետրվար 28,2013 18:51

«Ազատություն» ռադիոկայան. Վան Քլիբերնը ծնվել է 1934 թվականին ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Շրիվփորթ փոքր քաղաքում, մի քանի տարի անց ընտանիքը տեղափոխվել է Տեխաս:

Երեք տարեկանում Քլիբերնի մոտ արդեն ի հայտ էին եկել երաժշտական ունակություններ, որոնք հետագայում նկատել էր նրա մայրը` Ռիլդիա Քլիբերնը, ով մասնագիտությամբ դաշնակահար էր: Արդեն մեկ տարի անց նա կարողանում էր կարդալ նոտագրություններն ու նույնիսկ ուսումնասիրել դասականներին:

13 տարեկան հասակում Հյուսթնի սիմֆոնիկ նվագախմբի հետ Քլիբերնը հանդես էր եկել առաջին մենահամերգով: Արդեն մեծ հասակում Քլիբերնը շրջագայում էր հարազատ երկրում, արտերկրում, ելույթ էր ունենում ԱՄՆ-ի բոլոր նախագահների համար` Էյզենհաուերից մինչեւ Օբամա:

Քլիբերնը հռչակ ձեռք բերեց 1958 թվականին սառը պատերազմի ժամանակահատվածում` Մոսկվայում անցկացվող Չայկովսկու անվան միջազգային մրցույթին առաջին տեղը գրավելուց հետո: Այդ օրվանից սկսած ռուս երաժշտասեր հասարակությունը ամեն անգամ մեծ խանդավառությամբ էր ընդունում դաշնակահարին:

1959 թվականին մենահամերգով հանդես է եկել նաեւ Երեւանում: Այդ ժամանակ կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը 11 տարեկան էր:

«Ցնցող տպավորություններ: Եվ, իհարկե, ժողովուրդը նույնպես շատ մեծ ոգեւորությամբ ընդունեց: Փայլուն կատարում էր: Հիշում եմ, իմ մեջ տպավորվել է: Հետագայում այլեւս Երեւան գալ չեղավ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց կոմպոզիտորը:

«Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթի պաշտոնական կայքէջում տեղադրված իր ողջույնի խոսքով աշխարհահռչակ Վան Քլիբերնը իր խորը կապվածությունն ու հիացմունքն էր արտահայտում Արամ Խաչատրյանի հանդեպ:

«Պարզապես հրաշալի իրադարձություն է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, հատկապես, երբ այն տեղի է ունենում գեղեցիկ Երեւան քաղաքում` հայկական հարուստ հնագույն հողի վրա: Ինչ հրաշալի երկիր ունեք դուք` հարուստ մշակութային ավանդույթներով, որին ինձ հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ 1960 թվականին: Երբեք չեմ մոռանա ձեր խստապահանջ եւ խանդավառ հանդիսատեսին, որից ես մեծ ոգեշնչում ստացա», – ասել էր աշխարհահռչակ դաշնակահարը:

Քլիբերնը արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Ազատության եւ Արվեստի ազգային մեդալի, որոնցով նրան պարգեւատրել է ԱՄՆ նախագահը: 1962 թվականից ի վեր Տեխասի Ֆորտ-Ուերթում անցկացվում է Վան Քլիբերնի անվան դաշնակահարների մրցույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728