Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ համախմբվել «ԲՀԿ-ի առանցքի շուրջ»

Մարտ 12,2013 17:34

ԲՀԿ-ն իր ասելիքը Ազատության հրապարակից չի ասի

«Կա հարթակ, և բոլոր ուժերը կարող են իրենց տրամադրությունները այստեղից փոխանցել»,-այսօր Ազատության հրապարակում մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ մեջբերելով Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը, որ այլեւս անցել է հայտարարությունների ժամանակը, քանի որ հայտարարությունների հարթակն այլեւս Ազատության հրապարակն է: Aravot.am-ը ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց՝ ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է անսալ «Ժառանգության» կոչին եւ իր ասելիքն այլեւս այդ հրապարակից ասել: «Բազմաթիվ ու բազմապիսի հարթակներից ԲՀԿ-ն անընդմեջ է հանդես գալիս կոչերով, ինչպես նաեւ առաջարկում կոնկրետ, իրատեսական գործողությունների ծրագիր, իրագործում դրանք, մտնում պատասխանատվության տակ, կրում պատասխանատվությունը պատվով՝ իր հնարավորությունների շրջանակներում: Հիմա էլ եկել է հերթական պատեհ պահը՝ առավել մեծ համախմբման՝ ԲՀԿ-ի օրակարգի շուրջ, տվյալ դեպքում, երեւանցիներին հուզող խնդիրների, երեւանցիների կյանքի փոփոխության իրականացման շուրջ»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ի օրակարգից դուրս համախմբման տարբերակ կուսակցությունում չե՞ն տեսնում, Ուրիխանյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն միշտ պատրաստ է համագործակցել ժողովրդի որեւէ հատվածը ներկայացնող ուժի հետ այն պարագայում, եթե մարդկանց համար տեսանելի, շոշափելի փոփոխություններ, ոչ թե հեռավոր հեռանկարում, այլ տեսանելի  ապագայում կարող են իրականացվել»:

Թե որքանո՞վ է այս պահին Ուրիխանյանը հավանական համարում Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության միասնական ցուցակով հանդես գալը՝ նկատի ունենալով նախագահական ընտրություններում համախմբման տապալված փորձը եւ ԲՀԿ-ի հավակնությունները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես չէի ցանկանա խոսել հավանականության շրջանակներում, ենթադրություններով, բայց ուզում եմ կրկնել եւ կոնկրետացնել՝ ԲՀԿ-ն պատրաստ է քննարկել ցանկացած համագործակցության տարբերակ: Կարծում եմ՝ մարդիկ, ընտրողները, շատ լավ գիտակցում են՝ ո՞ւմ իրական մեկնարկային պոտենցիալը, մարդկային-կադրային ռեսուրսները հնարավորություն կտան նախ հասնելու նպատակակետին, ապա՝ իրականացնելու նախանշված ծրագրերը: Այս համատեքստում, մենք առավել բնական ենք համարում ԲՀԿ-ի առանցքի շուրջ համախմբումը: Եթե որեւէ մեկը կարող է առավել օպտիմալ, իրատեսական տարբերակ առաջարկել՝ պատրաստ ենք քննարկել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031