Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ ՍԴ որոշման մասին. «Գործարք սատանայի հետ»

Մարտ 15,2013 18:04

Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադարձավ ՍԴ-ի որոշմանը: Նա ասաց, որ իրենք որոշակի պատկերացնում էին՝ ինչ է լինելու. «Դա մեզ համար պայքարի միջոց չէր: Դա ընդամենը շանս էր ՍԴ-ի համար, որ իրենք ոչ թե մի խումբ մարդկանց շահը սպասարկեն, այլ պետության եւ ժողովրդի: իրենք պետք է ընտրությունների սահմանադրականությունը քննարկեն, եւ ոչ թե ընտրատեղամասում տեղի ունեցած այս կամ այն խախտումը քննեին: Մենք իրենց նշել էինք համակարգային խախտումների մասին»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նկատել էր, որ ՍԴ-ի որոշումը հրապարակելիս դատավորներից որեւէ մեկի դեմքին ժպիտ չկար. «Բոլորն իրենց զգում էին ստորացված, որովհետեւ հասկանում էին, որ իրոք գործարքի մեջ են մտել սատանայի հետ: Գագիկ Հարությունյանը հաշվարկներ էր կատարում, թե հանձնաժողովում քանի մարդ է մասնակցել ընտրական գործընթացներին, բազմապատկում էր այն, փոխարենը բազմապատկեր, թե քանի որոշում է իր կողմից կայացվել, որի հետեւանքով միլիոնավոր ՀՀ քաղաքացիներ լքել են Հայաստանը: Դրա հաշվարկը կատարելու փոխարեն, նա ասում էր՝ գործընթացին մասնակցել է էսքան մարդ: Մենք միջնորդեցինք, որ բերեք 1988 պարկը դատարան, թող բոլորս համոզվենք, թե ով է խփել: Սակայն այդ միջնորդությունը սատանայի ներկայացուցիչների, իմ գործընկեր Դավիթ Հարությունյանի կողմից այդ միջնորդությունը մերժեց: Եթե այդքան դուք ազնիվ եք, արդար եք, ինքնավստահ եք, ապա դուք կողմ լինեիք այդ միջնորդությանը, բերեիք պարկերը դատարան, բացեիք: Նրանք ատամներով մերժում էին այդ միջնորդությունը, առարկում էին»:

Նա նաեւ նշեց, որ շուրջ 100 տարի առաջ մեր դավաճանները մասնակցեցին ցեղասպանությանը, նրանց գնդակահարեցին հետո, երբ տեղի ունեցավ նեմեսիսը. «Մենք չենք ցանկանում գնդակահարել, բայց չենք ներելու որեւիցե մի դատավորի, ով մասնակից է այս գողության, մեր ժողովրդի գրպանահատմանը: Չենք ներելու ոչ մի մարզպետի, հատկապես նրանց, ովքեր օրինազանց են եւ ունեն մականուններ, չենք հանդուրժելու նաեւ քաղաքպետներին, ովքեր հերիք չի՝ կեղծել են, փորձում են այդ կեղծիքների մասին բարձրաձայնել: Սեւանի քաղաքապետը, փոխարեն տղամարդ լինի, դիմում է գրել ոստիկանությանը մի կնոջ դեմ, որ իրեն զրպարտել է: Այդպիսի վախկոտ մարդկանցով է շրջապատված Սերժ Սարգսյանը»:

Դիմելով Սերժ Սարգսյանին՝ նա ասաց, որ «Այո, Սերժ Սարգսյան, դուք եք կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում կեղծարարությունը: Դուք թույլ չեք տալիս բացել ընտրատեղամասերի պարկերը, որովհետեւ այնտեղ ժողովրդի ձայնն է պահվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031