Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվում է քաղաքացիական խորհուրդ՝ նոր կառավարության ձեւավորման համար

Մարտ 15,2013 19:15

Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, ասաց, որ այս օրերին «հացադուլը որակվել է որպես ծայրահեղ, ուժեղ կամ թույլ քայլ: Բայց դրանք չեն վերաբերում հացադուլի քաղաքական բովանդակությանը»:

Նա բացատրեց, որ ժողովրդի վստահության քվեն ստացած նախագահի թեկնածուն հացադուլով հստակ ուղերձ է հղում ՀՀ եւ միջազգային հանրությանը, որ վճռականորեն պաշտպանելու է ժողովրդի կատարած ընտրությունը եւ Սերժ Սարգսյանի իշխանությանը հնարավորություն չի ընձեռելու հաղթանակ արձանագրել՝ սեփական ժողովրդի նկատմամբ. «Ըստ իս, այս քայլը ցույց է տալիս, որ կոմպրոմիս չի լինելու ապօրինության, կեղծիքի շուրջ: Սա չի նշանակում, թե կոմպրոմիս չի լինի որեւէ հարցի շուրջ: Իշխանությունը պետք է խաղաղ , կոմպրոմիսային տարբերակով հանձնի Րաֆֆի Հովհանիսյանին ՀՀ նախագահի պաշտոնը: Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը, բոլորը պետք է արձանագրեն հետեւյալը՝ ժողովուրդը զիջելու տեղ չունի, պարտության տեղ չունի, նահանջելու տեղ չունի: Պետք է հստակ գիտակցեն՝ ժողովուրդը չի գրոհելու, չի հարձակվելու, ջարդուփշուր չի անելու, բայց անելու է ավելին՝ չի ՆԱՀԱՆՋԵԼՈՒ: Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը պետք է հստակ գիտակցեն՝ իրենք կարող են գրոհել, հարձակվել, բայց ժողովուրդը չի դիմադրելու եւ բռնությունը բռնությամբ չի պատասխանելու: Անելու է ավելին՝ չի նահանջելու: Սա այն ժողովորդն է, որ հաղթանակ է տարել ղարաբաղյան պատերազմում ու չի նահանջել: Այն ժողովուրդն է, որ 2008-ի մարտի 1-ին գնդակահարվել է սեփական մայրաքաղաքում: Ժողովուրդը փետրվարի 18-ին հաղթանակել է: Ուրեմն՝ հաղթանակ կամ ոչինչ: Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ»:

Նա նաեւ նշեց, որ այս շարժումն ունի մի քանի կարեւոր գործնական խնդիր՝ նոր կառավարության, նոր իշխանության ձեւավորումը. «Բեռը ամբողջությամբ թողնել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ճիշտ չի լինի, ուրեմն պետք  է օր առաջ սկսել նոր իշխանության ձեւավորման շուրջ քննարկումների շարք: Կա առաջարկ Րաֆֆի Հովհաննիսյանի արտոնությամբ Ազատության հրապարակում գումարել բաց քաղաքացիական խորհուրդ, որտեղ քաղաքական գործիչները իրենց պատկերացումները կներկայացնեն՝ նոր կառավարության ձեւավորման մասին»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, այսպես սկիզբ կդնեն թավշյա հեղափոխության կարեւորագույն մեխանիզմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031