Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանի գործով կալանավորը ուշագնաց է եղել

Ապրիլ 12,2013 11:55

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով կալանավորված են սոցապի 12 աշխատակիցներ եւս: Նրանցից Աշոտ Աբրահամյանը եղել է առանձին ծրագրերի վարչության պետ: Ունի երեք երեխա:

Աշոտ Աբրահամյանի պաշտպանությունը ստանձնել է Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Պաշտպանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան կապված իր պաշտպանյալի առողջական վիճակի, դատական նիստերին նրա հետագա մասնակցության հետ:

Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացրել է, որ այս տարվա մարտի 27-ին Աշոտ Աբրահամյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նա ճնշման հետ կապված քրեակատարողական հիմնարկում ուշագնաց է եղել: Աշոտ Աբրահամյանին բուժող բժշկի հայտարարության հիման վրա նա պետք է տեղափոխվի քրեակատարողական հիմնարկից եւ բժշկական ստուգման ենթարկվի մասնագիտացված բժշկական կենտրոնում:

Աշոտ Աբրահամյանի բժշկական հիվանդության պատմության համաձայն, նա 2012թ. հունիսից բուժում է ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նա տառապում է սրտի իշեմիկ, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ, սրացմամբ, ունի երկու երիկամների քարեր:

Նրա հիվանդությունը գնահատվում է կյանքի հետ անհամատեղելի վիճակի:

Աշոտ Աբրահամյանը, որպես ոստիկանության նախկին աշխատակից, պահվում է արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ ըստ պաշտպանի, շտապ օգնության անձնակազմի մուտքը կարող է տեղի ունենալ միայն հատուկ թույլտվությամբ, ինչը նշանակում է, որ վիճակի սրացման հետ կապված հնարավոր չի լինի նրան փրկելը:

Ի դեպ, Լիպարիտ Սիմոնյանը մեզ տեղեկացրեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից իրեն տրամադրել են իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ կապված գրություն, համաձայն որի «Հիվանդը կարիք ունի սրտաբանի մշտական ամբուլատոր հսկողության, դեղորայքի մշտական օգտագործման, եւ դեկոմպեսացիայի դեպքում՝ ստացիոնար բուժման»:

Պաշտպանը դատական նախորդ նիստերից մեկի ժամանակ միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մեր տեղեկություններով, հարցում է արել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին, կալանավորի առողջական վիճակի պատկերը պարզելու, տեղեկություններ ստանալու նպատակով: Սակայն ՔԿՀ-ից դեռ պատասխան չի ուղարկվել դատարան:

Աշոտ Աբրահամյանի սեւացած գույնը դատարանում խոսում է նրա առողջական վիճակի սրացման մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930