Հայաստանի բնության պետական թանգարանում այսօր տեղի ունեցավ գեղանկարչուհի Սոնա Սեդրակյանի «Զարթոնք» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Գեղանկարչուհու հայրը` Գեղեցիկ արվեստների ազգայի ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը, խոսեց Սոնայի աշխատանքների ստեղծագործական ուղղության մասին, նրա գունամտածողության մասին. «Գեղանկարչությունը դա հենց գեղանկարչական մտածողությունն է, մոտեցումն է, որն ակնհայտ է Սոնայի ստեղծագործություններում»:
Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի դասախոս, դոցենտ Ռուբեն Դանիելյանն էլ հավելեց. «Դեռ հին տարիներից Սոնա Սեդրակյանը ցուցաբերում էր շատ նուրբ, շատ հետաքրքիր գունազգացողություն: Եվ արդեն այն ժամանակներից էլ պարզ էր, որ առանց այն էլ հարուստ հայկական գեղանկարչության ներկապնակը համալրվելու է ևս մի շատ հետաքրքիր կին գեղանկարչուհու գործերով: Այսօրվա ցուցահանդեսն այդ ամենի վառ ապացույցն է»:
Կարդացեք նաև
Հայաստանի Նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանը նշեց, որ ի ծնե երեխան արդեն սկսում է նկարել, մեծանալուց հետո նա կարող է դառնալ պրոֆեսիոնալ նկարիչ կամ ոչ: Բայց նկարչությունն ամեն մի էակի մոտ առկա է` մեկի մոտ շատ, մեկի մոտ քիչ. «Այսօր տեսնում եք, թե Սոնայի մոտ ինչպիսի պոռթկում է, գեղեցիկ երազների աշխարհ է` տարիներով արտահայտված»:
Գեղանկարչուհին հայտնեց իր շնորհակալական խոսքը Բնության պետական թանգարանին` իրեն դահլիճն անվճար տրամադրելու և այն ջերմ ընդունելության համար, որ հանդիպել է նրանց կողմից: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև ապրիլի 30-ը:
Արմինե Համբարձումյան


















































