Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի տարածքի նորոգումն ավարտվել է… թղթի վրա

Ապրիլ 22,2013 19:06

Սահմանամերձ Ոսկեպարում պետական հրատապ ծրագիրը  ձախողված է

Սահմանամերձ Ոսկեպարի  երիտասարդությունը կառավարության առաջ խնդիր էր բարձրացրել գյուղում մանկապարտեզ գործարկելու: Որոշվել էր գյուղի դպրոցի  տարրական դասարանների մասնաշենքը վերանորոգել եւ այն գործարկել որպես մանկապարտեզ: Այդ աշխատանքները  կիսատ  են մնացել: Ոսկեպարի բնակիչները մեզ ասացին, որ  շինարարական կազմակերպությունը թողել-հեռացել է: Ոսկեպարի գյուղապետ, սահմանամերձ համայնքը 2012թ. սեպտեմբերից ղեկավարող  Երվանդ Եգանյանին հարցրինք այդ ծրագրի  ֆինանսավորման չափի  վերաբերյալ: Նա  ասաց, որ անտեղյակ է, քանի  որ աշխատանքներն իրականացվել են նախորդ գյուղապետի օրոք: Ոսկեպարի գյուղապետարանում մենք  ծանոթացանք գյուղապետարանի եւ «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ի միջեւ կնքված  պայմանագրին: 2012թ. հունիսի 19-ին կնքված այդ պայմանագրով «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ն  պարտավորվել է Ոսկեպար համայնքի մանկապարտեզի համար նախատեսված տարածքի  վերանորոգման աշխատանքներն ավարտել մինչեւ 2012թ. օգոստոսի 30-ը:  Ոսկեպար համայնքն իր ներդրումն է ունեցել  այդ  ծրագրում:  Ոսկեպարի գյուղապետարանը կատարված աշխատանքների համար  «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ի հաշվին փոխանցել է 1 միլիոն 900 հազար դրամ: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղեկություններ կան մարզում իրականացված ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդ տեղեկատվության` «Ոսկեպարի դպրոցի տարրական մասնաշենքի վերանորոգում»  ծրագրի կապալառուն «Կլասիկ պարտներ» ՍՊԸ-ն է:  Ծրագիրն իրականացվել է 2012թ. պետական  հրատապ 2-րդ  ծրագրի  շրջանակներում, այդ նպատակով պետբյուջեից  տրամադրվել է 11 միլիոն 435 հազար դրամ: Ծրագրի դիմաց գրված է` «ավարտված»:  Նշենք, որ «Կլասիկ պարտներ»» ՍՊԸ-ն գրանցված է Իջեւան քաղաքի Ասլանյան-174 հասցեում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930