Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վահան Թումասյան. «Ո՞րն է ոստիկանապետի հուզաճմլիկ ու լացակումած խոսքեր հնչեցնելու իմաստը»

Ապրիլ 29,2013 23:41

Aravot.am-ը Գյումրու «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե  գյումրեցիների համար շատ ուշացած չե՞ն ՀՀ ոստիկանապետի՝ կլաններին պատժելու, նրանց արտագաղթը կազմակերպելու խոստումները, չէ՞ որ  գյումրեցիներն անընդմեջ կրակոցներ են լսում ու հաջորդ օրը  մենամարտող  հերոսներին  փողոցներում  ազատ շրջելիս  են հանդիպում:

«Գիտեք  ինչ, ոստիկանապետը պետք է օրենքը պաշտպանի և օրինախախտողներին  պատժի, բայց հուզաճմլիկ ու լացակումած կամ հռետորական խոսքեր հնչեցնելու իմաստը ո՞րն է: Ի՞նչ օրենքով պիտի նրանց արտագաղթը կազմակերպես, հո օրինախախտումը միայն մարդասպանությունը չէ՞, հազար բաներ կան՝ ապօրինի կառույցների տիրանալը, բյուջեի փողերի մսխումը, մարդկանց ձրի աշխատեցնելը , հազար ու մի բան են արել: Դրանց համար պետք է պատժեիք, որ բանը չհասներ մարդասպանության, ձկի գողը ձիու գող էլ կդառանա: Եթե դու ձկի գողին չես պատժում ճիշտ ժամանակին, ապա վաղը ձի կգողանա: Հիմա  էլ արտագաղթ եք խոստանում,  ի՞նչ ճանապարհով ես նրանց արտագաղթը կազմակերպում, եթե մարդը չի ուզում գնալ, դրանք ընդամենը խոսքեր են: Իմ կարծիքով,  Վովա  Գասպարյանի հիմնական այցելությունը առաջին օրվա շատ անզգույշ արտահայտությունն էր գյումրեցիների հասցեին: Ինչպես մյուսները` երգչուհի Շուշանիկը, Ֆելիքսը փորձել էին գյումրեցիների նկատմամբ  հրապարակային ինչ-որ վիրավորանքներ հնչեցնել,  ինքն էլ ասել էր, թե գյումրեցիները գողական մտածելակերպ ունեն: Ու հաջորդ օրը եկավ  իր ասածը  ծածկելու համար,  սիրաշահելու համար էլ  գյումրեցիներին  մի քանի  բան ասեց: Եթե մենք էլ ելնենք ասենք, որ հեղափոխություն անենք, ունևորների ունեցվածքը բաժանենք ժողովրդին,  ժողովրդի մեջ հաստատ կլինեն   մարդիկ, որոնք համաձայն կլինեն ու կոգևորվեն», -ասում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա, ոստիկանապետը պետք է  օրինախախտին նրա կատարած կոնկրետ հանցանքի համար պատժի,  այլ չստացվի այնպես, որ տվյալ անձը այս պահին իրենց պետք չէ ,  ուրեմն   կարելի է պլան գցել «ջեբը»  կամ տանել օդանավակայան ճանապարհելու:

Ի դեպ,  Վահան Թումասյանը իր կայքում մի քանի բարի խորհուրդներ էր տվել ոստիկաններին: «Եթե չեք կարողանալու գյումրեցիների անվտանգությունն ապահովելու  նպատակով զինաթափել և մեկուսացնել  «մաուզերիստներին», ապա գոնե նրանց լուսանկարները  և մեքենաների համարանիշները բաժանեք գյումրեցիներին, որպեսզի փողոցներում պատահաբար հանդիպելիս ճանաչեն և ճանապարհները արագ փոխեն, այսպես ասաց «քոռի գյուլլի» բաժին չդառնալու համար: Եթե չեք կարողանում կամ չեք ցանկանում «մաուզերիստներին» զինաթափել, ապա դիմեք մի շատ հասարակ մեթոդի` գյումրեցիներին բաժանեք զրահապատ բաճկոններ:  Եթե այնուամենայնիվ գտնում եք, որ «մաուզերիստները» և նրանց հաճախակի կրակոցները ձեզ օդի ու ջրի պես  անհրաժեշտ են , դե հասկանալի է ամեն  մի կրակոց իր արժեքն ունի, ապա Գյումրիում և առհասարակ մեծ քաղաքներում կրակոցների և ռազբորկաների համար հատուկ վայրեր և  գրաֆիկ  սահմանեք:  Ի վերջո,  սահմանեք, ԱԺ-ով ընդունեք և հասարակությանը  իրազեկեք «գողական մտածելու» քիչ ու շատի թույլատրելի սահմանները, վատ չէր լինի նաև պարզաբանել, թե շարքային գյումրեցիները, ովքեր ձեր պահած ու սնածների ձեռքը կրակն են ընկել, ինչպես և որտեղ են արտահայտել իրենց «գողական մտածելակերպը»: Եվ ի վերջո,  եթե չեք կարողանալու ապահովել գյումրեցիների անվտանգությունը, գոնե նրանց անվտանգության համար աղոթեք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկարամ says:

    Տո դե գնա է , այ գրանտակեր, ինչ ես մեյդան ընկել, Վահանիկ, դու ինչ շահ ունես, որ էս թեմաներով խոսում ես? գրանտներդ նկարի ու կեր , քու ինչ խելքի բանն է գողական-կրիմինալ վերլուծելը?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930