Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքը եւ մենք

Ապրիլ 30,2013 13:27

Նա տեսել է երեւի արեւային մի քաղաք…

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Հայրենիքը եւ մայրաքաղաքը յուրաքանչյուր պետության գլխավոր սահմանումներից են: Եվ եթե առաջինը ամբողջական առումով արտացոլանքն է հավաքական աշխատանքի ու կյանքի, ապա երկրորդը ավելի ներս ընկած, տնային կարգավիճակ ունի: Մայրաքաղաքը սիրտն է հայրենիքի, նրա կենտրոնը, ճաշակի թելադրողը, ամենավառ միավորը: Հայրենիքը ունի Սահմանադրություն, հստակ հրամայականներ ու կոնկրետ, իր նկատմամբ պարտադիր, պատասխանատվություն եւ պարտականությունների համալիր ցանկ, որը տարածական է բոլորի վրա: Մայրաքաղաքի քաղաքային մշակույթը զարգանում է չգրված օրենքներով, ավանդույթներով եւ խորը, բարձրարժեք երեւակայության շնորհքով: Յուրաքանչյուր սերունդ՝ ժամանակի մեջ, իր հետքն է թողնում, որը պետք է պահպանվի դարերով: Պատմականորեն Երեւանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է (մ.թ.ա. 782թ.) նույնիսկ, այս առումով, ավելի հին, քան Հռոմը (մ.թ.ա. 21 ապրիլի 753թ.), սակայն որպես քաղաքային մշակույթ Երեւանի տարիքը չի հատում մեկ հարյուրամյակը: Պատմական եւ առաջին բացատրությունը նա է, որ Հայաստանը ունեցել է մի շարք այլ մայրաքաղաքներ (Արտաշատ, Տիգրանակերտ, Դվին, Անի եւ այլն)՝ հետաքրքիր եւ գեղեցիկ: Երեւանը իր դեմքը սկսեց ստեղծել, ձեւավորել 19-րդ դարի առաջին քառորդից: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ հայ հասարակության սերուցքը, մտավորականությունը, առավել ստեղծագործ հատվածը ապրում ու աշխատում էր հիմնականում Կոստանդնուպոլսում եւ Թիֆլիսում՝ քաղաքներ, որտեղ արեւմտյան քաղաքակրթությունը եւ արեւելյան հեքիաթը վաղուց ի վեր միասին էին ապրում: Խորհրդային շրջանում մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը մեկնարկեց Թամանյանի կնքահայրությամբ եւ ապա շարունակվեց արժանի հետնորդների գործով ու քաղաքը լցվեց իր զարգացման համար անհրաժեշտ հյութերով՝ ավանդույթներով, տոներով, հիշատակի օրերով, հին երեւանցիներով, բակային մթնոլորտով, քաղաքի տղա տեսակով, թատրոն գնացող, գիրք պաշտող, սպորտ սիրող քաղաքային հասարակության կենսակերպով, ցայտաղբյուրների, պուրակների ու շատրվանների առանձնահատկությունով եւ առատությամբ: Երբ մուտք գործեցինք անկախության դարպասներից՝ դեմ առանք պատերազմին Լեռնային Ղարաբաղում: 1990-ներին կառավարման էներգիան ամբողջությամբ ուղղված էր ղարաբաղյան ֆրոնտին, թիկունքում անվտանգության եւ կայունության ապահովմանը: Զինված ուժերի ստեղծմանն ու կայացմանը, դիվանագիտական հարաբերություններին եւ ապա տնտեսական արդյունավետության ապահովելու խնդրին: Բնական է, որ պատերազմող ու ետպատերազմյան պետության առջեւ շատ ավելի գլոբալ հարցեր կան ծառացած ու քաղաքային խնդիրները առաջնահերթ չեն, սակայն 1996թ.-ի վերջից մայրաքաղաքում հետաքրքիր լուծումների եւ դրական տեղաշարժերի ականատեսը եղանք: 2000-ը կայունության եւ որոշակի տնտեսական բարելավման շրջան էր, Երեւանում սկսվեց շինարարական բումը: Նորակառույց շենքերը եւ շինությունները շատացան, ինչը, սակայն, ոչ միանշանակ ընդունվեց ճարտարապետական, մասնագիտական շրջանակների եւ հասարակության կողմից: 2009թ. սկսած՝ Երեւանում քաղաքային աշխատանքը էականորեն բարելավվեց, եւ արդյունքը շոշափելի, տեսանելի է: Վերջին տարիներին քաղաքային իշխանության ու մտավորականության միջեւ շփումը, աշխատանքը ավելի խորացավ, հասարակության հետ երկխոսությունը բարձրացավ նոր մակարդակի վրա, գործելաոճը դարձավ զգալիորեն բաց եւ թափանցիկ, արագ արձագանքման ու վերականգնողական աշխատանքները շատ ավելի լավ սկսեցին գործել, օրենքների կիրառումը օբյեկտիվորեն խստացավ, շրջադարձ եղավ դեպի կանաչ գոտին, ֆլորան եւ ֆաունան, սկսեցին գործել շատրվանները, ասֆալտապատման եւ փողոցների բարեկարգման աշխանքները արագ ու որակով են լինում, բակերում ավելացան ֆուտբոլային դաշտերը, մարզահրապարակները: Իհարկե եղել են թերություններ, ինչպես յուրաքանչյուր աշխատանքում, բայց ով չի սխալվում՝ միայն նա, ով չի աշխատում, որտեղ չկա քննադատություն, քննարկում, որտեղ չկա աշխատանք: Այսօր մենք շարժվում ենք, Երեւանի պատմության մեջ, երկրորդ համաքաղաքային ընտրությունների ուղղությամբ: Մասնակցում է վեց ուժ, որոնցից ամենաազդեցիկների քարոզչության թիրախային տարբերությունը երկու դեմք ունի: ՀՀԿ-ն շեշտը դնում է կատարած աշխատանքի, լրացումների եւ մայրաքաղաքի զարգացման ծրագրերի վրա՝ հիմքը քաղաքի բարելավման հեռանկարը: Մյուս մասնակիցների հիմնական մասի ընտրարշավի մեխը քաղաքական է: Այսինքն՝ ընտրողն ունի ընտրության երկու տարբերակ՝ քաղաքային խնդիրներ եւ քաղաքական կոչեր: Այստեղ ուշադրության արժանի, հետաքրքիր երկու դրվագ կա: Առաջինը, որ քաղաքագիտական տեսանկյունից հիմնազուրկ է, այն ագրեսիվ քարոզչությունը, թե պետք է սկսել ու փոխել իշխանությունը այս ընտրությունների միջոցով, երբ ընդամենը երկու ամիս առաջ ավարտվեցին համապետական ամենամեծ նշանակություն ունեցող նախագահական ընտրությունները, որոնք լավագույն հնարավորությունն էին ռադիկալ փոփոխության ցանկություն ունեցող ուժերի համար եւ որոնք շատ ժամանակ ու հնարավորություններ ունեին մասնակցելու այդ ընտրությանը: Սա կամ պոպուլիզմ է, կամ քաղաքական գործողությունների հստակության պակաս: Մի տեսակ մեղավոր միամտության տպավորություն է թողնում: Եվ երկրորդը, որ քաղաքային ընտրությունները իրենց բնույթով եւ բովանդակությամբ տարբերվում են մյուս խոշոր ընտրություններից: Այստեղ քաղաքային հարցերի երանգն ավելի գերակշռող է, քան քաղաքականը: Բնականաբար, յուրաքանչյուր ընտրություն  կուսակցություններին եւ ակտիվ անհատների դրսեւորման հնարավորություն է տալիս (քաղաքականությունը հնարավորի արվեստն է): Սակայն մայրաքաղաքային ընտրություններում պահանջարկը, հարցադրումները, սպասումները, մակարդակը, մրցակցային դիվիզիոն ուրիշ է: Այստեղ ավելի կարեւոր է շոշափելի աշխատանքը, քան հայտարարությունները: Կարծում եմ՝ երեւանցու համար ավելի հետաքրքիր կլինի Երեւանի կառավարման եւ զարգացման մասին բանավեճին հետեւել (ուղղակի կամ անուղղակի), քան քաղաքայինի ու քաղաքականի արանքն ընկնել: Այսօր բոլոր հնարավորությունները կան Երեւանը ավելի շքեղացնելու: Պահպանենք ու վերականգնենք հնի լավն ու բարին, շտկենք եւ շարունակենք նորի հաջողությունները, բարձրացնելով օպերատիվ, վարչական աշխատանքի որակը, ճարտարապետական, գեղագիտական հետաքրքիր լուծումներ գտնենք, այդպիսով ավելացնելով մեր Երեւան մայրաքաղաքի փայլը: Համոզված եմ, որ մայիսյան ընտրությունից հետո կատարվող աշխատանքների եւ ավելացող նոր ծրագրերի հաջորդականությունն ենք տեսնելու եւ ընթացքում ավելի լավ Երեւան ենք ունենալու:

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ 

ՀՀԿ Ե/Կ Քաղաքական հարցերի

հանձնաժողովի նախագահ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930