Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր պատմում Անիի նախկին ոստիկանապետը իր ու Վարդան Ղուկասյանի խնամախոսության մասին զրույցից

Մայիս 06,2013 21:32

Այսօր  Շիրակի մարզ ընդհանուր  իրավասության դատարանում շարունակվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը, որը տեւեց բավական երկար, նույնիսկ աշխատանքային ժամի ավարտից հետո: Ինչպես միշտ, դատն անցավ լարված մթնոլորտում,  վիճաբանություններով, միմյանց  հասցեագրված  վիրավորական խոսքերով:

ani-02

Այսօր վկայություն տվեց ամբաստանյալ  Հարություն Սարգսյանի հայրը` Սամվել Սարգսյանը, որը  Անիի նախկին ոստիկանապետն էր: Նա ասաց, որ իրենք   երբեւէ  չեն գնացել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ձեռքը խնդրելու: Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի, այս դաժան սպանությունը կատարվել էր խանդի հողի վրա: Սամվել Սարգսյանի դատարանին տված ցուցմունքը սկսվեց եւ ավարտվեց թունդ վիճաբանությամբ: Նախկին ոստիկանապետը  իր խոսքի  սկզբում հայտարարեց, որ շատ լավ է  ճանաչում  սպանված Կարեն Եսայանի հորը, ով բազմիցս իր մոտ է եկել ու խնդրել գործերը դասավորել՝ ԱՄՆ բնակության տեղափոխվելու համար: Սա անչափ զայրացրեց Կարեն Եսայանի մորը` Անահիտ Իսկանդարյանին, ով ստախոս անվանեց Անիի նախկին ոստիկնապետին:

Ինչեւէ, Սամվել Սարգսյանը պատմեց հետեւյալը. « 2012 թվականի գարնանը, չեմ հիշում, կարծեմ մարտին, ես Գյումրու քաղաքապետարան էի գնացել ոչ թե Վարդան Ղուկասյանի աղջկա ձեռքը խնդրելու, այլ իմ ու հարեւանի հողատարածքների համար լիցենզիա հանելու: Մի քանի անգամ գնացի, աշխատողը տեղում չէր, նրա կաբինետը 3-րդ հարկի աջ կողմում է, կողքին էլ  Վարդան Ղուկասյանի եղբոր` Գեւորգի կաբինետն էր: Որ հավաքվեցինք,  քաղապետարանի աշխատակիցներից շատ լուրջ մարդիկ ինձանից հետաքրքրվեցին, թե լուծե՞լ եմ իմ երեխաների հարցերը: Ես ասացի, որ մի  աղջիկս ամուսնացած է` Եվրոպայում է, փոքրը ամուսնացած չէ, իսկ որդիս` Հարությունը,  չի ամուսնանում, որովհետեւ համապատասխան աղջիկ չենք ճարում: Ինձ խորհուրդ տվեցին Վարդան Ղուկասյանի աղջիկներից մեկին ուզել: Ասին, որ լավ աղջիկներ ունի: Իմ գործերի ընթացքում մի հարց ծագեց, որը պիտի քաղաքապետով  լուծվեր: Մտա նրա մոտ, բարիդրացիական զրույց ծավալվեց  մեր մեջ: Հետո ասի, որ ինձ խորհուրդ են տվել ձեր աղջկա ձեռքը խնդրեմ Հարությունիս համար, նա էլ ինձ իր եղբոր` Գեւորի մոտ ուղարկեց: Գեւորն էլ ասաց, որ էդ աղջկա հարցերը արդեն լուծված են: Ես քաղաքապետարան  չեմ գնացել հատուկ խնամախոսության նպատակով: Հետո տղաս վերադարձավ ԱՄՆ-ից, որ պատմեցի իրեն, նեղացավ, թե շատ իզուր ես  գնացել: Այս դեպքից հետո նոր իմացա, որ իմ տղան ընտրյալ աղջիկ ունի»: Սամվել Սարգսյանը դատարանին նաեւ հայտնեց, որ ինքը տեղյակ  էր, որ իր որդին այդ օրը գնալու էր Վրաստան, քանի որ փող պիտի տար գործընկերոջը: Ըստ նրա, սպանության օրը  իրեն է զանգահարել ոստիկանության հետաքննության բաժնի պետ Արսենը ու հարցրել, թե որտե՞ղ է որդիդ: Ինքն էլ ասել է՝ Վրաստանում, որից հետո հետաքննիչը խնդրել է վերադառնալուն պես ներկայանալ ոստիկանություն:

Այդ ընթացքում իրենց տուն են այցելել Վարդան Ղուկասյանի եղբայրը` Գեւորգ Ղուկասյանը, քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից՝ Հովհաննես Գրքիկյանը եւ Ղուկասյանների  հորեղբոր որդին `ԱԺ պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը, ովքեր, ըստ Սամվել Սարգսյանի, զրուցելով իր որդու հետ, կարծիք են կազմել, որ նա չի կարող լինել մարդասպանը: Սամվել Սարգսյանի  պատմելով, երբ իրենք  ներկայացել են ոստիկանություն, ներս է մտել  Գյումրու այդ ժամանակվա ոստիկանապետ Շաշիկյանը  ու իր որդուն տեսնելով` գոռացել. «Սարգսյան Հարությունը դո՞ւ ես, եթե դու չգիտես էդ տղային `Կարենին,  կիմանաս» ու  սկսել է հայհոյել: Անիի նախկին ոստիկնապետի ասելով, ինքը կարգի է հրավիրել վերջինիս` հիշեցնելով, որ նա գնդապետ է, եւ մի հատ էլ ապտակել է ոստիկանապետին:  Ըստ Սամվել Սարգսյանի, Շիրակի մարզային ոստիկանապետի տեղակալ Վահրամ Ենգոյանն էլ իրեն նախազգուշացրել է հետեւողական լինել, քանի որ ասել է`գործը ուզում են կոտրել քո տղայի վրա: «Ես նորից եմ կրկնում,  ես չեմ գնացել Վարդան Ղուկասյանի դստեր ձեռքը Վարդանի կաբինետում խնդրելու, նա օջախ չունե՞ր, որ գնայի կաբինետում  խնամախոսության, հո մարդը գազան չէ, եթե պետք լիներ ես կգնայի նրանց տուն, տղայիս հետ, բուկեդ կվերցնեի»:

Վկան  պնդում էր , որ իր որդին անգամ դանակ չի պահել իր մոտ, ուր մնաց զենք պահեր ու մարդ սպաներ: Ըստ նրա՝ որդին ընդամենը մի անգամ իրենից գաղտնի իրեն պատկանող օրինական ոսորդական հրացանով կրակել է տան առնետներին: «Ես ողբում եմ սպանված տղայի`Կարենի համար, բայց իմ տղան էլ սաղ-սաղ է թաղված, ես երդվում եմ, որ սուտ չեմ խոսում, եթե սուտ խոսեմ, թող երեք թոռնիկներս ու տղաս ինֆարկտ ստանան, հարցրեք Շիրակի ոստիկանապետ Կարեն  Բաբակեխյանին, նա կասի`ով է սպանել Կարենին» : Վերջինս նաեւ դժգոհում էր, որ իր տղային ոստիկանությունում ծեծել են, խոշտանգել, արյան հետքեր են  եղել վրան:

Ի դեպ, դատարանում  դատախազը հայտնեց, որ Գյումրու ոստիկանների կողմից Հարություն Սարգսյանին ծեծելու գործը  կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Սա ապշեցրեց Հարություն Սարգսյանի պաշտպանին`Լուսինե Սահակյանին: Ըստ նրա, խախտվել է իր պաշտպանյալի  բողոքելու իրավունքը, քանի որ նա տեղյակ չի եղել գործի ընթացքի մասին: Մի խոսքով, դատարանը հրապարակեց Սամվել Սարգսյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա գրել էր, թե գնացել է քաղաքապետարան Վարդան Ղուկասյանից խնդրելու, որպեսզի թույլ տա իր դուստրն ու Հարությունը  հանդիպեն: Վկայի ցուցմունքով, քանի որ դստեր անունը շփոթել էր, նորից է  գնացել Վարդան Ղուկասյանի մոտ, ով ասել է, թե շատ խառն է, ու ուղարկել է իր եղբոր` Գեւորգի մոտ: Գեւորգ Ղուկասյանը լսել է այդ մասին, սակայն 3 օր անց հայտնել, որ Վարդանը ուրիշի  է խոստացել  դստեր ձեռքը: Իր տղան` Հարությունն էլ, վերադառնալով  ԱՄՆ-ից, անչափ զայրացել է, թե ինչո՞ւ է հայրը առանց իր գիտության նման բան արել:

Դատախազը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդքան հակասություն կա նախաքննական մարմնին ու դատարանին տված ցուցմունքների մեջ , որին  ի պատասխան նախկին ոստիկնապետը երդվում էր, թե նախաքննական ցուցմունքը գրել է քննիչը, իսկ ինքը առանց ընթերցելու ստորագրել է:

Ցուցմունքի մեջ կար եւս մեկ հակասություն, հայրը գրել էր, թե տեղյակ չէ` ինչո՞ւ է որդին այդ օրը որոշել գնալ Վրաստան: Մի խոսքով, դատը ավարտվեց թունդ վիճաբանությամբ, վիրավորանքներով, սպանված Կարեն Եսայանի մայրը նստած տեղից ասաց. «Դու ստախոս ես, այս ամենը սուտ է, թոռներիդ արեւով երդվեցիր,  ձեռքդ դրեցիր Բիբլիային ու սուտ խոսեցիր, որ իմ ամուսնուն ճանաչում ես»: Նախկին ոստիկանապետն էլ դարձյալ պնդում էր, թե ճիշտ է`Կարեն Եսայանի հոր`Ռազմիկի  ԱՄՆ մեկնելու վիզան ինքը չի սարքել, բայց նրան վաղուց  է  ճանաչում: Դատը  արդեն անկառավարելի դարձած մթնոլորտում հետաձգվեց մինչեւ ամսի 22-ը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031