Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը տեղամասում մոմեր է վառել, որ չարքերին քշի

Մայիս 09,2013 22:59

Թիվ 11 ընտրատարածքի 11/16 տեղամասի հանձնաժողովի աշխատանքից դժգոհ է ոչ միայն «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը, այլեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) նախագահը:

«16 տեղամասում իսկապես կազմակերպչական լուրջ խնդիրներ կան, հանձնաժողովի նախագահը կազմակերպչական հարցերում, մեղմ ասած, թերացել է»,-Aravot.am-ին ասաց ԸԸՀ նախագահ Կարեն Մխիթարյանը:

«Բարեւ Երեւան» Դաշինքի դիմումով այդ տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկին մասնակցող Անահիտ Բախշյանն էլ պատմեց, որ տեղամասային արձանագրության հետ ոչ մի թիվ վերահաշվարկի ժամանակ չհամապատասխանեց: Պարզվում է՝ տեղամասում արձանագրել են 9 անվավեր քվաթերթիկ, վերահաշվարկի ժամանակ պարկում գտել են ութը:

ԲՀԿ-ի օգտին արձանագրված քվեաթերթիկների թիվը 265 էր, վերահաշվարկող հանձնաժողովականները պարկում գտել են 264-ը, որից 7–ը բացահայտ անվավեր են եղել, իսկ երկուսը` ՀՀԿ-ի օգտին քվեարկածներ: «Ստացվեց՝ ԲՀԿ-ի քվեների թիվը տասով պակասեց»,- ասաց տիկին Բախշյանը:

«Բարեւ Երեւան» Դաշինքի արձանագրված քվեաթերթիկների թիվը 66 էր, որից 2-ը վերահաշվարկի ժամանակ անվավեր են ճանաչվել, ՀԱԿ-ի 40 քվեաթերթիկներից էլ 3-ը ՀՀԿ-ի ձայներն էին, իսկ ՀՅԴ-ի 37 քվեաթերթիկներից  1-ը կրկին անվավեր է եղել, ՀՀԿ-ի օգտին արձանագրված 524  քվեաթերթիկներից էլ պարկում վերահաշվարկի ժամանակ գտել են 521-ը: «Ստացվեց, որ ընտրողների ցուցակներում եղել է 960 ստորագրություն, բայց քվեաթերթիկների իրական թիվը երկուսով պակաս էր: Ընտրատեղամասը 1650 քվեաթերթիկ էր ստացել, բայց երբ մարված ու պարկում եղած քվեաթերթիկները գումարում ես իրար 1646 է ստացվում, չորս քվեաթերթիկ չկա»,- պատմեց տիկին Բախշյանը:

Ի դեպ, ականատեսների պատմելով, այդ տեղամասի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը մայիսի 5-ին՝ ավագանու ընտրությունների օրը, տեղամասում մոմեր է վառել, ու երբ նրանից հարցրել են՝ ինչու, պատասխանել է՝ չարքերին եմ քշում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031