Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեցին Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը եւ Մարտունու հիվանդանոցը

Մայիս 23,2013 16:35

Երեւան, մայիսի 23, 2013թ.: «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում Հիմնադրամի բարերարներից, հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ սկսել է իր հաշվետու այցելությունները հայաստանյան ու արցախյան ծրագրեր:

ԼՂՀ ծրագրեր այցելությունների ճանապարհին պատվիրակության առաջին կանգառը Գորիսի սրտաբանական կենտրոնն էր, որը կառուցվել է 2010 թվականին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի, Մարսելի «Հայաստան-Ֆրանսիա առողջապահության միության» (ASAF), Ֆրանսիայի Բուշ Դյու Ռոն նահանգի վարչակազմի նախաձեռնությամբ եւ Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի ֆինանսավորմամբ:

Այսօր` մայիսի 23-ին, շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը ԼՂՀ Մարտունու շրջանում հանդիսավորությամբ բացեց համայնքի համար երկու կարեւորագույն ծրագիր` Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը եւ Մարտունու հիվանդանոցը, որոնք կառուցվել են Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ:

Բացումներին ներկա էին նաեւ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու ներկայացուցիչ Շահե վարդապետ Անանյանը, ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Խորեն Բանդազյանը, գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը, համայնքի ներկայացուցիչներ, գյուղի բնակիչներ:

«Շնորհակալ եմ, որ կապվել եք ձեր գյուղին: Հուսով եմ, որ այսպես միշտ կլինի, եւ էլ ավելի կստվարանան այստեղ կանգնած երեխաների շարքերը, ու շեն կմնա այս հողը»- բացման խոսքում ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Կարմիր Շուկա գյուղի ավելի քան 1050 բնակիչները ( 270 տնտեսություն) արդեն իսկ ունեն շուրջօրյա կանոնավոր ջրամատակարարում: Շնորհիվ կառուցված ներքին ցանցի` ջուրը աղբյուրներից առանձին ջրագծերով հասնում է տներ: Համակարգը ներառում է 11 կմ երկարությամբ ջրագիծ եւ երկու օրական կարգավորման ջրամբար: Ծրագիրը համաֆինանսավորել է ԼՂՀ կառավարությունը:

Վաղուց սպասված էր Մարտունի քաղաքում նոր հիվանդանոցի կառուցումը, որը համաֆինանսավորել է Ամերիկայի «Հայ բժիշկների հիմնադրամը»: Բացման խոսքով հանդես եկավ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, ով մեծապես կարեւորեց այս նախաձեռնությունը: Երկհարկանի նորակառույցը Հիմնադրամի կառուցած ամենախոշոր բուժհաստատությունների թվում է (ընդհ. 2470 քմ), որտեղ նախատեսված են անհրաժեշտ ենթակառուցվածքները ժամանակակից բուժսպասարկում ապահովելու նպատակով: Բուժհաստատությունում կգործեն պոլիկլինիկա, ծննդատուն, ախտորոշման, շտապ օգնության, վիրահատական, թերապեւտիկ եւ գինեկոլոգիայի բաժանմունքներ: Առանձին մուտքով կգործի բուժսպասարկման արդի պահանջներին բավարարող ինֆեկցիոն բաժանմունքը:
Հիվանդանոցի անխափան աշխատանքը կապահովեն նորակառույց կաթսայատունը եւ պահեստային էլեկտրաենթակայանը: Վերելակը կապահովի հիվանդների արդյունավետ սպասարկումը:
Հիվանդանոցում տարեկան կարող է սպասարկվել շուրջ 1000 ստացիոնար եւ 1400 ամբուլատոր հիվանդ: Հիվանդանոցի կահավորումը կստանձնի ԼՂՀ կառավարությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի մասնաճյուղի ատենապետ Խորեն Բանդազյանը. «Ուրախ ենք, որ սփյուռքի եւ ԼՂՀ կառավարության միջեւ ձեւավորված համագործակցության արդյունքում այսօր ունենք եւս մեկ ժամանակակից բուժհաստատություն: Մեր գործընկեր «Հայ բժիշկների հիմնադրամի» միջոցներով կառուցված այս հիվանդանոցում համայնքի բնակիչները կկարողանան որակյալ բուժում ստանալ: Հուսանք, որ այս խոշոր ձեռնարկին կհաջորդեն այլ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք կարեւոր են ռազմավարական այս տարածքի համար»:
Նշենք, որ Մարտունու հիվանդանոցը ԱՄՆ Արեւելյան շրջանի հայ համայնքի օժանդակությամբ կառուցված երկրորդ խոշոր բուժհաստատությունն է Արցախում. Ստեփանակերտի պոլիկլինիկան, որը գործում է 2006թ.-ից, այսօր էլ քաղաքի համայնապատկերում աչքի է ընկնում որպես ժամանակակից չափանիշներին համապատասխանող հաստատություն:

 «Հայաստան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031