Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը դիմում է գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին

Մայիս 25,2013 13:02

«Դուք` պարոնայք գլխավոր դատախազ եւ ՀՔԾ պետ, չեք կարող օբյեկտիվ քննություն ապահովել, որովհետեւ տարածքները պատկանում են այնպիսի մարդկանց, որոնց վրա Դուք չեք կարող ազդել»:

ՀՀ ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանի պահանջով 2012թ. ժամանել եմ Հայաստան եւ մայիսի 4-ին մասնակցել 83159711 քրեական գործով հարցաքննությանը, առերեսումների: Խնդրել եմ հանդիպում դատախազությունում, եւ մեր հանդիպման ընթացքում ես, իմ փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի հետ միասին ներկայացրել ենք «Արին կապիտալ» ՍՊԸ-ի հետ կապված Վլադիսլավ Մանգասարյանի եւ Ղեւոնդ Ղալումյանի կազմակերպած հանցագործության մասին եղելությունը: Հաշվի առնելով կատարվածը՝ ստացանք բանավոր համաձայնություն՝ ընկերության մնացած գույքի վրա արգելանք դնելու մասին եւ քննիչին ներկայացվեց պահանջված համապատասխան դիմումը: Այդ դիմումին ընթացք չի տրվել, այն պատճառաբանությամբ, որ դատավարական կողմ չեմ, այսինքն` քանի դեռ տուժող չեմ ճանաչվել, իրավասու չեմ նման դիմում ներկայացնելու:

Պարոնայք, ընկերությունը թալանելով՝ չեն վճարվել պետական հարկերը, եւ ես ու բազմաթիվ քաղաքացիներ կրել ենք հսկայական վնասներ: Եթե իմ եւ բազմաթիվ քաղաքացիների կրած վնասները տվյալ պահին ակնհայտ չէին, ապա պետական հարկերը չվճարելու համար պետությունը հսկայական վնասներ էր կրել եւ դատախազությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեր իմ ընկերության մնացած տարածքների վրա արգելանք դնելու ուղղությամբ եւ կանխեր Մանգասարյանի կողմից ընկերության գույքի հետագա թալանը: Եթե ես եւ մի շարք գնորդներ տուժող չէինք ճանաչվում, ապա Հայաստանի Հանրապետությունը հաստատ տուժել էր եւ պետական շահը պահանջում էր կանխել Մանգասարյանի կողմից փողերի լվացման հետագա գործունեությունը, սակայն Վ. Մանգասարյանին հնարավորություն տրվեց մնացած տարածքները եւս օտարելու: Այսպիսով, դատախազությունը, սկսած 2010-ի նոյեմբերից եւ առնվազն իմ կողմից հանցագործության վերաբերյալ դիմում ներկայացնելուց, անգործություն է դրսեւորել, իսկ քրեական գործը հարուցելուց հետո` հսկողություն չի իրականացրել եւ նպաստել է Մանգասարյանին ու իր հանցագործ խմբին ընկերության տարածքները ապօրինի տնօրինելու հարցում: Ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվել իմ դիմումին լիարժեք ընթացք տալու համար, ո՞ւմ է դա ձեռնտու, ո՞վ եւ ովքե՞ր են արտոնել Մանգասարյանին տվյալ թալանը իրականացնելու մեջ: Ինչո՞ւ համապատասխան միջոցներ չեն կիրառվել, ո՞վ եւ ովքե՞ր են պատասխանատու դրա համար:

ՀՀ գլխավոր դատախազին հայտնի են հանցագործության մանրամասնությունները. միջոցներ չեն ձեռնարկվել, որովհետեւ «Արին կապիտալ» ՍՊ ընկերության յուրացումները հովանավորվել եւ շարունակվում են հովանավորվել մի շարք պաշտոնատար անձանց կողմից, ինչի շնորհիվ Մաշտոցի 33ա եւ 33/1 շենքում տեղ են գտել Մանգասարյանի ու Ղալումյանի, ինչպես նաեւ՝ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորներն ու ազգականները:

Ինչեւէ, ի վերջո, 2 ամիս առաջ կալանավորվում է Մանգասարյանը, եւ գործն ուղարկվում ՀՔԾ: Կարծես թե սկսվում է չափազանց ուշացած, բայց օբյեկտիվ գործընթացը, որտեղ հայտնի կլինեն Մանգասարյանին հովանավորող պաշտոնյաների ու ՊԵԿ-ի հարկային պետի, սնանկության գործով կառավարչի եւ սնանկության գործով դատավորի հովանավորչությունն ու այլ ապօրինությունները: Սակայն երեկ հայտնի է դառնում, որ ՀՔԾ-ն ընդամենը ուսումնասիրել է Վ. Մանգասարյանի ստահոդ հայտարարության հիման վրա եւ վերջապես արդարացի որոշում է կայացվում` տվյալ դրվագով գործը կարճվում է: Սակայն այդ որոշումը ես այնքան էլ արդարացի չեմ համարում, քանի որ առ այսօր ընկերությունից յուրացված տարածքները դեռեւս շարունակվում են վերավաճառվել, եւ ես բոլոր հիմնավորումներն ունեմ հաստատելու, որ այդ տարածքների վրա արգելանք չի դրվում, որովհետեւ դրանք տնօրինում են հանրապետության բարձրաստիճան մարդիկ, եւ Դուք` պարոն գլխավոր դատախազ, ու ՀՔԾ-ի պետը չեք կարող օբյեկտիվ քննություն ապահովել, որովհետեւ տվյալ տարածքները պատկանում են այնպիսի մարդկանց, որոնց վրա Դուք չեք կարող ազդել:

 

ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆ

ԱՄՆ, Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031