Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ու Հովիկ Աբրահամյանը հո թեւ թեւի բռնած շուրջպար չե՞նք բռնելու»

Մայիս 25,2013 13:20

Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ իրեն ճնշելը գործնականում անհնար է

«Նիստի ժամանակ ես ու Հովիկ Աբրահամյանը հո թեւ թեւի բռնած շուրջպար չե՞նք բռնելու, որ բոլորը տեսնեն, որ երկուսիս տրամադրությունն էլ շատ բարձր է: Մի մտահոգվեք, ամեն ինչ նորմալ է, եւ իմ տրամադրությունն է շատ բարձր, եւ մեր քաղաքական թիմի, եւ այսօր մենք լծված ենք այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են մեր ժողովրդի առջեւ»,- այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն «Առավոտի» հարցին, թե՝ իսկապե՞ս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իրեն ցանկանում է ճնշել: Դեռ Երեւանի ավագանու ընտրություններից հետո մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում ղեկավարում էր ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, խանդով է վերաբերվում այն հանգամանքին, որ ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի շտաբը ղեկավարում է խորհրդարանում իր տեղակալը՝ Էդուարդ Շարմազանովը: Համաձայն այդ հրապարակումների՝ խանդն ավելի խորացել էր արդեն հետընտրական շրջանում, երբ երիտհանրապետականները գերազանցել էին այն բոլոր ցուցանիշները, որոնք ավագ սերնդի ՀՀԿ-ականներին հաջողվել էր գրանցել ընտրություններում: Օրերս մամուլը կրկին արձանագրել է սույն հակասությունների մասին ու փաստել, որ ԱԺ քառօրյայի ժամանակ Հովիկ Աբրահամյանն ու Էդուարդ Շարմազանովը տխուր նստած են եղել նախագահությունում, միմյանց հետ էլ չեն շփվել: «Թե քաղաքական գործիչները եւ թե մամուլի մեր գործընկերներն ինձ ճանաչելով՝ պետք է որ լավ իմանային, որ անգամ մեծ ցանկության դեպքում գործնականում անհնար է ինձ ճնշել: Դա պարզապես ծիծաղելի է, ու ես ցանկանում եմ ապակե տնակում ապրողներին խորհուրդ տալ այլոց վրա քար չնետել, քանի որ այդ քարը կարող է իրենց գլխին փլել այդ ապակե տնակը»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով անցած օրերին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումներին եւ խորհրդարանական ընդդիմադիր ու այլընտրանքային ուժերի կեցվածքին վերաբերող հարցին էլ՝ մեր զրուցակիցն ասաց. «Ավստրալիայից մինչեւ ԱՄՆ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ընդդիմությունը քննադատում է, իսկ կառավարությունը ցույց է տալիս իր արածն ու չարածը: Սակայն, ի տարբերություն նշածս եւ զարգացած այլ երկրների, մեզ մոտ ընդդիմությունը միայն քննադատում է՝ չներկայացնելով իր պատկերացումները՝ բացառությամբ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի, ով ներկայացրեց իր մոտեցումները: Մինչդեռ աշխարհում ընդունված է՝ եթե քննադատությունն այլընտրանքային ծրագիր չի պարունակում, դա գրոշ չարժե»: Մեր զրուցակցի կարծիքով՝ կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ քաղաքական մեծամասնությունը շատ ավելի հիմնավորված եւ հստակ ներկայացրեց իր փաստարկները՝ «ի տարբերություն ընդդիմության, որը միայն բողոքում էր»:

Թեպետ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «դեմ» քվեարկեց կառավարության ծրագրին, բայց ի տարբերություն ընդդիմադիր խմբակցությունների՝ այլընտրանքային ԲՀԿ-ից խիստ քննադատություն չհնչեց: Մինչդեռ ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ն անողոք քննադատում էր եւ վարչապետին, եւ կառավարության գործունեությունը: «Առավոտը» ԱԺ փոխխոսնակից հետաքրքրվեց՝ այնուհանդերձ, իշխող մեծամասնության համար անակնկալ կամ անսպասելի չէ՞ր ԲՀԿ-ի քվեարկությունը, մանավանդ, որ ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ իր ղեկավարած կուսակցությունը չի կարող ընդդիմություն լինել: Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «ԲՀԿ-ն ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել, բայց այնպես չէ, որ մենք գիշերը չենք քնում եւ մտածում ենք, թե ԲՀԿ-ն ինչպես պետք է քվեարկի: ԲՀԿ-ի քվեարկությունը, ինչպիսին էլ այն լինի, մեզ ոչ անհանգստացնում է, ոչ էլ մտահոգում: Դա իրենց խնդիրն է: Իշխող քաղաքական ուժի համար կարեւոր է, որ մեր ծրագիրը կյանքի կոչվի, որովհետեւ այդ դեպքում հասարակության վիճակը կբարելավվի, եւ այն բազմաթիվ խնդիրները՝ անարդարության, կոռուպցիայի, աղքատության հետ կապված, որոնք ծառացած են մեր համաքաղաքացիների առջեւ, աստիճանաբար կլուծվեն: Մենք շահագրգռված ենք, որ մեր հասարակության վիճակը լավանա, եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի աստիճանաբար բարելավվի հասարակության վիճակը»: «Ազգի համար» համատեքստում հայտարարությունները հայ հասարակության համար վաղուց նորույթ չեն եւ վաղուց չեն մխիթարում մեր հայրենակիցներին, մանավանդ, որ գազի սակագնի բարձրացման մասին խոսակցություններն արդեն իսկ սննդամթերքի եւ ամենօրյա օգտագործման ապրանքների թանկացումներ բերեցին, եւ Հայաստանում մարդիկ առաջին անգամ, թեկուզեւ ստվար զանգվածով, սոցիալական խնդիրների համար դուրս եկան բողոքի ցույցի. իշխող կուսակցությանն այս հանգամանքը չի՞ մտահոգում՝ մեր դիտարկում-հարցին ԱԺ փոխխոսնակն արձագանքեց. «Մեզ մտահոգում է ցանկացած իրադարձություն, որը կարող է թեկուզ մեկ տոկոսով ծանրացնել հայաստանցիների սոցիալական վիճակը: Էդուարդ Շարմազանովի ընտանիքի բյուջեի վրա էլ են այդ թանկացումներն ազդում, իմ ընկերների, իմ բարեկամների վրա նույնպես: Այնպես չէ, որ մենք ապրում ենք շքեղ ապարանքներում՝ Հայաստանից կտրված, ու այդ ամենից զերծ ենք: Դրա համար էլ իշխանությունը, կառավարությունն այլընտրանքային ռեսուրսներ են մշակում՝ սուբսիդավորում, փոխհատուցում եւ այլն, որպեսզի այդ սոցիալական բեռն ավելի թեթեւ լինի: Բայց, չգիտես ինչու, բոլորին թվում է, թե կառավարությունը, իշխանությունը գազը դրել է գրպանում ու երբ ցանկանում՝ գազի գինը բարձրացնում է, երբ ցանկանում՝ իջեցնում է: Որեւէ մեկը չի ասում, որ այս տարիների ընթացքում այս իշխանության եւ հանրապետության նախագահի գործուն միջամտության արդյունքում ՀՀ-ում գազի գինն ամենացածրն է մնացել տարածաշրջանում: Նույնիսկ իր ամենամերձավոր դաշնակիցներից մեկին՝ Բելառուսին, գազ վաճառող ռուսական կողմը գազը վաճառում է 189 դոլարով: Ես մի առիթով ասել եմ ու դարձյալ կրկնում եմ՝ գազի գինը չի որոշում այս կամ այն կուսակցությունը, այդ թվում նաեւ՝ ՀՀԿ-ն, գազի գինը որոշվում է բանակցությունների արդյունքում՝ շուկայական հարաբերությունների հիման վրա»: Հղում անելով գազի սակագնին վերաբերող խորհրդարանում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ պատկան մարմինների փաստարկներին եւ հավաստիացումներին՝ Շարմազանովն ասում է՝ գազի սակագինը կլինի հնարավորինս ցածր: Կառավարությունն էլ իր «գործիքներով» կփորձի մեղմել անապահով խավերին սպառնացող սոցիալական վտանգները: Շարմազանովը նաեւ հիշեցնում է, որ լրջագույն փոփոխությունների մեկնարկը Հայաստանում տրված է, ու դա հունիսի 1-ից նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումն է 10 հազար դրամով:

«Անցած հինգ օրերի ընթացքում այլընտրանքային եւ ընդդիմադիր եւ ոչ մի գործչից չլսեցինք հարցի պատասխանը՝ եթե իրենք լինեին իշխանության, ի՞նչ կանեին: Հալվա ասելով՝ բերան չի քաղցրանա: Միայն քննադատելով չի, դա ամենահեշտ բանն է: Վստահությունից այսօր խոսում են մարդիկ, որոնց քաղաքական ուժի երբեմնի կարկառուն ներկայացուցիչներն իրենց հետ չեն այսօր: Նույնիսկ այսօր պառլամենտի իրենց գործընկերներն իրենց հետ չեն: Բարոյականության դասեր պառլամենտում տալիս են մարդիկ, որոնց բարոյական հետագիծը անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անբասիր համարել: Բոլորը խոսում են իշխանության որակից, ընդդիմության որակից ո՞վ է խոսելու»,- ասում է մեր զրուցակիցը՝ չխուսափելով կրկին անգամ խոստովանել, որ իրենք էլ ունեն բազմաթիվ թերություններ, խնդիրներ, բայց պատրաստ են լսել նաեւ ընդդիմադիրների առողջ առաջարկները. «Մեր ու իրենց տարբերությունը հենց դրա մեջ է: Այո, մենք կարող է սխալվենք եւ որոշ տեղերում արել ենք սխալներ, կարող ենք ձախողվել, բայց ընդդիմադիրների նման մեր սեփական ձախողումների պատճառը չենք փնտրում հակառակ՝ ընդդիմադիր դաշտում: Իրատես պետք է լինել. ոչ կառավարության ծրագրի, ոչ էլ գազի գնի վերաբերյալ քննարկումների ժամանակ ընդդիմադիրների կողմից որեւէ առաջարկ, ծրագիր չի հնչել՝ բացառությամբ Հրանտ Բագրատյանի առաջարկի»:

Հետաքրքրվեցինք՝ ռուսական կողմի հետ գազի գնի բանակցություններում հայկական կողմը պատրաստվո՞ւմ է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանների հարց բարձրացնել: Հիշեցնենք, որ ՌԴ-ն Հայաստանին ոչ միայն չի վճարում ռազմաբազաների համար, այլեւ Հայաստանն իր վրա է վերցրել նաեւ կոմունալ վճարները: «Այս օրերի ընթացքում ինձ համար շատ անհասկանալի էր այն հակառուսական հիստերիան, որը տեղ գտավ որոշ պատգամավորների ելույթներում: ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է. ոչ ՌԴ-ն, ոչ Հայաստանը զիջողական դիրքերում չեն, երկու երկրները դաշնակցում են՝ իրենց պետական շահերից ելնելով: Այո,  ՀՀ-ի ազգային եւ պետական շահը պահանջում է, որպեսզի մենք ՌԴ-ի հետ ունենանք սերտ ռազմաքաղաքական, մշակութային եւ տնտեսական հարաբերություններ: ՀՀ-ի գոյության 21 տարիներն ապացուցել են, որ Հայաստան պետության ռազմաքաղաքական համագործակցությունը ՌԴ-ի հետ ամենաարդյունավետն է: Նման փաստարկներ ներկայացնող մարդիկ կամ իրականությունից հեռու են, կամ էլ նպատակ ունեն հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել: Բացի երկու պետությունների ռազմաքաղաքական շահից՝ Հայաստանում ՌԴ ռազմաբազաների գոյությունը բխում է նաեւ մեր պետության ազգային անվտանգությունից»,- ասաց Շարմազանովը՝ հիշեցնելով, որ սա չի նշանակում, որ ՀՀ-ն ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ չպետք է զարգացնի:

ՆԵԼԼԻ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031