Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տունը գող է մտել». Տիգրան Խզմալյան

Հունիս 11,2013 22:29

Այսօր «Նախախորհրդարանի» անդամները Արաբկիրում հանդիպել են բնակիչների հետ:

«Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը նախ հավաքվածներին ներկայացրեց նախախորհրդարանի կազմին. «Մենք ոչ մի կուսակցության անդամ չենք ու չենք լինելու: Մենք կամավոր հավաքված քաղաքացիներ ենք՝ զինվորականներ, գիտնականներ, արվեստագետներ ու ուսանողներ, ձեր պես մարդիկ, որոնք որոշեցին պայքարել: Տարիներ շարունակ ապրում ենք դիմակայելով, դիմանալով: Բայց շատերը չդիմացան եւ քսան տարվա ընթացքում ազգի կեսը թողեց, գնաց: Եթե 50-70.000 ամենահամեստ հաշվարկներով հեռանում են ու եթե ճիշտ է, որ երկու միլիոնից էլ քիչ ենք, այս երեխեքը չեն հասցնի մեծանալ մեր երկրում: Ահա, թե ինչու այլեւս չենք սպասելու ոչ մի կուսակցության, ոչ մի ինքնակոչ փրկչի, ոչ մի քաղաքական գործչի, որը նորից գալու է, երդում է տալու, ձեզնից երդում է ուզելու, ձեր ձայները հետո օգտագոծելու է բոլորվին այլ նպատակով»:

Պարոն Խզմալյանը հորդորեց չհեռանալ Հայաստանից. «Դուք ուրիշ տուն չունեք: Ես կրկնում եմ՝ մեր տունը գող է մտել, մարդասպան է մտել, մի թողերք ձեր տունն ու գնացեք, դուք ուրիշ տեղ տուն չունեք: Պետք է մնանք ու դիմակայենք, դիմակայություն ենք, պետք է դառնանք դիմադրություն»:

Նրա խոսքերով, պետք է մնալ Հայաստանում եւ պայքարել ապօրինությունների դեմ. «Մենք ապրում ենք մի երկրում որտեղ կարագ են գողանում մանկապարտեզներից, միս են գողանում բանակից… սա չի կրկնվելու այլեւս»:

Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ շարունակեց, իշխանական համակարգը ինքնափլուզվում է, որովհետեւ չի կարողանում դուրս գալ իր առջեւ դրված խնդիրներից. «Մեր խնդիրն է այդ ինքնափլուզման մեջ թողնել միայն  իրենց եւ ամբողջ երկիրը զերծ պահել այդ ինքնափլուզումից»:

Պարոն Ենիգոմշյանը հետո բացատրեց, թե ինչ են անելու, որ հասարակությանը զերծ պահեն ինքնափլուզումից. «Ցանկացած նորմալ պայմաններում ճգնաժամը շրջանցելու համար պետք է նոր ծրագիր, նոր համակարգ: Նոր համակարգի, նոր ծրագրի համար աշխատում են ընդդիմությունները: Բայց Հայաստանում արդեն մոտ քսան տարի ընդդիմություն ասվածը չի աշխատում, չեն թողնում, որ աշխատի: Մենք որպես անդունդի եզրին գտնվող պետություն, իրավունք չունենք մեկ անգամ եւս փորձենք, մեկ անգամ եւս ձախողենք: Առավել եւս, որ նոր ենք դուրս եկել չընտրություն ասված վերջին խեղկատակությունից: Եթե ընտրությունը չի աշխատում, պետք է պայքարենք այս ռեժիմի դեմ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930