Լրահոս
Օրվա լրահոսը

Նովենցին խորթ էր ինքնահիացումը

Հունիս 14,2013 14:31

Դերասանուհի, որ դերասանություն չի անում… տերունական շնորհներով արտիստուհին, ներքին տարերքի դերասանուհին, կերպարին վայրկենաբար հարազատացող արտիստուհին, ծուռ աշխարհի շիտակ մարդը……Թատրոնի եւ կինոյի նշանավոր ու սիրված դերասանուհի Գալյա Նովենցին մեծանուն մտավորականների (Արմեն Ջիգարխանյան, Սոս Սարգսյան, Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան, Ներսես Հովհաննիսյան, Գուժ Մանուկյան եւ այլն) կողմից տրված այս որակումները կարելի է շարունակել: Իսկ դերասանուհու արտիստական գործունեության պատմությունը, նրա թողած ստեղծագործական հարուստ ժառանգության իրապատումը, մի խոսքով՝ կյանքը ներկայացված է շքեղ գիրք-ալբոմով, որը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի հիմնած «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հերթական՝ 11-րդ հատորն է:
Թատրոնում եւ կինոյում ութ տասնյակի հասնող անմոռանալի կերպարներ մարմնավորող դերասանուհու մասին ՙԱռավոտի՚ հետ զրույցում Սերգեյ Առաքելյանը նշեց. «Գալյա Նովենցի երկրպագուներից շատերը թյուր պատկերացում ունեն նրա մասին, կարծելով, թե դա աղմկալի ծափահարություններ են, ցնծալի բացականչություններ, բեմ նետված ծաղկեփնջեր եւ այդ ամենի հետ մեկտեղ՝ խանդավառված հասարակության առաջ խոնարհ ժպիտով կանգնած արտիստուհի: Սա, իհարկե, անհերքելի ճշմարտություն է, սակայն բնությունը երբեմն դաժան խաղեր էր խաղում Նովենցի կյանքում ու տարիներ շարունակ նա հոգու ամենախոր ծալքերում պահել էր իր ահռելի վիշտն ու տառապանքը, այդուհանդերձ բեմից սփռել խնդություն ու հաճույք»:
Դիտարկմանը՝ սիրված դերասանուհու այս կամ այն դերակատարմանն անդրադառնալիս հաճախ էր հնչում այն միտքը, թե Նովենցը ինքն իրեն գերազանցեց, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Գալյան միշտ էլ ավելի բարձր էր եւ առավել հարուստ, քան իր ստեղծագործությունն էր: Ինչ վերաբերում է ինքն իրեն գերազանցելուն, դա հարաբերական իմաստ ունի, ինչը միայն համեմատական գնահատական է, պատկերավոր խոսք: Նա գերազանցում էր ոչ թե իրեն, այլ մինչ այդ իր մարմնավորած կերպարները»: Մեր զրուցակիցը փաստեց, որ ասվածի մասին արվեստաբանական հարուստ էջեր կան տպագրված, ուր նշվում է, որ Գալյայի հերոսուհիներն իրենց մեջ ունեին բնութագրական ուժեղ գիծ, մեծ կամքի տեր էին ու կրքոտ զգացմունքներ արտահայտող: ՙԱրտիստական բազմաթիվ բարեմասնություններով օժտված դերասանուհին ուներ մի կարեւոր առավելություն. գիտակցելով իր արվեստի ուժն ու հնարավորությունները, նա երբեք չէր գերագնահատում դրանք, չէր սիրում բեմում առանձնացնել իրեն, չէր աշխատում առանձնանալ եւ լինել ուշադրության կենտրոնում: Գալյային իսկապես խորթ էին ինքնահիացումը: Նա երբեք դուրս չէր գալիս անսամբլից, պահպանելով ներկայացման գեղարվեստական ամբողջականությունը,- ասաց Ս. Առաքելյանը, հավելելով,- իսկ որ ամենակարեւորն է, Գալյան ամենայն լրջությամբ էր վերաբերվում իրեն հանձնարարված յուրաքանչյուր դերի, որովհետեւ նրա դերասանական խառնվածքին հատուկ չէր «յոլա տանելու», դերի վրա իմիջիայլոց աշխատելու ձեւը: Կյանքում համեստ, ամաչկոտ, գրեթե չխոսկան դերասանուհին զարմանալիորեն փոխվում էր բեմում, դառնում էր համարձակ ու վստահ, ինչն էլ օգնում էր եւ իրեն, եւ խաղընկերներին՚:
Անդրադառնալով գիրք-ալբոմին, պարոն Առաքելյանը հայտնեց, որ այն տպագրված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, իսկ դերասանուհու ծննդյան օրը՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում կկայանա գիրք-ալբոմի շնորհանդեսը, որի նախաձեռնողն է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930