Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղապահության ոլորտում ՀԱՊԿ-ի հեռանկարները. միջազգային խաղաղապահական համագործակցությանն աջակցելու հայաստանի պատրաստակամությունը

Հունիս 28,2013 10:38

Ինչպես արդեն հաղորդել էինք, հունիսի 26-ից 27-ը Երևանում կայացավ Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» խորագրով, որը կազմակերպել էին ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ), ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: Պետք է նշել, որ Ֆորումին ներկա էին փորձագետներ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից, ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություններից (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Երևանում հավատարմագրված միջազգային կազմակերպություններից: Ֆորումին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Բարձր գնահատելով Ֆորումի արդյունավետությունը` ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Կազմակերպության զարգացման առավել արդիական խնդիրների վերաբերյալ գիտափորձագիտական ​​Ֆորումների անցկացման փորձի հիման վրա ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի հովանու ներքո անցկացնել Ամենամյա ռազմավարական քաղաքական ֆորում: Առաջարկություն հնչեց Ֆորումի ձևաչափը դարձնել միջազգային` ներգրավելով խաղաղության, կայունության և համընդհանուր անվտանգության պահպանման ընդհանուր շահերի համատեքստում հավաքական անվտանգության ամրապնդման մեջ շահագրգիռ բոլոր կողմերին:  

Ներկայացնում ենք Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի կազմակերպիչներից մեկի` քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ), ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալմայոր Հայկ Քոթանջյանի «Խաղաղապահությունը որպես ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի կարևոր տարր. Հայաստանի տեղն ու դերը» վերտառությամբ զեկույցը:

 

Հայտնի է, որ զինված հակամարտությունների կանխման և կարգավորման գործում չափազանց կարևոր է խաղաղապահական գործունեությունը, և այդ գործընթացներում առանձին երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն էապես նպաստում է դրանց հեղինակության բարձրացմանը, միջազգային հանրությունում ազգային և կոլեկտիվ շահերի առաջմղմանը, միջազգային անվտանգության համակարգում ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը:

Գիտակցելով միջազգային անվտանգության և կայունության ապահովման գործում խաղաղապահության կարևորությունը` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետևողականորեն ընդլայնում է այս ոլորտում իր գործունեության համակարգման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական հիմքը: Ինչպես գիտենք, 2007թ. հոկտեմբերի 6-ին, Դուշանբեում ստորագրվեց «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին hամաձայնագիրը», որն ուժի մեջ մտավ 2009 թ.[i]:

Ըստ այդ Համաձայնագրի 2-րդ հոդվածի` խաղաղապահական գործողություններին մասնակցելու համար նախատեսվում է ստեղծել մշտական հիմքերով գործող խաղաղապահ ուժեր: Խաղաղապահ ուժերի համալրման համար անդամ պետություններին հանձնարարվում է հատկացնել խաղաղապահ թվակազմեր` ըստ իրենց ազգային օրենսդրությունների: Փաստորեն, կոլեկտիվ անվտանգության կազմակերպության շրջանակներում նախատեսվում է ստեղծել մշտական ​​ հավաքական խաղաղապահ զինվորական կազմավորում, որն աննախադեպ երևույթ է միջազգային պրակտիկայում: Այսօր ոչ մի միջազգային կազմակերպություն չունի մշտական հիմքերով գործող խաղաղապահ ուժեր: Օրինակ` ՄԱԿ-ում գործում է այսպես կոչված «ռեզերվային համաձայնագրերի» համակարգ: Այնպես որ` ՀԱՊԿ-ը կարող է դառնալ առաջին միջազգային կազմակերպությունը, որը կունենա գործելու միշտ պատրաստ «կապույտ սաղավարտավորների»[ii]:

Չնայած Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անցել է ավելի քան չորս տարի, և այդ ժամանակահատվածում Կազմակերպության շրջանակներում հետևողականորեն զարգացվել է խաղաղապահ ուժերի կազմավորման և կիրառման համար անհրաժեշտ իրավաքաղաքական բազան (մշակվել են խաղաղապահ ուժերի պատրաստման գծով մեթոդական հանձնարարականները), սակայն հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի խաղաղապահական գործունեության համեմատությամբ ՀԱՊԿ-ի գործունեությունը մնում է բավականին պասիվ: Հարկ է նշել, որ խաղաղապահության ոլորտում Կազմակերպության անդամ պետությունների համագործակցությունն ըստ էության դուրս չի գալիս համատեղ զորավարժությունների շրջանակից: 2012 թ. աշնանը  Ղազախստանում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2012» առաջին զորավարժությունը, իսկ հաջորդ զորավարժությունը նախատեսվում է անցկացնել 2013 թ. հոկտեմբերին  Ռուսաստանում[iii]:

Նշված Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն` անդամ պետությունների տարածքում խաղաղապահական օպերացիա անցկացնելու մասին որոշումը անդամ պետությունների ազգային օրենսդրությունների հաշվառմամբ ընդունում է Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ)` հիմք ընդունելով իրենց տարածքում խաղաղապահական օպերացիայի անցկացման մասին այդ անդամ պետությունների պաշտոնական դիմումը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահական օպերացիա իրականացնելու մասին:

Եվ այսպես. թեև ինչպես Կազմակերպության պատասխանատվության գոտում այնպես էլ դրա սահմաններից դուրս խաղաղապահական օպերացիաների իրականացման մեխանիզմները նորմատիվ առումով սահմանված են, սակայն գործնականում ՀԱՊԿ-ին դեռ չի հաջողվում կոնկրետ գործունեություն ծավալել այդ ուղղությամբ:

Մինչդեռ Համաձայնագիրը և ՀԱՊԿ-ի խաղաղապահական գործունեության վերաբերյալ այլ հիմքային փաստաթղթերը իրական գործնական նշանակություն կստանան միայն այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը նախաձեռնություն հանդես բերի մեր մոլորակի «թեժ կետերում» ծագած հակամարտությունների կարգավորման միջազգային անվտանգային գործընթացներում ներգրավվելու ուղղությամբ:

Կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահական գործունեության իրականացումը քաղաքական առումով խնդրահարույց է թվում միայն խաղաղապահական օպերացիաների նպատակադրման և բովանդակության հնարավոր գնահատականների տեսակետից: Այլ կերպ ասած` խոսքը ներքին խաղաղապահության և պատժիչ գործողությունների տարանջատման երաշխիքների մասին է: Ինչ վերաբերում է նման օպերացիաների իրավաքաղաքական իրավազորությանը, ապա դրանց իրականացման համար 3-րդ հոդվածի հանաձայն` պահանջվում է միայն ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, իսկ ՄԱԿ-ի մանդատը պարտադիր չէ:

Թերևս, ճիշտ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը իր նորմատիվ իրավական հիմքի իրացման  նախնական փուլում ուշադրությունը կենտրոնացներ իր պատասխանատվության գոտու սահմաններից դուրս ծավալվելիք խաղաղապահական գործունեության վրա` ՆԱՏՕ-ի օրինակով ամրապնդելով համագործակցությունը ՄԱԿ-ի հետ և նրա առաքելությունների համար տրամադրելով իր խաղաղապահ ուժերը: Այդպիսի համագործակցության համար կարող է հիմք ծառայել անցյալ տարի ստորագրված «ՄԱԿ-ի Խաղաղապահական գործողությունների դեպարտամենտի և ՀԱՊԿ-ի քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագիրը»[iv]: Ինչպես արդեն նշվեց, ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահական օպերացիաներին մասնակցությունը էապես կբարձրացներ ՀԱՊԿ-ի միջազգային անվտանգային հեղինակությունը[v]:

Կազմակերպական-գործնական տեսանկյունից քննարկման կարիք ունեն ՀԱՊԿ-ի մշտական խաղաղապահ հավաքական բրիգադում անդամ պետությունների ներկայացվածության աստիճանի, նրա վերջնական կառուցվածքի մշակման հարցերը` ներկայացված երկրների ռեսուրսային և մի շարք այլ առանձնահատկությունների հաշվառմամբ, ինչը կապված է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով լրացուցիչ խորհրդատվությունների անհրաժեշտության հետ:

Միևնույն ժամանակ կա խաղաղապահական առաքելություններին ՀԱՊԿ-ի մասնակցության մեկ այլ տարբերակ ևս: Ըստ համաձայնագրի 8-րդ հոդվածի` ՀԱՊԿ-ը կարող է հավաքական ռեզերվային համաձայնագրեր կնքել ՄԱԿ-ի հետ, իսկ այդպիսի համաձայնագիր ունեցող յուրաքանչյուր անդամ պետություն կարող է մասնակցել Կազմակերպության՝ ՄԱԿ-ի մանդատով կամ տարածաշրջանային կազմակերպությունների հովանու ներքո իրագործվող համատեղ խաղաղապահական գործողություններին նախապես այդ մասին Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացնելուց հետո:

Այդ պրակտիկան լայնորեն կիրառվում է միջազգային հարաբերություններում: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն ակտիվորեն ներգրավված է աշխարհի տարբեր մայր ցամաքներում ՄԱԿ-ի մանդատով իրականացվող խաղաղապահական օպերացիաներում: Ըստ այդ պրակտիկայի` ՀԱՊԿ-ը նույնպես կարող է պատասխանատվություն ստանձնել խաղաղապահական օպերացիաներ իրականացնելու համար: Առանձին երկրներ իրավունք ունեն կնքելու շրջանակային համաձայնագրեր ՀԱՊԿ-ի հետ և խաղաղապահական օպերացիաներ իրականացնելու Կազմակերպության՝ տվյալ առաքելության համադասման համար լիազորված անդամ երկրներից մեկի հրամանատարության ներքո:

ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահության հաստատության զարգացման համար ոչ պակաս կարևոր խնդիր է նոր հարաբերությունների կառուցումը ՆԱՏՕ-ի հետ` մի բազմափորձ դերակատարի, որն իր հաստատուն առանցքային դերն ունի համաշխարհային անվտանգության համակարգում: Հյուսիսատլանտյան դաշինքի և ՀԱՊԿ-ի առանձին անդամ պետությունների ներգրավմամբ իրականացվող համատեղ խաղաղապահական օպերացիաները կարող են դառնալ այն ելակետային հարթակներից մեկը, որոնց վրա հնարավոր կլինի ստեղծել արգասաբեր համագործակցություն: Այս առումով նպատակահարմար կարող է լինել համատեղ խաղաղապահական  գործունեության ծավալումն այն հակամարտային տարածաշրջաններում, որտեղ երկու կազմակերպությունների շահերը համընկնում են:

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կարգավորման առումով` ուշագրավ են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀԱՊԿ-ի գործունեության ակտիվացման  վերջերս նկատվող միտումները: ՀԱՊԿ-ում գերիշխում է այն տեսակետը, թե Աֆղանստանից դաշնադրային զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանի երկրներում իրավիճակը կսրվի[vi], և կարող է սպառնալիքի տակ դրվել Կենտրոնական Ասիայի և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի անվտանգությունը: Դրանով պայմանավորված` 2011 թ. նոյեմբերի 17-ին ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստի ժամանակ համաձայնեցվեց Աֆղանստանից եկող հնարավոր մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ ՀԱՊԿ-ի Գործողությունների ծրագրի նախագիծը[vii]:

2011 թ. դեկտեմբերին ես` որպես աֆղանական պատերազմի մասնակից, զեկուցմամբ հանդես եկա ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական ​​խորհրդի՝ Աֆղանստանին նվիրված հատուկ նիստում​, իսկ վերջերս հնարավորություն ունեցա Բիշքեքում մասնակցելու ՀԱՊԿ-ի Վերլուծական ասոցիացիայի կողմից այս արդիական պրոբլեմի քննարկմանը: Իմ կարծիքով՝ ուշադրության է արժանի խաղաղապահական համագործակցության խնդիրների նկատմամբ Հարվարդի համալսարանի Ազգային անվտանգության ծրագրի ամերիկացի փորձագետների ցուցաբերած հետաքրքրությունը: Հեռանկարային է դառնում դաշնադրային ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանից եկող սպառնալիքների դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ երկխոսության առաջմղումը ոչ միայն «Ռուսաստան-ԱՄՆ», այլև «ԱՄՆ-ՀԱՊԿ», կամ «6+1», ձևաչափով, որը զուգաչափ է «ՆԱՏՕ-Ռուսաստան», կամ «28+1», ձևաչափով զուգահեռ գործընկերությանը: Դրան կարող է նպաստել համաշխարհային անվտանգության խնդիրների լուծումներ որոնման ասպարեզում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի միջև երկխոսության վերականգնման ուրվագծվող միտումը:

Այս երկխոսությանն աջակցելու և  միջազգային խաղաղապահության ոլորտում պետությունների ու կազմակերպությունների միջև համագործակցությանը նպաստելու տեսանկյունից իր ուրույն դերը կարող է ունենալ Հայաստանը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ԱՄՆ-ի գործընկերը, ինչպես նաև` ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամը և ՆԱՏՕ-ի գործընկերը, և որն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնադրային ուժերի և գործընկեր երկրների ուժերի կողմից իրականացվող խաղաղապահական օպերացիաներին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում զորավարժություններին մասնակցելու մեծ փորձ:

Հայաստանը 2004 թվականից ներգրավված է ՆԱՏՕ-ի ղեկավարած՝ Կոսովոյում խաղաղապահական ուժերում: 2005-2008 թթ. հայ խաղաղապահները օգտակար փորձ են կուտակել` մասնակցելով Իրաքում ԱՄՆ-ի ղեկավարած խաղաղապահական դաշնադրությանը: 2009 թվականից Հայաստանն իր լուման է ներդրում Աֆղանստանում անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի խաղաղապահական առաքելության մեջ:

Հայաստանի` որպես «խաղաղարար երկրի» հեղինակության վկայությունն է նաև Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող UNIFIL խաղաղապահական առաքելություն հրամանատար պետության՝ Իտալիայի կողմից վերջերս ներկայացված պաշտոնական դիմումը՝ հայկական ջոկատը առաքելության կազմում ընդգրկելու առաջարկությամբ. նա պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ: Ջոկատը Լիբանան ուղարկելու նախադրյալները վերջերս քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության Գլխավոր շտաբների պետերը[viii]: Դիտարկվում է նաև ՄԱԿ-ի մանդատով Հյուսիսային Աֆրիկայում իրականացվող խաղաղապահական առաքելությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության հնարավորությունը[ix]:

Այսպիսով՝ Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի խաղաղապահական տարրի կազմավորման գործում` նպաստելով, որ նա դառնա ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգության բազմագործառութային դերակատար:

Ամփոփելով՝ նպատակահարմար ենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ կա կենսական անհրաժեշտություն, որպեսզի Կազմակերպության ռազմական բաղադրիչի կազմավորման ընթացքում ՀԱՊԿ-ի գործունեությունը դուրս գա զորավարժությունների շրջանակներից և հասնի միջազգային խաղաղարարական օպերացիաներում ակտիվ ներգրավվածության մակարդակի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


[i] “СОГЛАШЕНИЕ О МИРОТВОРЧЕСКОЙ ДЕЯТЕЛЬНОСТИ ОРГАНИЗАЦИИ ДОГОВОРА О КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ”: https://www.odkb-csto.org/documents/detail.php?ELEMENT_ID=1679

[ii] СТРАТЕГИЯ МИРОТВОРЧЕСТВА: https://www.odkb.gov.ru/d/bzzg.htm

[iii] УЧЕНИЯ МИРОТВОРЧЕСКИХ СИЛ ОДКБ “НЕРУШИМОЕ БРАТСТВО-2013” ПРОЙДУТ В РФ: https://ria.ru/defense_safety/20130410/931960086.html

[iv] См: “Меморандум о взаимопонимании между Департаментом Организации Объединенных наций по поддержанию мира и Секретариатом Организации Договора о коллективной безопасности”: Документы по вопросам формирования и функцианирования  системы коллективной безопасности Организации Договора о коллективной безопасности, Выпуск 13, Mосква, 2013.

[v] А.И. Никитин, Конфликты, терроризм, миротворчество. Изд. “Навона” М: 2009, с.167

[vi] “О ПЛЕНАРНОМ ЗАСЕДАНИИ ГЕНЕРАЛЬНОЙ АССАМБЛЕИ ООН ПО СИТУАЦИИ В АФГАНИСТАНЕ”: https://www.odkb.gov.ru/start/index_aengl.htm

[vii] “О ЗАСЕДАНИИ ПОСТОЯННОГО СОВЕТА ПРИ ОРГАНИЗАЦИИ ДОГОВОРА О КОЛЛЕКТИВНОЙ БЕЗОПАСНОСТИ”: https://www.odkb.gov.ru/start/index_aengl.htm

[viii] ВОЗГЛАВЛЯЕМАЯ НАЧАЛЬНИКОМ ГШ ВС РА ДЕЛЕГАЦИЯ ОТБЫЛА В ИТАЛИЮ:

https://www.mil.am/1371452717

[ix] ГЕОГРАФИЯ АРМЯНСКИХ МИРОТВОРЦЕВ РАСШИРЯЕТСЯ: КОСОВО, АФГАНИСТАН, ЛИВАН И СЕВЕРНАЯ АФРИКА: https://xn--c1adwdmv.xn--p1ai/news/fd-abroad/armenia/1669225.html

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930