Լրահոս
Օրվա լրահոսը

Բարելավվել է գնումների ընթացակարգը. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում

Օգոստոս 08,2013 14:09 Share

Առաջինը ուզում եմ նշել, որ մենք Ձեզ հետ միասին   վերջին ամսվա ընթացքում մեծածավալ աշխատանք կատարեցինք՝ գնումների ընթացակարգը բարելավելու ուղղությամբ: Ֆինանսների նախարարության կողմից կատարված վերջին շաբաթվա մոնիտորինգը վկայում է, որ էական բարելավում և տեղաշարժ կա գնումների գործընթացում, մասնավորապես պայմանագրերի կնքման, պայմանագրերի մեջ ներառված դրույթների, մրցույթ հայտարարելու ժամանակի պահպանման: Բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են: Դեռևս կան գերատեսչություններ, որտեղ արձանագրվում են գնումների գործընթացի խախտումներ: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք պետք է ոչ միայն նվազագույնի հասցնենք այդպիսի դեպքերը, այլև ընդհանրապես բացառենք: Սա նշանակում է, որ հոկտեմբերին մենք նորից իրականացնելու ենք ուսումնասիրություն գնումների գործընթացում, և խնդրում եմ, որպեսզի նախարարները իրենց անձնական հսկողության տակ պահեն խնդիրը:

Երկրորդը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք իրականացնելու ենք պետության կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգ, ինչպես որ դա իրականացնում էինք անցած և նախանցած տարիներին: Մոնիտորինգն իրականացնում են ոչ պետական կառույցները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները. դրա արդյունքները քննարկման առարկա են դառնում վերահսկող ծառայությունների կողմից, որից հետո մենք տալիս ենք գնահատականներ: Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն ծառայություններին, որոնց առնչվում են հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ:   Եվ, առաջին հերթին, հենց դրանով է պայմանավորված վերաբերմունքը պետության նկատմամբ: Խնդրում եմ, որպեսզի դուք հանձնարարեք ձեր ենթակայության տակ գտնվող ծառայություններին՝ ինքնուրույնաբար համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել, բացահայտված խնդիրներին տալ լուծումներ, որպեսզի մենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անակնկալ արդյունքներ չունենանք:

Եվ երրորդը՝ համախառն ներքին արդյունքի գնահատականները մենք արդեն հավաքում ենք ըստ գերատեսչությունների, առանձին խորհրդակցություն կանցկացնենք և կառավարության հերթական նիստերից մեկում կամփոփենք արդյունքները, մեր գնահատականները նախորդ ամիսների տնտեսական աճի ներուժի վերաբերյալ և 2013 թվականի ըստ ոլորտների սպասվող տնտեսական աճի վերաբերյալ: Այստեղ էլ բոլոր գերատեսչություններն անելիք ունեն:

Նույն ռեժիմով կաշխատենք, ինչպես անցած տարի՝ բոլոր տեղեկությունները կտրամադրենք նաև Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի ըստ համախառն ներքին արդյունքի աճի կարողանանք բացահայտել նաև լրացուցիչ հարկերի հավաքման ներուժն ըստ ոլորտների:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031