«2026 թ. ընտրություններն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաճչացող իրավախախտումներով, անօրինականություններով հագեցած ընտրություններն էին: Ես 1990 թվականից մեծ քաղաքականության մեջ եմ, նման ընտրություններ չեմ հիշում… Այո, եղել են խախտումներ, բայց այսպիսի բացահայտ, օրենսդրությունը ոտնատակ անելով, ընտրությունների արդյունքների ամփոփում չեմ հիշում»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց ՀՀ նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Ես կարծում եմ, և դրա հիմքերն ունեմ որպես ՀՀ քաղաքացի պնդելու, որ ԿԸՀ բոլոր անդամները հանցագործություն գործեցին, բոլորն՝ առանց բացառության: Ես այդ օրը գրառում եմ կատարել, որ չգիտեմ՝ ԿԸՀ անդամներն արդյոք գիտակցում են, թե ոչ, բայց իրենք այս պահին, ըստ էության, վճռում էին Հայաստանի Հանրապետության ճակատագիրը: Նրանք գիտակցե՞լ են դա, համոզված եմ, որ ոչ, որովհետև ընդամենը ֆունկցիոներ են, ընդ որում՝ անբարեխիղճ: Նրանք մեղսակից դարձան լուրջ հանցագործության»,- նշեց Խոսրով Հարությունյանը։
ՀՀ նախկին վարչապետի ձևակերպմամբ՝ «Այս ընտրությունները լեգիտիմ չէին, վարչապետն իր աթոռը պահելու համար ոչ մի բանի առաջ չի կանգնել։ Մենք ականատես ենք եղել մի խումբ անձանց կողմից իշխանության զավթման, իսկ հետընտրական իրավական այս տեռորը հենց դրա շարունակությունն է»։
Խոսրով Հարությունյանը նաև ընդգծեց, որ իշխանությունը շատ լավ գիտակցում է, որ լեգիտիմ չէ, դրա համար էլ վախի մթնոլորտ ձևավորելով՝ փորձում է կանխել լեգիտիմության դեֆիցիտի հետ կապված զարգացումները։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի


















































