Aravot.am-ը բարձրագույն կրթության ոլորտի փորձագետ Սամվել Կարաբեկյանին հարցրեց՝ QS 2027 միջազգային վարկանիշի արդյունքներով լավագույն 1000 բուհերի ցանկում, ի տարբերություն հայկականի, հայտնվել են ադրբեջանական 7 բուհեր (565-րդ տեղը զբաղեցրել է Բաքվի պետական համալսարանը), իր կարծիքով՝ ինչու հայաստանյան բուհերը տեղ չեն գտել լավագույն 1000-ի մեջ, ինչ է պակասում մեր բուհերին և մասնավորապես ԵՊՀ-ին։
«Մի կողմ թողնենք ադրբեջանական բուհերի՝ ցուցակում այդպիսի ներկայություն ունենալու հանգամանքը, որն ինքնին զարմանալի է և, կարծում եմ, ավելի շատ արտաակադեմիական գործոնների ազդեցությամբ է պայմանավորված։ Բայց դա ինձ, անկեղծ ասած, չի հետաքրքրում (ի վերջո, աշխարհի համալսարանների տարբեր վարկածներով դասակարգությունների և, մյուս կողմից, կրթության որակի միջև կապի անմիջական ու ուղիղ չլինելու հարցը մշտական քննարկման առարկա է Որակի ապահովման եվրոպական ֆորումներում)։
Ինձ նաև չի զարմացնում մեր բուհերի գրանցած ցուցանիշը։
Ինձ ավելի էր զարմացնում, անկեղծ ասած, երբ տարիներ առաջ վարչապետը բացարձակապես անիրականանալի խնդիր դրեց մինչև 2030 թ. հայաստանյան առնվազն 4 բուհերի հայտնվելը աշխարհի լավագույն համալսարանների 500-յակում և, որն առավել զարմանալի է, այդ նպատակի նույն տեսքով հայտնվելը
Կարդացեք նաև
Մինչև 2030 թ. կրթության զարգացման պետական ծրագրում։
Մեր բուհական համակարգի խորքային խնդիրներին քիչ թե շատ ծանոթ մարդիկ լավ գիտեն, որ բարձրագույն կրթության զարգացման հիմնական ուղղություններով առաջխաղացումն այնքան է դանդաղում, որ անգամ այդ ուղղությամբ գրեթե ամեն քայլը լուծում է ընդամենը երեկվա կամ երեկ չէ առաջին օրվա խնդիր։ Այդ ուղղություններից երկու հիմնականն են, եթե կարճ՝ ծրագրային բարեփոխումը՝ կրթական ծրագրերի կառուցվածքի արդիականացումը, դրանց կառավարման ճկունությունը և հետազոտությունների հետ արդյունավետ ինտեգրումը։ Մեր բուհերի կրթական ծրագրերի կառուցվածքը շարունակում է մնալ կարծր, ուսանողների՝ անհատական ուսումնական ուղեգիծ ընտրելու չնչին հնարավորություններով, ինչը ցույց է տալիս, որ կրեդիտային համակարգը չի աշխատում։
Մյուս կողմից, գիտական և բարձրագույն կրթության ենթակառուցվածքների բարեփոխման ընտրված մեխանիկական տարբերակը չի ապահովում գիտական հետազոտությունների անհրաժեշտ ծավալով ինտեգրումը կրթության կազմակերպման պրոցեսին»,- նշեց պարոն Կարաբեկյանը։
Ապա հավելեց. «Այսպես կոչված «ակադեմիական քաղաքի» հայեցակարգը (որի առաջ գալը նույնպես, ինչպես և համալսարանների՝ աշխարհի լավագույններում հայտնվելու գաղափարը, նույն աղբյուրն ունեն) ոչ միայն իր իսկ բնույթով բազմաթիվ մասնագիտական հարցադրումներ է առաջացնում, այլ նաև զգալի պետական ռեսուրս է տանում՝ շեղելով համապատասխան մարմիններին և բուհական վարչարարներին բարձրագույն կրթության և գիտության համակարգի իրական խնդիրներից, իսկ բուհական կառավարման մեր, ցավոք, ավելի ու ավելի կոշտացող մոդելը միայն նպաստում է դրան։
Ահա սրանք են, եթե համառոտ, իմ համոզմամբ, այն գլխավոր պատճառները, որոնց վերացումը միայն կարող է առաջ բերել այս կամ այն վարկանիշային ցանկում այս կամ այն տեղը զբաղեցնելու հարցերի քննարկման նպատակահարմարություն»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































