Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակի վճարումն այլևս խնդիր չի առաջացնի

Օգոստոս 08,2013 15:00 Share

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիստին նախորդող ներածական խոսքում վարչապետն անդրադարձել է գնումների ընթացակարգի բարելավման ուղղությամբ արվող քայլերին, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակին և համախառն ներքին արդյունքի գնահատականներին :

Այնուհետև Տիգրան Սարգսյանն արծարծել է ս.թ. օգոստոսի 4-ին, 5-ին առաջացած կենսաթոշակի վճարման խնդիրը, որն ունեցել են շուրջ 1400 թոշակառուները ցուցակները ժամանակին Հայփոստի բաժանմունքներ չհասնելու պատճառով: «Ես հանձնարարել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաև վարչապետի վերահսկողության ծառայությանը` քննություն կատարել,- հավելել է վարչապետը: -Պետք  է արձանագրենք, որ չնայած այն արմատական փոփոխություններին, որ մենք կատարեցինք այս բնագավառում, դեռևս նկատվում է ներքին դիմադրություն՝ նոր համակարգի ներդրմանը: Առաջին անգամ թոշակը վճարվում է էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա: Շատ մարդկանց դա դուր չի գալիս, և  նրանք փորձում են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար նաև թղթային փաստաթղթերով թոշակ նշանակվի և վճարվի: Հասկանալի է, որ այս կոռուպցիոն ռիսկերն առաջանում էին թղթային ձևակերպման ժամանակ, երբ որ ամբողջական վերահսկողություն իրականացնելը դառնում էր չափազանց դժվար: Նախարարն ինձ զեկուցել է, որ չնայած այսպիսի արմատական փոփոխություններին, չարաշահումների բացահայտմանը՝  վերջին երեք ամիսների ընթացքում արձանագրվել են նոր խախտումներ: Այսինքն, կան մարդիկ, ովքեր փորձում են որոշակի հին մեթոդներով փող վաստակել անօրինական ձևով: Բոլոր նյութերը կնախապատրաստվեն նախարարության կողմից, և սեպտեմբերին մենք հրապարակային կներկայացնենք, թե ինչ չարաշահումներ են առկա եղել համակարգում և ինչ եղանակներ էին օգտագործվում անօրինական ձևով փող աշխատելու համար: Մենք մեր քաղաքացիներից ներողություն ենք խնդրում, որ առաջացել են այսպիսի խնդիրներ և վճարման հետ կապված հերթեր: Դրանք պայմանավորված էին նոր համակարգի ներդրմամբ և այն դիմադրությամբ, որը, ցավոք սրտի, դեռևս առկա է համակարգում: Նախարարը հավաստիացրել է ինձ, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում այլևս նման խնդիր չի առաջանա, և մեր թոշակառուները ժամանակին, առանց բարդության կստանան իրենց թոշակները»: 

 

Կատարելագործվում է մարզերի կառավարման համակարգը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրում փոփոխություններ կատարելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզերում պետական կառավարման համակարգի բարեփոխման իրականացմամբ: Նախագծով նախատեսվում է կանոնակարգել մարզի խորհրդի նիստի գործունեության արդյունավետ իրականացումը, ընդլայնել և հստակեցնել նիստի քննարկմանը ներկայացվող հարցերն ու նիստի անցկացման հաճախականությունը: Նախատեսվում է նաև մարզի խորհրդի նիստը դարձնել թափանցիկ և հրապարակային, քանի որ նիստի ժամանակ կազմվելու է արձանագրություն, որը տեղադրվելու է մարզպետարանի ինտերնետային կայքում: Բացի այդ, մարզի խորհրդի նիստին կարող են մասնակցել մարզում գործող հասարակական կառույցների անդամները և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները:

Մարզի խորհրդի դերակատարումը մեծացնելու նպատակով նախատեսվել է այդ կառույցում պարտադիր քննարկել մի շարք հարցեր: Նախատեսվում է, որ մարզպետը մարզխորհրդի քննարկմանը պետք է ներկայացնի մարզային զարգացման ծրագրերի հիման վրա տարվա աշխատանքային պլանի կազմման և մոնիտորինգի ու գնահատման արդյունքները, ՀՀ վերահսկիչ պալատի և վերահսկողական գործառույթ իրականացնող պետական այլ մարմինների կողմից մարզում իրականացված ստուգումների արդյունքում կազմված փաստաթղթերը, ՀՀ պետբյուջեով մարզի տարածքում իրականացվելիք ծրագրերը, ՀՀ պետբյուջեով և այլ միջոցներով մարզին վերաբերող ծրագրերի կատարման ընթացքը, համայնքի ղեկավարի վարքագծի վերաբերյալ իրավապահ մարմիններից ստացված միջնորդագրերը, մարզի տարածքում իրականացված վարչական և ֆինանսական հսկողության արդյունքները:

Սոցիալական-տնտեսական առաջնահերթ խնդիրների լուծման համար վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ՀՀ մարզպետարաններին տրամադրվող գումարների օգտագործման վերաբերյալ տեղեկությունը կայքերում տեղադրել նույն, միասնական ձևաչափով, որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի այդ տեղեկությունից օգտվելը և վերահսկելը: Վարչապետն իր խոսքում ամենահաջողված ծրագրերից է համարել անապահով ընտանիքների երեխաների հանգիստն ամառային ճամբարներում կազմակերպելու նախաձեռնությունը: «Քանի որ մենք այժմ ձևավորում ենք 2014թ. պետբյուջեն, պետք է մյուս տարի 1500-ով ավելացնել երեխաների թիվը»- եզրափակել է վարչապետը:

                ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալը կդյուրանա

 

ՀՀ կառավարությունը մեկ տարով  երկարաձգել է ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի գործողության ժամկետը` Լիբանանի  Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն տալով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր:

ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի այն դրույթը, որ  Եվրամիության անդամ պետությունների և Եվրամիության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական Միության ոչ անդամ պետությունների քաղաքացիներն ազատվում են Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի պահանջից, տարածվել է Խորվաթիայի վրա, որը ս.թ. հուլիսի 1-ից դարձել է Եվրամիության անդամ:  Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի ՀՀ արտգործնախարարությունը քննարկի Իրաքի քաղաքացիներին վիզաների տրամադրման հարցը և առաջարկություն ներկայացնի: «Ակնհայտ է, որ այսօր Իրաքում բավական մեծ զբոսաշրջային ներուժ կա, և պետք է այնպիսի ռեժիմ սահմանել, որպեսզի այդ երկրի քաղաքացիները կարողանան Հայաստան այցելել: Մեծ, վճարունակ և դինամիկ տուրիստական ներուժ ունեցող երկիր է այսօր Իրաքը դարձել: Եվ մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում մեր հարևան երկրները սահմանում են այնպիսի ռեժիմներ, որպեսզի կարողանան այդ տուրիզմը իրենց մոտ տանել: Անհրաժեշտ է, որպեսզի արտգործնախարարությունն էկոնոմիկայի նախարարության հետ քննարկի այս հարցը և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնի առաջարկություններ. նախարարական կոմիտեում քննարկենք, թե ինչ ռեժիմ կարող ենք սահմանել, որպեսզի բարձրացնենք Հայաստանի տուրիստական գրավչությունը: Մեր քաղավիացիայի վարչության հետ էլ պետք է քննարկել այս հարցը` ուղիղ չվերթների կազմակերպման հարցը: Մեկ շաբաթ հետո նախարարական կոմիտեում քննարկենք»:

Փոփոխվում է «Ցիկլոտրոն» ծրագրի պայմանագիրը

 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության և «Այըն բիմ էփլիքեյշնս» ընկերության միջև 2010 թ. նոյեմբերի 23-ին կնքված «Ցիկլոտրոն» ծրագրի վերաբերյալ պայմանագրի փոփոխությանը, ինչը պայմանավորված է մատակարարվող սարքավորումների ցանկում պրոտոնային փնջի ուղղորդման խողովակի ավելացմամբ, ինչպես նաև դրա արդյունքում իրականացվելիք լրացուցիչ աշխատանքների կատարման հնարավորությամբ: Գործադիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարին լիազորել է ՀՀ անունից կնքել փոփոխության պայմանագիրը, ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության և «Քեյ բի սի էն վի» բելգիական բանկի միջև 2010թ. նոյեմբերի 23-ին կնքված վարկային համաձայնագրում և լիազորել նրան ՀՀ անունից կնքել վարկային համաձայնագիրը:

Կառավարությունը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ ընկերության գործունեությունն ապահովելու նպատակով հայտարարել է հավատարմագրային կառավարիչ ընկերության հրապարակային մրցույթ, հաստատել դրա կանոնակարգը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բելգիական  «Այբիէլ մոլեկուլյար» ընկերության հետ պայմանագիր է կնքել` ձեռք բերելու «Ցիկլոն 18/18» տեսակի ցիկլոտրոն, որը  Հայաստան կառաքվի 2013 թ. աշնանը: Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը բաղկացած կլինի ցիկլոտրոնից և ինտեգրված բարձր տեխնոլոգիական սարքավորումներից: Հաջորդ որոշմամբ ցիկլոտրոնի տեղակայման շենքի ներքին հարդարման, արտաքին և ներքին ճարտարագիտական համակարգերի ձեռք բերման, տեղավորման և կարգաբերման աշխատանքների իրականացման պատվիրատու է սահմանվել ՀՀ քաղաքաշինության նախարարությունը : Աշխատանքների գնումն իրականացվելու է բաց ընթացակարգով:

Կվերականգնվի Կապսի ջրամբարը

 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է Շիրակի մարզում, Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի ջրամբարի վերականգնմանը: Ջրամբարը պետք է ունենար 60 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն 1985թ. սկսված շինարարությունը դադարեցվեց 1993թ., երբ   պատվարի բարձրությունը նախագծային 73 -ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի: Անավարտ շինությունը վտանգավոր է ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի և ենթակառուցվածքների համար: Միաժամանակ ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը, ուստի դիտարկվել են դրա վերականգնման տարբերակներ: Գերմանական KfW բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն, ուստի նախագծի կազմման մրցույթ է հայտարարվել: Ծրագրի իրականացումը կարժենա 18,5 մլն եվրո, որի վարկային միջոցներն արդեն իսկ նախատեսված են երկկողմ համաձայնագրով: Այժմ գերմանական բանկը պատրաստ է 350 հազար եվրո դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն՛ մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:

Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և նույն բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների 2-րդ ծրագրի 3-րդ փուլի» շրջանակում մատուցվելիք փորձագիտական ծառայությունների համար 505 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարման պայմանագրերն ավարտվելու են 2013թ.-ին` սույն ֆինանսավորման համաձայնագրով նախատեսվում է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ` 2013թ. հետո կիրառվելիք մասնավոր համագործակցության գործընկերության պայմանագրերի նախակնքման և մասնավոր օպերատորի հետ բանակցության աջակցման նպատակով :

Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինասների նախարարության աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է հաշվետվությունների ուսումնասիրության բաժին, որի նպատակն է առավել արդյունավետ կազմակերպել նախարարության գործառույթները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031