Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես արվեստը պահում եմ իմ մեջ, և չեմ ուզում այն դառնա վաստակելուս միջոցը». Աստղիկ Հարությունյան

Օգոստոս 08,2013 16:13

 

«Մայրիկիս միշտ մեղադրում եմ, որ ինձ չի փոխանցել արվեստագետի գեն… բայց արի ու տես, որ գեղեցիկը սիրելը երևի թե արդեն այդ գենի մասին է խոսում», – այսպես սկսեց պատմել իր նախասիրությունների մասին 32-ամյա Աստղիկ Հարությունյանը: Աստղիկը սովորել է Վ. Բրուսովի անվան լեզվաբանական համալսարանի իտալերեն բաժնում, եղել է Եվրոպական կամավորական ծրագրի կամավոր Իտալիայի Առոնա քաղաքում, իսկ հետո էլ ինքն է դարձել Եվրոպական կամավորկան ծրագրերի ղեկավար: 2012-2013թթ.ավարտել է մագրիստրատուրան Պառմա քաղաքում:

Աստղիկը «Առավոտ երիտասարդականին» պատմեց իր մի քանի նախասիրությունների մասին, որոնցից մեկը լուսանկարչությունն է:

«Չունենալով նկարելու տաղանդ՝ հասկացա , որ լուսանկարչությունը արվեստի այն ճյուղն է, որ պետք է տեսնես ու նկարես, չես կարող թողնել հետագայի, հատկապես, որ ես շատ եմ սիրում սթրիթ ֆոտո, – ասում է Աստղիկը, – պարզապես շատ ժամանակ չունեմ, քանի որ շատ բաներով եմ զբաղվում, իսկ նա կամակոր երեխայի պես է, շատ ժամանակ է պահանջում»: Նկարում է, երբ զգում է, հակառակ դեպքում, կարծում է՝ անպիտան բաներ են դառնում: Զգացողությունն ու ցանկությունը կարևորում է ամեն ինչում, ձգտում է մաքսիմալ զգալ, նոր անել՝ թե՛ ուսման մեջ, թե՛ ստեղծագործական աշխարհում. «Երբ զգալով եք անում, առաջին հաղթողն ու էնրգիա ստացողը հենց դուք եք լինում, ուստի միշտ պետք է զգալ», – հավելում է նա: Աստղիկի մայրն ու ընկերները մինչ օրս էլ չեն դադարում ասել, որ նա պետք է ընտրեր արվեստի աշխարհը, անգամ Սուրեն Մանվելյանը, ում մոտ Աստղիկն ուսանել է, երբ իմացավ, որ ընդունվել է մագիստրատուրա ընկերաբար բարկացավ՝ ասելով, որ պետք է ընտրեր լուսանկարչության ուղին: Սակայն այս ամենին ի պատասխան՝ Աստղիկն ասում էր. «Ես արվեստը պահում եմ իմ մեջ և չեմ ուզում այն դառնա իմ առօրյան, վաստակելուս միջոցը, ամեն դեպքում սիրում եմ այն, ինչ անում եմ»:

2007թ.-ից Աստղիկի կյանքում անբաժան մաս է կազմում ձեռագործությունը: Սկզբում անում էր միայն իր համար, այնուհետև սկսեց նաև պատվերներ ընդունել: Ձեռագործ աշխատանքները ցուցադրված են նաև Yellow Street խանութում, որոշներն էլ նվիրել է մտերիմներին և ոչ միայն. «Միանշանակ նվիրում եմ հարազատ մարդկանց, բայց սկզբունքային է, նվիրում եմ միայն նրանց, ովքեր գնահատում են գեղեցիկը», – ասում է նա: Տարիներ շարունակ արել է միայն կրելու աքսեսուարներ, բայց 2012 թ-ին սիրահարվեց թաղիքագործ իրերին և հիմա իր սենյակի լուսամփոփներն է պատրաստում: Աստղիկի աշխատանքներում գերակշռումեն ծաղիկները, որոնք այնքան բնական ու թարմ տեսք ունեն, որ թվում է, թե հենց նոր է բակից քաղել: «Շատ եմ սիրում ծաղիկներ, շատ ցանկացա բնության այդ հրաշքներին երկար կյանք տալ, – ասում է Աստղիկը, – հիանալի զգացում է, երբ բնության մոտ բան ես ստեղծում»:

Աստղիկը, սակայն, սիրում է ոչ միայն բուսական, այլև կենդանական աշխարհը, ամենասիրելի կենդանին էլ շունն է. «Շների սերն ինձ բերեց այն գիտակցական մակարդակի, որ պետք չէ իրենց միսը ուտել. այո, մենք շուն չենք ուտում, բայց ուտում ենք ուրիշ կենդանու միս, – ասում է նա, – Իտալիայում եկա որոշման, որ էլ ոչ մի կենդանու վնաս չեմ տա»: Հիմա երկու շուն ունի, որոնցից մեկին՝ Լեոյին, ինքն է փրկել և 12 օր է, ինչ խնամում է. «Երևի մեքենան էր վնասել, հետևի թաթի մի հոդը չկա, վտանգ կար, բայց հիմա նա առողջ ու երջանիկ է»: Մյուսը Կի-Կան է, ում հետ նա շատ կապված է. «Մենք իրար հետ խոսում ենք,, հավատացեք, նրանք հասկանում են ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել», – ասում է Աստղիկն ու հորդորում բոլորին շուն պահել, համոզված է՝ նրանք մեր ամենալավ դաստիարակներն են:

Աստղիկի նախասիրությունները խիստ տարբեր են, բայց կա դրանց կապող օղակ՝ սերը. «Ես գտել եմ իմ երջանկության բանաձևը, – ասում է նա, – սերն է փրկության միակ ճանապարհը»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031