Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ. «Մինչեւ սեպտեմբերի 23-ը ունենալու ենք նոր վիճակ Հայաստանում»

Օգոստոս 23,2013 20:38

«Բոլորը գիտեն, որ դանակը ազգային, պետական ոսկորին հասել է եւ այսպես չենք կարող շարունակել: Բոլորս գիտենք, որ առանձին-առանձին հրապարակներում, պուրակներում, բուհերի առջեւ, առանձին-առանձին ոչ մի տեղ չենք հասնելու: Դրա համար ես առաջարկում եմ հիմիկվանից, քանի ուշ չէ, քանի հաղթանակը, որը մենք կերտել ենք 90 տոկոս, մեր ձեռքերի մեջ է, փոխենք մեր մոտեցումը, մեթոդաբանությունը, յուրաքանչյուրն ընդունենք մեր սխալները»,- Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում այսպես ամփոփեց հանրահավաքը:

Նա ասաց, որ բոլորը՝ ազատամարտիկ, անգամ զինվոր եւ ոստիկան, պիտի միանան. «Այս բոլոր հարցերն իրենց լուծումը կգտնեն, որդեկորույս ծնողը իր պատասխանը կստանա, օֆշորի հարցը, արտագաղթը, տրանսպորտային զեղումները եւ այլն…եթե մենք ուժը գտնենք միասին լինելու համար, այս սեպտեմբեր ոչ թե թեժ աշուն է սպասվում, այլ հրամայական հաղթանակ: Ես հայտարարում եմ, որ ես անձամբ, որպես ՀՀ քաղաքացի եւ Ժառանգությունն իր համակիրներով, իր միլիոնավոր ընտրողներով, քաղաքացիական նախաձեռնություններով, անխտիր բոլորն արժանի են զորակցման: Մենք կլինենք քաղաքապետարանի առջեւ, համալսարանի առջեւ, Կոմիտասի 5-ում, միայնակ եւ 50 հազար մարդու առջեւ: Սա միասին պետք է անենք եւ պետք է անենք այս տարի: Թարգե՛նք Ժառանգություն, թե մյուս կուսակցություններ, թե Նախախորհրդարան: Անընտիր այս իշխանությունը չթողնենք, որ թագավորի»:

Նա հայտարարեց, որ բոլորը միանան հինգշաբթի օրը ազատամարտիկների հանրահավաքին, հինգշաբթի առավոտյան ժամը 10-ին գնալ կառավարության շենքի առաջ՝ ուսման վարձի թանկացան դեմ բողոքի ակցիային. «Որտեղ կա պայքար, մենք կմիանանք, որպեսզի աշունը լինի մեր հաղթանակի եղանակը: Դա մեր ձեռքերում է»:

Իսկ հաջորդ միասնական հանրահավաքը Ազատության հրապարակում կլինի սեպտեմբերի 5-ին կամ 6-ին: Լրացուցիչ կհայտարարվի: Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց չվախենալ. «Հարցի պատասխանը մեր ձեռքում է: Այսօր օգոստոսի 23-ն է, մինչեւ սեպտեմբերի 23-ը ունենալու ենք նոր վիճակ Հայաստանում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031