Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի-Աշխէն Գործունեան. «Պատմական վտանգաւոր պահ Է ամբողջ Հայաստանի համար»

Սեպտեմբեր 09,2013 12:55 Share

aztagdaily.com. Հատված «Փարիզեան Սուրճ» ընկերութեան նախկին սեփականատէր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխէն Գործունեանի հետ հարցազրոյցից:

– Հայաստանից հեռացաք հիասթափուած: Հիասթափուել էիք իշխանութիւններից: Արդեօ՞ք անցել է այդ հիասթափութիւնը: Ինչպէ՞ս էք զգում Փարիզում:

– Ես Փարիզում լաւ եմ` իմ ընտանիքով, իմ ընկերներով: Աշխարհի ամենասիրուն քաղաքում եմ, իսկ Հայաստանի իշխանութիւններից զգացումս նոյնն է: Այո՛, շատ հիասթափուած եմ, եւ շարունակում եմ մտածել նոյն կերպ` պայքարել նրանց դէմ, ինչքան որ հնարաւոր է:

– Սովորաբար պատրանքային Հայաստանի կերպար են կերտում սփիւռքում, որպէսզի սփիւռքահայերը յանկարծ չհիասթափուեն Հայաստանից: Ինչո՞ւ: Դուք անկեղծօրէն նոյնիսկ այդտեղից խօսում էք հայաստանեան իրականութեան մասին: Դժուարութիւնների առաջ չէ՞ք կանգնում:

– Ես հայ եմ եւ ինձ հետաքրքրում է իմ հայրենիքի ամէն ինչը: Ես ուզում եմ, որ իմ երկիրը փոխուի, որ իմ հայրենակիցներն ապրեն աւելի արդար, աւելի ճիշտ երկրի մէջ: Մի օր պէտք է բոլոր հայերը վերադառնան իրենց հայրենիք, եւ որպէսզի դա կատարուի, պէտք է պայքարել, որ երկիրը դառնայ դէպի լաւը, որ սփիւռքն ուզենայ գալ եւ առանց վախենալու ներդրումներ անի, որ յետոյ միասին կառուցենք մեր ուզած երկիրը:

– Թէեւ բազմիցս պատասխանել էք այս հարցին, բայց հետաքրքիր կը լինի իմանալ` ձեր անձի հանդէպ ճնշումների պատճառո՞վ գնացիք Հայաստանից: Ի՞նչ յոյսերով եկաք, ապրեցիք եւ ինչպէ՞ս գնացիք:

– Ճնշում չեղաւ, բայց գիտէ՞ք ճնշումն ինչ է` արդարութեան, հարկերի կաշառակերութիւն, այսինքն` անառողջ վիճակ: Դա է ճնշումը, եւ այդ պատճառով է, որ այլեւս չենք վստահում պետութեանը: Այս մթնոլորտը պէտք է փոխուի, որպէսզի նորից կ՛արողանանք գալ Հայաստան եւ ներդրումներ անել: Այս համակարգը լրիւ պէտք է փոխուի, պէտք է առողջանայ, որ ժողովուրդը նորից յոյս ունենայ: Լրատուութիւնից արդէն գիտենք ամէն բան, մեծամասնութիւնն արդէն ուղղակի յուսահատուած է:

– Միւս կողմից` որոշ սփիւռքահայեր գալիս են Հայաստան, փորձում են ներդրումներ անել, բայց, ցաւօք, կարճ ժամանակ անց հեռանում են` չբաւարարուելով առաջարկուած պայմաններից: Օրինակ, դուք ձեր հարցազրոյցներում նշել էիք, որ ներդրումներ չէք անի` մինչեւ որ իշխանափոխութիւն չլինի: Չէ՞ք համարում, որ նման մօտեցումը աւելի շատ սպասման մեքանիզմներ է ընդգրկում, դրանով գուցէ աւելի վնասելով ոչ թէ իշխանութիւններին, այլ հասարակութեանը:

– Այո՛, նորից ներդրումներ չեմ անի, մինչեւ որ այս պետութիւնը չգնայ: Պէտք է պայքարել իշխանութեան դէմ, հասարակութիւնը պէտք է պայքարելու ձեւ գտնի, որ նրանց հանի: Եթէ նրանք մնան, երկիրը կարող է մնալ մի քանի հազար հայով ու վե՛րջ: Ամէն օր պէտք է պայքարել նրանց դէմ, ուրիշ ճար չկայ: Վնասն արդէն եղել է, դրանից աւելի մեծ վնաս ինչպէ՞ս կարող ես հասցնել, յոյսը սպաննել են, ժողովուրդը վստահութիւն ու յոյս չունի, դրա համար էլ լքում է Հայաստանը: Սրանից աւելի վատ ի՞նչ կարող են անել: Շատ մտահոգուած եմ, դրա համար էլ շատ գործունեայ եմ: Մտածում եմ, որ պատմական վտանգաւոր պահ է ամբողջ հայութեան համար, որովհետեւ այս արտագաղթը մեզ տանում է հայրենիք կորցնելուն եւ շուտ պէտք է գտնել լուծում:

– Ըստ ձեզ, ո՞րն է այդ լուծումը:

– Գործիչներին պէտք է քաջալերել, պէտք է մասնակցել ամէն նախաձեռնութեան, պէտք է լինել ժողովրդի կողմը: Անձամբ ես մասնակից եմ Փարիզում Հայաստանի վերածնունդ խմբին, որի համակիրը Նախախորհրդարանն է, եւ այս պետութեան դէմ բոլոր նախաձեռնութիւններին համակիր կը լինեմ, մինչեւ փլուեն: Սա է իմ նախաձեռնութեան` իբրեւ հայ, որ անտարբեր չէ իր ժողովրդի ճակատագրին նկատմամբ:

– Տիկին Գործունեան, իսկ ի՞նչ դերակատարում պէտք է ունենայ սփիւռքն այդ պայքարում:

– Սփիւռքը անպայման պէտք է մասնակից լինի, բայց խնդիրն այն է, որ սփիւռքը կա՛մ անտարբեր է, կա՛մ իր պատմական պատճառներով վախենում է կպնել պետականութեան, որովհետեւ բարդոյթ ունի Թուրքիայի դիմաց, եւ դա պէտք է արտայայտել դրսում: Երբ մենք ցոյց արեցինք դեսպանատան առջեւ, շատ սփիւռքահայեր ցնցուած էին, բայց եթէ բողոքում ես, պէտք է բողոքես դեսպանութեան առջեւ: Դա է դրսի խնդիրը, բայց, կարծում եմ, կամաց-կամաց կը փոխուի, եւ հայերը պէտք է հասկանան, որ ամէն ձեւով պէտք է պայքարեն բարդոյթների դէմ, աշխատենք մեզ վրայ, որ հին բարդոյթներից դուրս գանք, սկսենք առողջ մտածել, որպէսզի ստեղծենք առողջ հասարակութիւն, առողջ պետութիւն, եւ որ հասնենք առողջ հայրենիքի:

– Ի՞նչ կը կորցնենք չպայքարելու դէպքում:

– Հայրենիք կը կորցնենք, կը մնանք մէկ քաղաքով` Երեւանով ու մի քանի հազար հայ, հայրենիքը կը վերջանայ:

Երեւան-Պէյրութ

 ՀարցազրոյցՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30