Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշքի եկեք տղաներ

Սեպտեմբեր 11,2013 21:21
Ruben Sahakyan

Սեպտեմբերի 14-ին տեղի է ունենալու Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը, որին ինքնառաջադրվել են փաստաբաններ Կրոմվել Գրիգորյանն ու Տիգրան Աթանեսյանը, ինչպես նաև Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից առաջադրվել է Արա Զոհրաբյանը:

Տ. Աթանեսյանն ու Կ. Գրիգորյանը իրենց նախընտրական քարոզարշավը կառուցեցին սև PR-ի վրա, փորձելով վարկաբեկել Պալատն ու Պալատի նախագահին, ինչպես նաև Արա Զոհրաբյանին:

Եթե փաստաբանների համար ամեն ինչ պարզ է և գիտենք, թե ով ով է, ապա լայն հանրության, առանձին դեպքերում նաև սկսնակ փաստաբանների համար դա այնքան էլ պարզ չէ և մարդկանց մոտ մնում է միայն սև PR-ի բացասական նստվածքը:

Որևէ փաստով չհիմնավորված հերյուրանքներին փաստաբանների կողմից պատասխաններ տրվել են, ցույց տալով հերյուրանքների հիմնազուրկ և դիտավորությամբ խեղաթյուրված են:

Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, սակայն, հայտարարել է, որ  նախընտրական այս փուլում չի պատասխանելու այդ հայտարարություններին, հետևաբար դա փորձեմ անել ես, ցույց տալով, թե ում հասցեին են տարածվում հերյուրանքները:

Ռուբեն Սահակյանն այն միակ փաստաբանն է, որը 1988թ-ին Հայաստանից մեկնեց Ադրբեջան, որտեղ Սումգայիթում ու Բաքվում 5 ամիս պաշտպանեց այն հային, որը ադրբեջանցիների կողմից իրականացված հայերի ջարդի ժամանակ պաշտպանվելով ադրբեջանցու էր սպանել:

Նա այն եզակի փաստաբաններից է, որը 1991թ-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ընթացող դատավարությունում պաշտպանել է Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի ժամանակ զոհ դարձած ու դատավարությունում որպես տուժող ընդգրկված հայերի շահերը:

Նա այն փաստաբաններից մեկն է, որոնք 90-ականներին Հայաստանում ընթացող աղմկահարույց և քաղաքական բնույթի դատավարություններում հանդես եկան որպես սկզբունքային փաստաբաններ, ինչի համար անգամ իրավապահների կողմից կազմակերպված հարձակումների և ֆիզիկական բռնությունների ենթարկվեցին:

Նա իր փաստաբանական գործունեության ընթացքում պաշտպանել է 16 փաստաբանի:

2005թ-ին Ռուբեն Սահակյանը Պալատի նախագահ ընտրվեց` ստանալով ընտրություններին մասնակցած 305 փաստաբաններից 227-ի ձայնը, իսկ 2008թ-ին` 351 մասնակիցներից 326-ի ձայնը, ինչը ապացույցն է նրա բարձր հեղինակության և փաստաբանների շրջանում նրա նկատմամբ ունեցած վստահության:

Երբ 2005թ-ին Ռուբեն Սահակյանը դարձավ Փաստաբանների պալատի նախագահ, Պալատն ուներ ընդամենը 430 անդամ, այժմ ավելի քան` 1600: Այս ընթացքում բարձրացել է փաստաբանների և փաստաբանության հեղինակությունը և պատահական չէ, որ իրավապահ մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ դիմում են Փաստաբանների պալատ, սովորում են փաստաբանական դպրոցում, քննություն են հանձնում, որպեսզի դառնան փաստաբան:

Ռուբեն Սահակյանն այն անձն է, որի շնորհիվ Երևանի ամենակենտրոնում Պալատին հատկացվեց 4 հարկանի մեծ շենք, որտեղ կտեղավորվեն Փաստաբանների պալատը, Փաստաբանական դպրոցն ու Հանրային պաշտպանի գրասենյակը:

Ռուբեն Սահակյանը բազմաթիվ փաստաբանների է կրթել և փաստաբանական դպրոցի (շկոլայի) հիմնադիր է: Ինքս էլ անցել եմ այդ դպրոցով:

Նա Փաստաբանների պալատին, որպես կառույցի, զերծ է պահել քաղաքականությունից, իսկ Պալատը միշտ կանգնել է այն փաստաբանների կողքին, որոնց նկատմամբ, իրենց գործունեության հետ կապված, ճնշումների փորձեր են արվել:

Պատահական չէ, որ Ռուբեն Սահակյանին ամենամոտ կանգնած, նրա շկոլան անցած փաստաբանները մեծ ակտիվությամբ պաշտպանում էին 2007-2008թ.թ. քաղաքական բնույթի (մարտի 1-ի) գործերով ընդդիմադիր գործիչներին, իսկ այդ գործերով արձակված 4 արդարացման դատավճիռներից 3-ով արդարացվածների փաստաբանները եղել են հանրային պաշտպաններ, ինչը նույնպես ապացույցն է այն բանի, որ Պալատը վեր է կանգնած քաղաքականությունից:

Թվարկվածը մի փոքր մասն է փաստաբանության զարգացման մեջ Ռուբեն Սահակյանի ներդրումից:

Վստահ եմ, որ Արա Զոհրաբյանի նախագահության օրոք ևս պալատը վեր է կանգնելու քաղաքականությունից, իսկ արձանագրված ձեռքբերումները բազմապատկվելու են:

 

Հ.Գ.

Այս օրերին բազմաթիվ փաստաբաններ են դիմում ինձ և զարմացած ու զայրացած հարց բարձրացնում, թե էս ի՞նչ են անում, նկատի ունենալով հրապարակայնորեն տարածվող կեղծ հերյուրանքները: Նրանք բոլորը այդ հերյուրանքները իրենց հանդեպ ուղղված վիրավորանք են դիտում և պնդում, որ մի բան պետք է արվի, որ նման բան չի կարելի թույլ տալ:

Տղաներ, սթափվելու կոչ եմ անում, մաքուր գործեք, վաղն ինչպես եք աչքերիս նայելու:

 

Կարեն Մեժլումյան, փաստաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. rafayel says:

    …Նա այն եզակի փաստաբաններից է ,- որ բոլորի համար ակնհայտ մարդասպաններին որակաորում է որպես ինքնապաշտպանվող խեղճ ու կրակ անճարներ,և ափսոսանք է հայտնում,որ նրանք ,,անմեղ,, տեղը մի քանի ամիս կալանավորված են եղել:Ես համոզված եմ,որ 37-ը հենց սրա նմանների ձեռքերով է իրականացվել

    • Կարեն Մեժլումյան says:

      Նա պրոֆեսիոնալ է և իր գործը լավ է անում: Դրա ապացույցն են նրա բազմաթիվ արդարացումները, այդ թվում ինքնապաշտպանությամբ ադրբեջանցի սպանած հայերի արդարացումները: Բժիշկը, անկախ նրանից, թե ով է նրա հիվանդը, պետք է նրան ցույց տա օգնություն և չթողնի որ նա անօգնական մահանա: Նույնը փաստաբանն է, եթե նա ստանձնել է գործը, իսկ Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք պաշտպան ունենալու իրավունք ունի, ապա օրենքով չարգելված բոլոր միջոցներով պետք է պաշտպանի իր պաշտպանյալին, դա պրոֆեսիոնալիզմ է և պետք չի պաշտպանին նույնացնել իր պաշտպանյալի հետ: Եթե 37-ին լինեյին Ռուբեն Սահակյանի նման պրոֆեսիոնալ ու սկզբունքային, այսինքն իր վստահորդին չդավաճանող փաստաբաններ, 37 թիվը հավանաբար այդպիսին չէր լինի:

  2. Zaven says:

    Կներեք, բայց այս հրապարակումը <> է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30