Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները սպասում են՝ «ապրանքը հասունանա, որ մորթեն»

Հոկտեմբեր 10,2013 20:25

«Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հերթական հավաքն էր:

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը դժգոհեց, որ իրենց չարախոսողների ու իրենց փոփոխությունների նախաձեռնությանը թերահավատորեն մոտեցողների պակաս չկա:

«Հարցնում են՝ ինչ պիտի անեք, ով մոռացել է՝ ինչ ենք արել, թող հարցնեն իրենց քիրվա ադրբեջանցիքին: Իսկ թե այսօր ինչ կարող ենք անել, էլի խորհուրդ կտամ հարցնեն քիրվա ադրբեջանցիքին»,- ասաց պարոն Սարգսյանը:

Հետո իրենց քննադատողներին անդրադարձավ. «Ասում են՝ էս տղերքն ինչ են ջուր ծեծում, եկեք գնանք դրանց գլուխները ջարդենք: Բայց մենք ղասաբի բնավորություն ունենք, ապրանքը հասունացնում ենք, հետո՝ մորթում: Ամեն ինչ իր ժամանակին»:

Նա նաեւ ասաց, որ կուսակցությունների ղեկավարների կլոր-սեղան քննարկումը հոկտեմբերի 18-ին է լինելու. «Նախ ճշտելու ենք՝ ինչ ենք ուզում, ինչպես ենք ուզում: Ազգովի որոշելու ենք ինչ անել»:

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն էլ ասաց՝  ոչ մի կասկած չունի, որ շատ կարճ ժամանակում Հայաստանի ծանրագույն ներկայով եւ բաղձալի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիները իրենց վճռական ներկայությամբ եւ հավաքական մարտնչող անհանդուրժողականությամբ այս հրապարակը վերջապես դարձնելու են  հայոց ազգային բարոյականության օազիս:

samvel

Հետո կոչ արեց երիտասարդությանը, հատկապես ուսանողներին համախմբվել. «Այն օրը, երբ  Երեւանի ուսանողությունը եղեգի նման դուրս կհորդի համալսարանական գորշ միջավայրից եւ կբոլորվի այս հրապարակում, քաջություն կունենա այստեղ ընտրելու հայոց ուսանողական խորհուրդ, ուղղորդելու եւ ղեկավարելու  ուսանողական շարժումը, հաջորդ օրն իսկ վերջապես բացվելու է այդքան բաղձալի հայոց արշալույսը: Մեզ սպասվում է ազատագրական պայքար: Եւ այդ պայքարը հաղթանակի կհասնի միայն այն դեպքում, երբ շարժիչ ուժը դառնա հայ ուսանողությունը»:

Նա կրկին անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցներին եւ դեպքի առթիվ ասաց, որ նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղորդեցին, որ ինքն էլ ուղղորդի այդ գործը: Նա դժգոհեց, որ Հայաստանը իրավական պետություն չէ,  Հայաստանում  անիրավ համակարգ է իշխում. «Մեր հայրենիքը շարունակում են դիտել որպես իրենց բանդաների վայրի կամայականությունների փորձադաշտ: Այլեւս հանդուրժողականությունը, անտարբերությունը, լռությունը հանցագործություն է: Այլեւս այդ երեւույթները հայրենիքի դավաճանություն պիտի դիտենք եւ բոլորվենք, համախմբվենք այս հրապարակում»:

Նա Ազատամարտիկների շարժումը ազգային ազատագրական շարժում որակեց ու հռչակեց կարգախոսի իր տարբերակը. «Հայրենիքը վտանգի մեջ է, մայր Հայաստանն է կանչում, բռունցքվելն է փրկությունը Հայաստանի»:

Նա առաջարկեց նաեւ ստեղծել հայրենիքի փրկության կոմիտե, որին կանդամակցեն անխոցելի բարոյական նկարագիր ունեցող գործիչներ. «Հիմնականում անկուսակցական, նաեւ կուսակցական մարդիկ, որոնք նախկինի պես չխաբեն ժողովրդին»:

Հայ ժողովրդին կեղեքող ռեժիմի անունն էլ առաջարկեց դնել «Լիսկայություն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ավելի լավ կհնչի՝ կոչել Լիսկազավրներ:

  2. Գայանե says:

    Իսկ հիվանդությունը՝ Լիսկամանիա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031