Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Հեքիմյան. «Ազգիդ կերպարը նրա հերոսներով կարող ես կերտել»

Հոկտեմբեր 18,2013 19:32

«Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ հանդիպում «Աշխարհի մարդիկ. Ռուսաստանի հայտնի հայերը» գրքի հեղինակ Ստեփան Ռոբերտի Հեքիմյանի հետ:

Հեղինակն ասաց, որ գրքի ստեղծման աշխատանքները սկսվել են 2010 թվականից: Հիմնական նպատակը Ռուսաստանում բնակվող հայ մեծերին ներկայացնելն է. «Գրքում ներկայացված են այնպիսի մարդիկ, որոնք կայացել են որպես անհատականություններ և պահպանել են իրենց հայությունը: Իմ նպատակը իմ ազգի, ժողովրդի կերպարը աշխարհին ներկայացնելն է, իսկ ազգիդ կերպարը նրա հերոսներով կարող ես կերտել: Գրքում կան անուններ, որոնք անհայտ են հանրությանը, և կարելի է ասել, որ բացահայտվում են այս գրքով»,- նշեց Ս. Հեքիմյանը:

Հեղինակն ասաց, որ գիրքը գրվել է անհատական շփումների և հանդիպումների արդյունքում. «Առաջին հերոսը, որի հետ հանդիպեցի, Արմեն Ջիգարխանյանն էր: Ես շատ հուզված էի, բայց այդ հանդիպումից հետո ես ավելի մեծ հավատով լցվեցի այն գործի հանդեպ, որը պատրաստվում էի անել, որովհետև մտածում էի, որ եթե ինձ հաջողվեց հանդիպել այնպիսի զբաղված մարդու հետ, ինչպիսին Ջիգարխանյանն է, ուրեմն` կկարողանամ հանդիպել նաև մյուսների հետ»,- ասաց Ս. Հեքիմյանը:

Գրքում պատմվում է հայ մեծերից Արմեն Ջիգարխանյանի, Արթուր Չիլինգարովի, Ստեփան Միկոյանի, Տիգրան Քյոսայանի, Գարիկ Մարտիրոսյանի և այլոց մասին:

Գիրքը ներկայացվել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և մեծ ընդունելության է արժանացել: Հեղինակի խոսքերով` դա շատ սպասելի էր, որովհետև հայերն աշխարհում ամենուր են, և պատահական չէ, որ իրենք առաջարկ ենք ստացել նմանատիպ գիրք ստեղծելու նաև Եվրոպայի, Ամերիկայի հայերի մասին:

Ս. Հեքիմյանն հայտնեց, որ պատրաստվում է ավելացնել «Աշխարհի մարդիկ. Ռուսաստանի հայտնի հայերը» գրքի հատորները` հասցնելով 10-ի: Նախնական տվյալներով` յուրաքանչյուր հատոր կպատմի 50 հայի մասին: Հեղինակն ասաց նաև, որ խմբագրական անձնակազմն ապագայում վավերագրական ֆիլմ ստեղծելու ծրագիր ունի:

Գրքի հրատարակության գլխավոր հովանավորը «Տաշիր» հիմնադրամն է, հովանավորել են նաև «Russian Art Institute»-ը, «Group of Companies Luding» և այլ ընկերություններ:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Yepats Hav says:

    հայ մեծերից … Գարիկ Մարտիրոսյանի ??????????????

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031