Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականների գործերով միգրացիոն ծառայությունը «Copy, paste» է անում

Հոկտեմբեր 31,2013 14:08

«ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության՝ փախստականների կարգավիճակի դադարեցման վերաբերյալ որոշումները չեն համապատասխանում իրականությանը եւ նկատվում են բացահայտ խախտումներ,  որի կապակցությամբ միջնորդություն եմ կատարում դատարաններում, որ ծառայությանը պարտավորեցնեն ներկայանալ դատարան՝ պարզաբանումներ անելու համար: Հիմնականում դատարանը բավարարում է միջնորդությունս եւ միգրացիոն ծառայությանը պարտավորեցնում է ներկայանալ դատարան»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Աշխեն Եսայանը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ Աշխեն Եսայանը, ով հիմնական ներկայացուցիչն է դատարաններում՝ փախստականների գործով, հայտնեց մտահոգությունները՝ կապված փախստականների հետ: Նա ներկայացնում է 16 փախստականի կարգավիճակի վերականգնման հայցով գործեր, որի արդյունքների վերաբերյալ «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է: Այն, որ Ա. Եսայանին դիմել է 16 փախստական, դա պայմանավորված է նրանով, որ փախստականները  համախմբվել են եւ  ցանկություն են հայտնել, որպեսզի նա ներկայացնի իրենց գործերը դատարաններում. «Տղաները համախմբված են պայքարում իրենց իրավունքների համար եւ քանի որ նրանք իրար ծանոթ են, այդ իսկ պատճառով մեկը մյուսին տեղեկացնելով դիմել են ինձ, որպեսզի ես ներկայացնեմ իրենց հայցերը դատարաններում: Փախստական տղաների համախմբված լինելու փաստացի ապացույցը Նիկոլ Բաղիրյանի՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով նիստին նրանց ներկայությունն էր: Այդ նիստի ժամանակ տղաներն ապացուցեցին, որ իրենք համախմբված պաշտպանում են իրենց իրավունքները»,-մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Աշխենը: Նա  խոսեց փախստականների դատական նիստերի մասին: Փաստաբանը  շեշտեց, որ հիմնականում մերժում են փախստականների հայցերը եւ դեռեւս բավարարել են երկու փախստականի գործ՝ այն  էլ միայն Հայաստանի վարչական դատարանում. «Դատարանը դեռ երկու հայց է բավարարել՝ մեկը Դանիել Մովսիսյանինը, իսկ մյուսը՝ Վլադիմիր Խաչատուրյանինը: Վլադիմիրի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով նիստը բավարարեց դատավոր Արգիշտի Ղազարյանը: Նրա կարգավիճակի դադարեցման հիմքում ընկած էր 18 տարեկանի հիմքը, այսինքն՝ միգրացիոն ծառայությունը պատճառաբանել էր, որ նրա ծնողների քաղաքացիության ընդունման ժամանակ Վլադիմիրի 18 տարին լրացած չի եղել: Դատավոր Արգիշտին գտել էր ծառայության խախտումները եւ բավարարել հայցը, սակայն ծառայությունն այն բողոքարկեց Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանում: Այդտեղ բավարարեցին միգրացիոն ծառայության բողոքը: Ամեն ինչ հասկանալի է: Եթե վերաքննիչ դատարանը նույնպես Վլադիմիրին ճանաչեր որպես փախստական, ապա մյուս բոլոր փախստականների հայցն էլ պետք է բավարարեին, սակայն վերաքննիչում մերժեցին եւ հետաքրքիրն այն է, որ վճռի պատճառաբանական մասում դատարանն արտատպում է միգրացիոն ծառայության կայացրած որոշումը: Օրենքի բաց չկա, որ մերժում են փախստականների հայցերը, պարզապես միգրացիոն ծառայությունը սխալ է մեկնաբանել օրենքը, իսկ դատարանը շարունակել է նրա գործողությունը: Ուշագրավն այն է, որ ինչպե՞ս կարող է դատարանը նույն հիմքով մեկ փախստականի հայցը մերժել եւ նույն հիմքով մեկ այլ փախստականի հայցը բավարարել: Չէ՞ որ դատավորն անդեմ է եւ նրան դիմելիս մենք ասում ենք՝ հարգելի դատարան, ուստի դատարանը պարտավոր է կայացնել միանման որոշումներ»: Աշխենը ներկայացրեց Հայաստանի Սահմանադրական դատարանի վճիռներից մեկ նախադեպ, որում դատարանը մեկնաբանում էր, թե ովքեր են Հայաստանում համարվում փախստականներ եւ ում փախստական լինելու հարցն է անքննարկելի. «Սահմանադրական դատարանն ունի նախադեպ: Այդտեղ ասվում է, որ Հայաստանում փախստական ճանաչվելու համար պետք է երկու նախապայմանի միաժամանակյա առկայությունը, որից մեկը 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթվելու հանգամանքն է եւ որին հետեւում է հաշվառումը: Այսինքն՝ փախստական է համարվում այն անձը, որը բռնագաղթվել է եւ Հայաստանում այդ տարիներին հաշվառվել է որպես փախստական: Սա այն դեպքն է, որ նույնիսկ փախստականն օրենքի ուժով է դառնում փախստական եւ դրանից հետեւություն, որ ոչ մի այլ հանգամանք չէր կարող լինել պատճառ, որպեսզի դադարեցվեր փախստականի կարգավիճակը: Այդպիսի դեպքերից է Կարեն եւ Կառլեն Հակոբյաններինը, որոնց փախստականի կարգավիճակը դադարեցվել էր պատճառաբանությամբ, որ նրանք ծնվել են Հայաստանում, սակայն այստեղ կա նրբություն: Նրանց ծնունդից հետո՝ նրանց մայրը գնացել է Ադրբեջան եւ դրանից հետո ընտանիքով բռնագաղթվել են ու նշվել է նրանց փախուստի փաստը, ինչպես նաեւ եղել են հաշվառված, սակայն դա նույնպես չի խանգարել ծառայությանը, որ դադարեցնի նրանց փախստականի կարգավիճակը»: Մեզ հետ զրույցի ժամանակ Աշխենն ասաց, որ իրեն երբեւիցե չեն հրավիրել միգրացիոն ծառայություն. «Եթե ծառայությունն իրականացնում է վարչական վարույթ եւ տվյալ անձին՝ փախստականին, նույնիսկ չի բարեհաճում հրավեր անի, որպեսզի այդ փախստականը ներկա լինի եւ կարողանա վարույթի ժամանակ պաշտպանի իր իրավունքը, ապա ինձ ինչպե՞ս կհրավիրեն, որ ես միայն ներկայացուցիչն եմ դատարաններում»:

Աշխենի ուշադրության ներքո գտնվող փախստականների 16 գործից բացի, կան նաեւ այլ փախստականներ, որոնք դիմել են այլ փաստաբանի: Պարզապես փախստականների մի խումբ իրենց վստահությունն են հայտնել Աշխենին: Փաստաբանը զրույցի ժամանակ ներկայացրեց միգրացիոն ծառայության աշխատանքի անփութությունը: Նա ասաց, որ հաճախ հանդիպում է որոշումներ, որով դադարեցրել են փախստականի կարգավիճակը եւ այդ որոշումներում ծնողների անուն-ազգանունները սխալ են գրված լինում, իսկ դա գալիս է նրանից, որ ծառայությունը միանման որոշումներ կայացնելով՝  դրանք ոչ թե կատարում է առանձին, այլ հաճախ դիմում է «Copy, paste» միջոցին: Սա նշանակում է, որ կարգավիճակը դադարեցնող ծառայությունը երբեմն անգիր արած արտատպում է մի փախստականի գործը եւ ենթատեքստ դարձնում մեկ այլ փախստականի համար՝ երբեմն սխալ անուն-ազգանուններ պատճենելով:

Այն, որ Աշխենը ջանասիրությամբ պայքարում է փախստականների փաստացի իրավունքների համար, դա բացահայտ է եւ այդ մասով Աշխենն ասաց. «Փախստականների ու ընդհանրապես, բոլոր մարդկանց իրավունքները պարտավոր է պաշտպանել պետությունը: Հույս ունեմ, որ միգրացիոն ծառայությունը փախստականների մասին որոշումներ կայացնելիս գոնե դրանից առաջ կուսումնասիրի փախստականներին վերաբերող օրենքները եւ դրանք հետագայում կկիրառի ճիշտ մեկնաբանությամբ, քանի որ ծառայությունը ստեղծված է պաշտպանելու փախստականներին եւ հնարավորինս աջակցելու նրանց, այլ ոչ թե օրենքների սխալ մեկնաբանման հետեւանքով նրանց վիճակներն ավելի վատթարացնելու համար: Դա վերաբերում է բոլոր պետական մարմիններին՝ պետք է պաշտպանել առաջին հերթին մարդու իրավունքները»:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

Նկարում փաստաբան Աշխեն Եսայանն է

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031