Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանոթ-բարեկամներով բիզնես չես զարգացնի

Հոկտեմբեր 31,2013 14:40

 Կառավարման համակարգ է պետք

«Ցանկացած սեփականատեր իր բիզնեսի կարեւոր պաշտոններում ուզում է տեսնել իր վստահելի մարդկանց: Սակայն երբ այդ մարդիկ չունեն համապատասխան մասնագիտական հմտություններ եւ գիտելիքներ, դա լուրջ վնասներ կարող է հասցնել բիզնեսին»,- «Առավոտի» հետ զրույցում բիզնես վարելու «վնասակար» հայկական սովորույթների մասին իր դիտարկումներն է անում «Ավենյու Քընսալթինգ գրուպ» ընկերության օպերացիոն կառավարաման խորհրդատվության ծառայությունների ղեկավար, համահիմնադիր Տիգրան Գրիգորյանը: Մասնագետի խոսքերով՝ անցել են այն ժամանակները, երբ բիզնեսի սեփականատերը ծանոթ-բարեկամներին էր վստահում կարեւոր պաշտոնները կամ, այսպես ասած, «ձեռքով» էր կառավարում իր բիզնեսը: Օրինակ՝ կոշիկի փոքրիկ արտադրամասի սեփականատերը, որը նաեւ կոշիկ էր կարում իր արտադրամասում, ամենօրյա պլանավորման եղանակով էր իր բիզնեսը կառավարում՝ խնդիրները լուծում էր ըստ հրատապության: Չնայած տնտեսությունը զարգացել է, եւ բիզնես վարելու մոտեցումները փոխվել են, բիզնեսի կառավարումն այսօր էլ շատ դեպքերում մնացել է այդ նույն մակարդակի վրա: Այսինքն՝ ինչպես Տ. Գրիգորյանն է ասում՝ սեփականատերերը շարունակում են բիզնեսը կառավարել «ձեռքով» հրահանգներ տալով. «Խնդիրները լուծվում են, երբ դրանք ծագում են, իսկ խնդիրները ծագում են յուրաքանչյուր օր, սակայն չեն մտածում անգամ ներդնել կառավարման համակարգ, որը կկանխարգելի անցանկալի խնդիրների առաջացումը»:

Համաձայն նրա դիտարկման՝ նորագույն տեխնոլոգիաների, բիզնեսի կառավարման համար արդյունավետ հնարավորությունների այս դարում շատ հաճախ «ձեռքով են կառավարվում» անգամ հայաստանյան խոշոր բիզնեսները: Մինչդեռ, ըստ Տ. Գրիգորյանի՝ բիզնեսի հաջողության գրավականը արդյունավետ կառավարման համակարգի առկայությունն է: Այսինքն՝ անհրաժեշտ է սահմանել ներքին խաղի կանոններ՝ ինչ անել, ինչպես անել, երբ անել եւ ովքեր են պատասխանատու այդ ամենի համար: Նման համակարգի բացակայության պարագայում, պարոն Գրիգորյանի խոսքերով, շատ է բարդանում հատկապես մեծ բիզնեսի կառավարումը. «Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ բացի հստակ կառավարման համակարգից՝ անհրաժեշտ է սահմանել հստակ բիզնես գործընթացներ: Դրանք այն խաղի կանոններն են՝ ալգորիթմական տեսքով, որոնց արդյունքում մարդիկ ունենում են հստակ պատկերացում, թե տվյալ բիզնեսում յուրաքանչյուր գործառույթ ինչպես է իրականացվում: Բիզնես գործընթացները նկարագրվում են ներքին կանոնակարգերով եւ ուղեցույցներով: Արդյունքում նոր աշխատակցի ծանոթացումը տվյալ պաշտոնի գործառույթներին եւ բիզնես գործընթացներին ավելի սահուն եւ արդյունավետ է անցնում: Հաճախ նորեկին պատմում են, բացատրում են իր պարտականությունները, որի արդյունքում հաճախ տեղեկատվությունը խեղաթյուրվում է, այսինքն՝ տեղի է ունենում փչացած հեռախոսի էֆեկտ»:

Մասնագետը վստահեցնում է, որ կառավարման համակարգի ներդրմամբ բիզնեսի սեփականատերն առաջին հերթին կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը. աշխատակիցներն ավելի քիչ ժամանակ կծախսեն իրենց առօրյա գործառույթներն իրականացնելու վրա, քան մինչ այդ, կբացառվեն կրկնվող գործառույթները եւ այլն. «Շատ հաճախ ծանոթանալով ձեռնարկության առօրյա գործունեությանը՝ հասկանում ես, որ միեւնույն գործառույթն իրականացվում է մի քանի աշխատակցի կողմից, ինչն արդեն իսկ անարդյունավետ է եւ ներքին կոնֆլիկտի առաջացման օջախ կարող է դառնալ: Սա հանգեցնում է բավականին լուրջ խնդիրների: Եվ ի վերջո այդ ամենից տուժում է բիզնեսը»:

Կառավարման համակարգ ներդնելիս կարեւոր է նաեւ հստակեցնել աշխատակիցների խրախուսման մեխանիզմները:

«Կա խրախուսման մի քանի մոտեցում: Շատերի համար խրախուսումը ենթադրում է միայն ֆինանսական կողմը, մինչդեռ խրախուսումը ունի ֆինանսական եւ ոչ ֆինանսական գործիքներ»,- բացատրում է պարոն Գրիգորյանը: Ըստ նրա՝ կախված պաշտոններից, խրախուսման մեթոդները պետք է տարբերվեն. «Դու չես կարող բանվորին խրախուսել նույն մեթոդով, ինչ որ կխրախուսես կազմակերպության որեւէ ստորաբաժանման ղեկավարի: Շատ կարեւոր է, որ ղեկավարը հասկանա՝ իր աշխատակիցներին ինչպես է խրախուսում, երբ է խրախուսում եւ ինչպիսի խրախուսման գործիքներ է կիրառում: Այսպես, գովասանքի խոսքը կարող է մեծ ազդեցություն ունենալ աշխատակցի վրա: Շատ կարեւոր է նաեւ ֆինանսական խրախուսումը, որովհետեւ ցանկացած մարդ ֆինանսական խրախուսումից իրեն բավարարված է զգում: Գոյություն ունի ֆինանսական խրախուսման 2 մոտեցում, մեկը՝ պարգեւատրումն է՝ ըստ ղեկավարի ցանկության, եւ մյուսը բոնուսային համակարգով խրախուսումն է՝ աշխատակցի կատարած աշխատանքի կամ լրացուցիչ ներդրված ջանքերի դիմաց: Դրա համար մշակվում են հստակ հաշվարկային համակարգեր, սահմանվում են անհատական չափորոշիչներ»:

Տ. Գրիգորյանի ներկայացմամբ՝ այս կամ այն բիզնեսի համար կառավարման համակարգ մշակելիս գոնե առնվազն 5 տարվա կտրվածքով պետք է հաշվի առնել ընկերության ռազմավարությունը, զարգացման ուղղությունները, ընդլայնման հնարավորությունները եւ այլն: «Եվ այդ ամենը՝ իրագործման ճանապարհին, պետք է լինի մեկը, այսպես ասած, սեփականատիրոջ անկողմնակալ ներկայացուցիչը, որն արտաքին մոնիտորինգի կենթարկի եւ կվերահսկի գործընթացները: Հենց այստեղ է, որ հայաստանյան բիզնեսները թերագնահատում են, իսկ շատ դեպքերում չեն պատկերացնում պրոֆեսիոնալ խորհրդատուի դերը: Երբ դու աշխատում ես տվյալ կազմակերպությունում եւ ծանրաբեռնված ես առօրյա աշխատանքով, այնպես չես կարող նկատել խնդիրները, ինչպես կնկատի արտաքին անկախ խորհրդատուն: Անկախ լինելը շատ ժամանակ օգնում է քո հաճախորդին խորհուրդ տալ բավականին ցավոտ, բայց միեւնույն ժամանակ շատ օգտակար գործողություններ իրականացնել»:

«Առավոտի» հարցին, թե կառավարման համակարգ ներդնող կազմակերպությունը երաշախավորո՞ւմ է բիզնեսի հաջողությունը, պարոն Գրիգորյանն ասաց. «Պատկերացնենք՝ դուք ներդրել եք կառավարման համակարգ, ստեղծել եք բիզնես գործընթացներ, պատվիրատուի համար հավաքագրել եք համապատասխան թիմ, որը պետք է իրականացնի բիզնեսի առջեւ դրված խնդիրները, սակայն պատվիրատուն շարունակում է նախկին ոճով աշխատել: Արդյունքում ներդրված համակարգը չի գործում:

Հաշվի առնելով այս իրականությունը՝ որոշ դեպքերում խորհուրդ չենք տալիս ներդնել ժամանակակից կառավարման համակարգ, քանի որ հասկացել ենք, որ բիզնեսը դեռ պատրաստ չէ այդ համակարգի յուրացմանը: Մեր նպատակներից մեկը նաեւ բացատրելն է բիզնեսի պլանավորման կարեւորությունը, եւ թե ինչ օգուտներ այն կարող է տալ, ինչու են անհրաժեշտ կառավարման համակարգերը, ինչու պետք է շատ կարեւոր պաշտոններում ունենալ պրոֆեսիոնալ մասնագետներ»:

Բիզնեսի վարման կարեւոր խնդիրներից մեկն էլ, ըստ պարոն Գրիգորյանի, այն է, որ շատ հաճախ բիզնեսի սեփականատերը չունի ռազմավարական տեսլական, գործարար ծրագիր եւ այլն. «Դա նույնն է, որ դու գնում ես, բայց չգիտես՝ որտեղ ես ուզում հայտնվել, եւ սա շատ լուրջ խնդիր է այսօր տեղական բիզնեսի համար: Հաշվի առնենք, որ տնտեսական իրավիճակը կայուն չէ, եւ չկա վստահություն վաղվա օրվա նկատմամբ, իսկ նման ոճով աշխատելն էլ ավելի է մեծացնում բիզնեսի ռիսկերը, որոնց նվազեցման եւ կառավարման լավագույն միջոցը բիզնեսի պլանավորումն ու արդյունավետ կառավարման համակարգի առկայությունն է»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031