Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Մահմեդականացած հայերը 100 տարի է իրենց «քավարանում» են զգում

Նոյեմբեր 06,2013 20:59

Մահմեդականացված հայերն ասում են, որ իրենք մնացել են «քավարանում», որովհետև իրենց չի ընդունում ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ հայոց պատրիարքարանն ու համայնքը: Գրում է «Հյուրիեթ» թերթը:

Ստամբուլի Բողազիչի համալսարանում մահմեդականացված հայերին նվիրված գիտաժողովում համայնքի անդամները, որոնք հիմնականում գաղտնի են պահել իրենց ինքնությունը, պատմել են իրենց կյանքի մասին:

«Մեզ հարցնում են՝ ինչի՞ միջով եք անցել, ես ասում եմ՝ ինչի միջով մենք չե՞նք անցել», – ասել է գիտաժողովի մասնակիցներից մեկը, որը ներկայացել է Սադըկ անունով, – «Ես մնում էի գիշերօթիկ դպրոցում, երեխաներն ինձ ասում էին «անհավատ»: Ես չէի հասկանում դրա նշանակությունը, բայց հասկանում էի, որ նրանք ինձ չեն հավանում»:

23-ամյա Բերֆինը, որը Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրայում ուսումնասիրում է մահմեդականացված հայերի թեման, ասել է, որ իր ինքնությունը նույնպես խնդրահարույց է. «Երբ ես Ֆրանսիայում դիմեցի ուսանողական հանրակացարան ստանալու, նրանք ինձնից մկրտության փաստաթուղթ պահանջեցին, և ինձ չընդունեցին, քանի որ ես չկարողացա տրամադրել այն: Այո, քրիստոնյա հայերը նույնպես մեծ խնդիրներ են ունեցել, բայց նրանք շարունակել են ապրել իրենց ինքնությամբ: Մենք 100 տարի ստիպված էինք ապրել լուռ հուսահատությամբ», – ասել է Բերֆինը:

Մեկ այլ մասնակից, որը ներկայացել է, որպես Հ.Տ., պատմել է, որ տներում իրենք քրիստոնյա են, դուրսը՝ մահմեդական:

«Մենք ասում էինք՝ ողջերը դիմադրում են, և կարողացանք մնալ ոտքերի վրա: Ինչ էլ անեինք, մեզ ասում էին «անհավատներ»: Հիմա քրիստոնյա հայերը մեզ չեն ընդունում, մենք մնացել ենք մեջտեղում», – ասել է Հ.Տ.-ն՝ ավելացնելով, որ իրենք դեռ թաքցնում են իրենց ինքնությունը:

2007թ. հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանն անդրադառնալիս՝ Հ.Տ.-ն ասել է. «Այո, մենք վախենում ենք»:

Դինքի գործով փաստաբան Ջեմ Հալավուրթն ասել է, որ ինքը չի վախենում իր ինքնությունը բացահայտելուց, բայց կարծում է, որ Թուրքիայի հայոց պատրիարքարանը զգուշավորության իրավունք ունի. «Այս երկրում քարոզիչների նկատմամբ դեռ տաբու գոյություն ունի: Պատրիարքարանի նույնիսկ ամենափոքր քայլը կարող է դիտվել որպես քարոզչական գործողություն», – ասել է Հալավուրթը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930